Երևանի 2021-ի բյուջեում պարգևավճարների ֆոնդը կրճատվում է 50 տոկոսով

Երևանի քաղաքապետարանում աշխատավարձերի ավելացման հարցով նախագիծ է մշակվելու։ Այդ մասին Երևանի ավագանու դեկտեմբերի 23-ի նիստին հայտնեց փոխքաղաքապետ Սերգեյ Ներսիսյանը՝ պատասխանելով ավագանու անդամ, «Իմ քայլը» խմբակցությունից Տիգրան Գալստյանի առաջարկին։

Գալստյանը նշել է, որ կտրականապես դեմ է պարգևավճարները որպես աշխատավարձ տալու ձևաչափին, քանի որ «քաղաքապետարանին շարունակաբար մամուլում մեղադրում են, և մենք շարունակաբար բացատրում ենք, որ դա իրականում աշխատավարձ է»։ Նա առաջարկեց քաղաքական կամք դրսևորել ու բարձրացնել աշխատավարձերը 30, 50 և 100 տոկոսով՝ ըստ աշխատակիցների պատասխանատվության։

Ներսիսյանը առաջարկին պատասխանեց․ «Մարդիկ ունեն ֆիքսած աշխատավարձեր։ Այս պահի դրությամբ ուղղակի մեր կամքով չենք կարող պարգևավճարների ֆոնդը հանել և դնել աշխատավարձի ֆոնդի մեջ, պետք է աշխատավարձերի հետ կապված նախագիծ մշակվի, ավագանու անդամների ներկայությամբ քննարկման դնենք և ընդունենք։ Այսօր բոլոր աշխատակիցների համար առաջնային խնդիրներից մեկն է։

Ամբողջ պետական համակարգում ամենացածր պայմանագրային աշխատավարձերը քաղաքապետարանինն են, բայց բոլորից շատ աշխատողներից մեկն է»։

Ավագանու նիստին նաև հայտարարվեց, որ 2021-ին Երևանի բյուջեում պարգևավճարների ֆոնդը նախատեսվել է 1,23 մլրդ դրամի չափով, ինչը նախորդ տարվանից 50 տոկոսով պակաս է:

Ներսիսյանը ներկայացրեց քաղաքի հաջորդ տարվա բյուջեի նախագիծը, համաձայն որի՝ եկամուտների գծով ավելի քան 92,4 մլրդ դրամ է նախատեսված, ծախսերի գծով՝ մոտ 100,8 մլրդ դրամ, դեֆիցիտը՝ մոտ 8,4 մլրդ դրամ: Սեփական եկամուտները կկազմեն մոտ 30,7 մլրդ դրամ:

Նիստին քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարեց, որ Երևանի քաղաքապետարանը վեց ամիս է՝ պարգևավճար չի բաժանում․ այդ գումարը կուղղվի պատերազմի հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած անձանց շենքերում հատուկ վերելակների տեղադրման ծրագրին։

***

2020-ի ապրիլին քաղաքապետարանը 30 միլիոն դրամի հասնող պարգևավճարներ է բաժանել. քաղաքապետի հրամանով՝ այս տարվա առաջին եռամսյակում աշխատանքային և ծառայողական պարտականությունները բարեխիղճ ու պատշաճ կատարելու համար պարգևավճարներ են ստացել Երևանի քաղաքապետարանի ղեկավարները, աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի աշխատակիցներն ու վարչական շրջանների ղեկավարները։ Ընդհանուր առմամբ, պարգևատրվել է 102 աշխատակից։

2020-ի բյուջեն կազմել էր 107,1 մլրդ դրամ։ 2021 թվականի բյուջեի եկամուտները 2019-ի բյուջեի եկամուտների ցուցանիշը գերազանցել է 23 տոկոսով:

Մեկնաբանել