Պատիվ և անպատվություն․ ինչ տեսա ես Եռաբլուրում

Շաբաթ օրը հարյուր հազարավոր մարդիկ բարձրացան Եռաբլուր պանթեոն` հարգանքի տուրք մատուցելու զոհված հերոսների հիշատակին։ Այդ օրվա տեսարանները հավերժ կդաջվեն իմ հիշողության մեջ։ Դժվար էր չտրվել հպարտության, ամոթի, զայրույթի և համերաշխության տագնապալի զգացումներին, որոնք բոլորը միասին համակել էին ինձ։

Մենք հարգանքի տուրք էինք մատուցում․

  • Ամեն մի տապանաքարի մոտ ողբացող մայրերին ու ստոիկ հայրերին՝ այնքան ուժեղ և միևնույն ժամանակ այնքա՜ն խոցելի։
  • 19-ամյա զոհված հերոսին, որի ընտանիքը նրա գերեզմանաքարի մոտ մեկ այլ՝ ավելի հին լուսանկար էր տեղադրել, և թե որքան նման էր նա իմ 14-ամյա որդուն։ Դա ինձ ցնցեց ավելի, քան որևէ այլ բան։
  • Միայնակ զինվորին, որը պատվո պահակ էր կանգնած իր՝ ընդմիշտ կորցրած ընկերոջ համար:
  • Հարգանքի տուրք մատուցող մարդկանց անհավանական շնորհքին ու արժանապատվությանը։
  • Ամբողջական ընտանիքներին և ընկերների ու անծանոթների խմբերին, որոնք շրջապատել էին մեր ամեն մի հերոսի գերեզման։ Դա ինձ հուշում էր, որ որևէ հայ միայնակ չի ապրում, որևէ հայ միայնակ չի մեռնում՝ չնայած մեր բոլոր անվերջանալի սխալներին և, հնարավոր է, մահվան՝ մեր հանդեպ ունեցած տարօրինակ հիացմունքին։ Մենք գիտենք, թե ինչպես է պետք կյանքն ապրել։

Ինչը/ում էինք դատապարտում.

  • Ռազմարդյունաբերությունը և մահվան վաճառականներին, որոնք ընդարձակում են աշխարհի գերեզմանները՝ իրենց կեղտոտ գրպանները լցնելու համար:
  • Այն սփյուռքահայերին, ովքեր հիշեցնում են «Ֆեյսբուքի ֆիդայիների»․ նրանք փողոցների անկյուններում հավաքվում ու պատերազմ են պահանջում, այն դեպքում, երբ իրենց երեխանե՜րը չեն գնում պատերազմ։
  • Սոցիալական ցանցերի և կեղծ լրատվականների մարտիկներին, որոնք ստում են, զրպարտում և պառակտում են առաջացնում, էժան քաղաքական միավորներ են վաստակում, երբ իրականում մեզ անհրաժեշտ է կարեկցանք, ըմբռնում և միասնություն:
  • Կոռումպացված, ծույլ և ապաշնորհ գեներալներին, որոնք արժանի չէին այն տղամարդկանց և կանանց, որոնց առաջնորդում էին պատերազմ:
  • Ինձ և իմ սերնդին, որ վերջին 25 տարիների ընթացքում դավաճանել է այսօրվա երիտասարդությանը՝ չստեղծելով պատշաճ տնտեսություն, համապատասխան ռազմական և կարող պետական կառույցներ։
  • Այն ամենը, ինչ գրում եմ, պարզապես խոսքեր են։ Եկեք նվիրվենք միակ գործին, որը կարող է պատվել մեր ընկած քաջ հոգիներին, այն է՝ գործող, արդար ու ծաղկուն երկրի կառուցմանը։ Մնացածը դատարկ խոսակցություններ են։

Էրիկ Հակոբյանը քաղաքական վերլուծաբան և խորհրդատու է։ Կալիֆոռնիայից 2017-ին տեղափոխվել և ընտանիքով բնակվում է Հայաստանում։

Թարգմանությունը՝ Զառա Պողոսյանի

The Article in English

Մեկնաբանել