Պե՞տք է արդյոք խոսել Ադրբեջանի և Թուրքիայի հետ․ 1918-1921-ի օրինակը

Հայաստանը չի կարող անգամ համեստ տեղ գտնել տարածաշրջանային քաղաքականության մեջ, եթե շարունակենք չունենալ դիվանագիտական հարաբերություններ Ադրբեջանի և Թուրքիայի հետ:

Եթե 1991-ից ի վեր հնարավոր չեղավ հարաբերություններ հաստատել, ապա ինչքանով է իրատեսական այսօր դա անելը՝ 44-օրյա պատերազմից հետո, երբ Թուրքիան և Ադրբեջանն ագրեսիա իրականացրին, գրավեցին ավելի քան 8 000 քառակուսի կիլոմետր տարածք, սպանեցին մինչև 5 000 հազար և հավանաբար վիրավորեցին 10 հազարից ավելի մեր հայրենակիցների, հրթիռակոծեցին և ավերեցին մեր քաղաքներն ու գյուղերը:

Եկեք մի պահ հեռանանք այսօրվանից և հետ գնանք 1918-1921 թվականներ, երբ հայ ժողովուրդը ենթարկվել էր Ցեղասպանության և Մեծ հայրենազրկման, իսկ Առաջին Հանրապետության գոյության շուրջ 1 000 օրերի ընթացքում պատերազմի մեջ էր Ադրբեջանի հետ Արցախում, Նախիջևանում, Ղազախում, Հայաստանի թաթարաբնակ մի շարք շրջաններ անդադար ապստամբում և չէին ընդունում Երևանի իշխանությունը, Ադրբեջանի հայությունը կոտորածների և հետապնդումների էր ենթարկվում:

Թուրքիան, ավելի ճիշտ՝ Օսմանյան կայսրությունը, առաջին պետությունն էր, որ ճանաչեց Հայաստանի Հանրապետությունը և առաջինը Պոլիսն էր, որ Երևանի հետ հաստատեց դիվանագիտական հարաբերություններ, այսօրվա Սախարովի հրապարակի տարածքում բացեց դեսպանություն, այն օրերի բառապաշարով՝ ներկայացուցչություն, և ուղարկեց առաջին ներկայացուցչին՝ Մեհմեթ Ալի փաշային:

Թուրքական դեսպանությունը Երևանում գործեց մինչև 1923 թվականի հոկտեմբեր, երբ Խորհրդային Հայաստանը մաս էր կազմում ԽՍՀՄ-ի, իսկ Ալեքսանդրապոլում թուրքական հյուպատոսությունը փակվեց միայն 1925-ին:

Նույն կերպ, Հայաստանը դեսպանություն ուներ Պոլսում և ներկայացուցչություն՝ Կարսում այն բանից հետո, երբ քեմալականները 1920-ի հոկտեմբերին զավթեցին ՀՀ մաս կազմող այս քաղաքն ու մարզը:

Հայաստանը և Ադրբեջանը ունեին դիվանագիտական հարաբերություններ, Երևանում բացվել էր Ադրբեջանի դեսպանությունը, Բաքվում՝ Հայաստանի դեսպանությունը: Ավելին, Ադրբեջանի խորհրդարանում գործում էր երկու հայկական խմբակցություն՝ ՀՅԴ-ն և անկախները: 1919-ին վարչապետ Ուսուպբեկովի կառավարության կազմում երկու հայ նախարար կար՝ երկուսն էլ ՀՅԴ-ից: Ինչո՞ւ ենք շեշտում կուսակցական պատկանելությունը․ քանի որ ՀՀ-ի գոյության 1000 օրերի ընթացքում իշխանական ուժը ՀՅԴ-ն էր, թեև եղել են նաև կոալիցիոն կառավարություններ, բոլոր չորս վարչապետները երևելի ՀՅԴ-ականներ էին:

Ներկայացնենք ևս մի քանի իրողություններ, որպեսզի պատկերն ամբողջական լինի:

1918-ի աշնանը Պոլսում գտնվող Հայաստանի արտգործնախարար Ալեքսանդր Խատիսյանն ու Ավետիս Ահարոնյանը հատուկ հանդիպում ունեցան հայ ժողովրդի ջարդարարներ Էնվեր և Ջեմալ փաշաների հետ և փորձ արեցին նրանց միջնորդությամբ հասնել նրան, որ Ադրբեջանը չհարձակվի Արցախի վրա:

Մեկ այլ դրվագում մենք տեսնում ենք, թե ինչպես են նույն հայ պաշտոնյաները նույն ջարդարարների միջնորդությամբ փորձում հաց ստանալ Ադրբեջանից:

1921-ի փետրվարին, երբ Հայհեղկոմի դեմ ապստամբեց Հայրենիքի փրկության կոմիտեն (բազմակուսակցական մի մարմին, որի կազմում կարևոր դեր ուներ ՀՅԴ-ն, իսկ կոմիտեի նախագահը չորրորդ վարչապետ Սիմոն Վրացյանն էր), հայերը բանագնաց ուղարկեցին Իգդիր և թուրքերից ռազմական օգնություն խնդրեցին՝ ընդդեմ հայ բոլշևիկների:

Այս օրինակները և բազմաթիվ այլ օրինակներ ցույց են տալիս, որ դիվանագիտությանը և երկկողմ հարաբերություններին չպետք է վերաբերվել միայն էմոցիաներով:

Հիմա կասե՛ք՝ 1918-1921 թվականներին իրավիճակն այլ էր: Այո՛, այլ էր, բայց միշտ է այլ լինում: Խնդիրը շատ պարզ, բայց նաև չափազանց բարդ է՝ Հայաստանը կարողանալո՞ւ է գոնե տանելի հարաբերություններ ունենալ անմիջական հարևանների հետ, թե՞ շարունակելու ենք նրանց հետ խոսել մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի միջնորդությամբ: Մենք անկախ, ինքնիշխան պետությո՞ւն ենք, թե՞ ոչ: Ուզո՞ւմ ենք լինել անկախ և ինքնիշխան, թե շարունակելու ենք այսպես քարշ գալ՝ վիրավոր, անտեսված, աշխարհի կողմից մոռացված:

Ո՞րն է նախընտրելի՝ մեզ համար կենսական հարցերը կարգավորելու համար խոսել Ռուսաստանի՞ միջնորդությամբ, թե սեղմել ատամները, ամուր կանգնել հողի վրա և գիտակցել, որ Հայաստանը պետություն է և պարտավոր է խոսել իր բոլո՛ր հարևանների հետ, անգամ մեր դեմ պատերազմող, մեզ սպանող պետությունների հետ:

Իսկ գի՞նը: Այս հարցը միշտ ենք կարևորել: Գինը Հայաստանի այսօրվա վիճակն է՝ փակ սահմաններ, տարածաշրջանում տնտեսական և քաղաքական մեկուսացում, ռազմավարական դաշնակից Ռուսաստանից մեծացող կախում, ինքնիշխանության և անկախության կտրուկ նվազում, անորոշ ապագա:

Պատմությունը եթե-ներ չի սիրում, բայց մենք պետք է հարց տանք՝ ի՞նչ կլիներ, եթե 1997-ին արժանապատիվ խաղաղություն հաստատեինք Ադրբեջանի հետ՝ ընտրելով փոխզիջումների ցավալի, բայց մեր ուժերին համապատասխան ճանապարհը:

Այդ ժամանակ նավթամուղերն ու գազամուղները, տարածաշրջանային այլ խոշոր ծրագրեր կարող էին անցնել Հայաստանով:

Հայաստանի արտգործնախարարներից մեկը պատվիրել էր վերլուծություն, թե տարանցիկ ինչ գումար կստանար Հայաստանը, եթե տարածաշրջանի բոլոր խողովակաշարերը անցնեին մեր երկրի տարածքով: Հաշվարկը ցույց էր տվել՝ 70 միլիոն դոլար տարեկան: Ասուլիսի ընթացքում նա ներկայացրեց այս թիվը և ասաց՝ ընդամենը 70 միլիոն դոլար: Այդ հաշվարկը արվել էր և ներկայացվում էր, որպեսզի արդարացվի Արցախում ստատուս-քվոն պահպանելու քաղաքականությունը:

Բայց արդյոք միայն գումարի չա՞փն է կարևոր: Երբ քո երկրի տարածքով անցնում են խողովակաշարեր և միջազգային այլ խոշոր նախագծեր, արդյոք հենց դա՞ չէ քեզ դարձնում կարևոր պետություն և կարևոր խաղացող:

Մտածել էր պետք: Հիմա էլ պետք է մտածել: Առանց էմոցիաների՝ ամուր կանգնելով հողի վրա և սթափ դատելով:

Մեկնաբանել