Տրամաբանական է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը դեռ չլուծված թողնելը․ Ճգնաժամային խումբ 

Միջազգային ճգնաժամային խումբը զեկույց է հրապարակել «Ղարաբաղյան պատերազմից հետո խաղաղության հեռանկարների բարելավում» (Improving Prospects for Peace after the Nagorno-Karabakh War) խորագրով։ Զեկույցից որոշ հատվածներ թարգմանաբար ներկայացված են ստորև։ Բաժանումները և ենթավերնագրերը ՍիվիլՆեթինն են։

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման Էվոլյուցիոն մոտեցումը կարող է ավելի իմաստուն լինել, քան հարկադիր կարգավորումը։ Մասնավորապես, տրամաբանական կարող է լինել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը ֆորմալ չլուծված թողնելը առնվազն այնքան ժամանակ, քանի դեռ տեղահանված անձինք (ինչպես հայերը, որոնք փախել են ռազմական վերջին գործողությունների ժամանակ, այնպես էլ 1994-ին տեղահանված ադրբեջանցիները) չեն վերադարձել, և համայնքների միջև նոր տնտեսական հարաբերություններ չեն հաստատվել։ Մոսկվան առաջատար դեր է խաղալու, մինչ Ռուսաստանի մանդատի մանրամասները կհստականան և կձևավորվեն ժամանակի ընթացքում:

Թուրքիան, որը պատերազմի ժամանակ աջակցում էր Ադրբեջանին, կարծես թե պատրաստ է օժանդակել հրադադարի մոնիթորինգին։ Բայց նոր կարգի կարևորագույն բաղադրիչն է լինելու առևտրատնտեսական կապերի բացումը, որը կվերանայի Հայաստանի 30-ամյա մեկուսացումը։ Դրա համար Մոսկվան չի կարող աշխատել միայնակ կամ անգամ միայն Անկարայի հետ։ Տարածաշրջանում ավելի մեծ փոխկապվածություն ստեղծելու համար անհրաժեշտ կլինի տնտեսական, տրանսպորտային և հաղորդակցության նոր ենթակառուցվածքների ստեղծում, որը կպահանջի ավելի լայն միջազգային ներդրումներ և ուշադրություն: Այդուհանդերձ, մարդասիրական միջոցառումները վճռորոշ նշանակություն կունենան ոչ միայն պատերազմից ամենաշատ տուժածների կարիքները բավարարելու, այլև համատեղ բնակության հեռանկարների և տարածաշրջանի համար ավելի լավ ապագա կերտելու համար:

Ղարաբաղում սահմանազատման մասին

Քանի դեռ սահմանազատման գործընթացը չի ավարտվել, պարզ չէ, թե կոնկրետ որտեղ են անցնելու նոր բաժանարար գծերը, և արդյոք նրանք բաժանելու են գյուղերը կամ նույնիսկ տները: Դե ֆակտո ուժերը դեռ տեղում են, իսկ շփման նոր գիծը շատ ավելի մոտ է քաղաքացիական բնակավայրերին, քան հինը, ինչը վտանգ է ստեղծում: Դեկտեմբերի սկզբին Հադրութի շրջանից հայկական կողմին մնացած տարածքների վերահսկողության շուրջ տեղի ունեցած միջադեպերը՝ նախկին ԼՂԻՄ սահմաններում՝ սահմանազատման նոր գծի երկայնքով, արդեն իսկ հանգեցրել են հրադադարի ռեժիմի խախտման փոխադարձ մեղադրանքների այն վայրում, որտեղ ռուսական զորքերը դեռ չէին տեղակայվել։

Ռուսական և հայկական աղբյուրները հայտնում էին, որ այդ շրջան ռուս խաղաղապահների ժամանմամբ բախումները դեկտեմբերի 12-ին դադարել են, թեև Ադրբեջանը, ըստ երևույթին, վերահսկողություն է ստացել այն տարածքի նկատմամբ, որը հայերի ձեռքում էր հրադադարի ստորագրման ժամանակ: Ադրբեջանական աղբյուրները հաղորդեցին, որ ռուսական զորքերը «տարհանել են» հայկական անձնակազմին, և որ Ռուսաստանի ՊՆ-ի կողմից հրապարակվող քարտեզները, որոնք թարմացվում են խնդրո առարկա հողերը ռուսական խաղաղապահ գոտում ընդգրկելու համար, կփոխվեն, որպեսզի ցույց տան, որ այդ տարածքը գտնվում է Ադրբեջանի վերահսկողության տակ: Իսկապես, քարտեզները շուտով համապատասխանաբար փոփոխվեցին:

Կարգավիճակի մասին

Ռուսաստանի միջնորդությամբ հրադադարը վերջ դրեց մարտական գործողություններին, ինչը չափազանց կարևոր էր, որպեսզի Հայաստանն ու Ադրբեջանը գոնե խաղաղության ինչ-որ շանս ունենան։ Բայցևայնպես, ամրապնդելով Ադրբեջանի նվաճումները՝ այն տարածաշրջանի ապագայի համար շատ բան անորոշ է թողել։

Ամենամեծ հարցը մնում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը և ապագա կառավարումը։ Դա ավելի շուտ վերաբերում Լեռնային Ղարաբաղի այն մասին, որը գտնվում է Ադրբեջանի վերահսկողությունից դուրս, որտեղ տեղակայված են ռուսական զորքերը և ուր վերադառնում են էթնիկ հայերը: Ադրբեջանի առաջնորդները՝ սկսած նախագահ Իլհամ Ալիևից, ասում են, որ դա ինքնիշխան ադրբեջանական տարածք է, և այնտեղ ապրող բոլոր հայերը Ադրբեջանի քաղաքացիներ են։ Բաքուն մերժում է տարածաշրջանի կարգավիճակի ցանկացած քննարկում։

Ադրբեջանցիների համար այդ բառը խոսում է տասնամյակներ շարունակ Ղարաբաղի հայկական դե ֆակտո իշխանությունների ինքնակառավարման կամ նույնիսկ ավելի լայն ինքնավարության հնարավոր ձևերի մասին։ Այժմ պատերազմում ջախջախելով հայկական զորքերին՝ Բաքուն, առնվազն իր ներկայիս հռետորաբանությամբ, կարծես թե սեղանի վրայից հանել է ինքնավարության հարցը և կարծես չի էլ ցանկանում առաջարկել որևէ բան, բացի մշակութային հարցերում, ինչպիսիք են լեզուն և կրթությունը, տեղական վերահսկողության աստիճանից: Հայերն իրենց հերթին շարունակում են պնդել, որ կարգավիճակը պետք է արտացոլի Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման ձգտումը։ Ռուսաստանի և Ֆրանսիայի արտգործնախարարները կոչ են արել հետագա բանակցություններ սկսել կարգավիճակի շուրջ։

Ղարաբաղում Ռուսաստանի մանդատի մասին

Հրադադարի մասին հայտարարությամբ տարածաշրջան է եկել 1960 ռուս զինծառայող, ինչպես նաև Ռուսաստանի կառավարության այլ աշխատակիցներ, որոնք տարբեր տեսակի օգնություն են ցուցաբերում և աշխատում են վերականգնման ուղղությամբ: Բայց կարգավորումները, որոնց հիման վրա գործում է ռուսական առաքելությունը, ինչպես նաև նրա նպատակները, պարզ չեն։

Արդյոք խաղաղապահներն այստեղ են միայն, որ զսպեն և արձագանքեն պատերազմ հրահրող միջադեպերի՞ն և պարեկեն Լաչինի միջա՞նցքը: Եթե ռուս խաղաղապահները տեղակայվեն միայն հայկական կողմում, ապա ինչ հանգամանքներում են նրանք գործելու ադրբեջանական ուժերին զսպելու և ինչպես։

Արդյոք նրանք Լեռնային Ղարաբաղում կօգնե՞ն դե ֆակտո պաշտոնյայներին կառավարման կամ ոստիկանական վերահսկողության նրանց գործառույթներում, թե՞ հակառակը՝ կզինաթափեն նրանց։ Զորքերի թվաքանակը փոքր է՝ հաշվի առնելով նյութատեխնիկական ապահովման և աջակցության, ինչպես նաև պարեկության պահանջները: Այն փաստը, որ Մոսկվան, թվում է, մեծ թվով քաղաքացիական անձանց է տեղակայել ի լրումն խաղաղապահների, և այն դերը, որ նրանք արդեն ունեն հայերի վերադարձին օժանդակելու գործում, վկայում են, որ Ռուսաստանն իր մանդատին շատ լայն է նայում։

Տարածաշրջանում առևտրի և տնտեսության մասին

Հրադադարի մասին հայտարարությունը կոչ է անում ակտիվացնել առևտուրը։ Այն, մասնավորապես, նախատեսում է Ադրբեջանը Նախիջևանի հետ կապող նոր միջանցք, որը կնպաստի Բաքվի և Անկարայի միջև կապերի հետագա ամրացմանը։ Սակայն այդ հայտարարության նույն կետում կոչ է արվում «տարածաշրջանում» «ամբողջությամբ ապաշրջափակված» տարանցում և առևտուր։ Այս ձևակերպումը ենթադրում է, որ Հայաստանը ևս առևտրային կապեր կհաստատի ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Թուրքիայի հետ։

Դեկտեմբերի 1-ի իր ելույթում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց, որ մշակել է առևտրի վերսկսման պլան, որը կիսել է իր ռուս և թուրք գործընկերների հետ, և որին նրանք դրական են արձագանքել։ Պլանը, ըստ լուրերի, նպատակ ունի ստեղծել «վեցակողմ հարթակ»՝ Ռուսաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի, Վրաստանի, Իրանի և Հայաստանի միջև, եթե վերջինս բավարարի որոշակի (դեռ՝ ոչ հստակ) պայմանների: Դրա հիման վրա Ադրբեջանը ձեռնամուխ կլինի զարգացման և վերակառուցման լայնածավալ աշխատանքների։ Դժվար է գնահատել Ալիևի ծրագրի իրագործելիությունը՝ առանց ավելի մանրամասն տեղեկությունների։

Ինչևէ, կապերի և ենթակառուցվածքների վերականգնումը ժամանակ կպահանջի, իսկ Լեռնային Ղարաբաղի հեռանկարները մոտ ապագայում մշուշոտ են թվում։ Ռուսները կարող են վերականգնել գազի մատակարարումը Ստեփանակերտում և այլ շրջաններում, որտեղ ապրում և վերադառնում են էթնիկ հայերը։

Բայց Ստեփանակերտը պետք է նաև նոր ծրագիր մշակի իր ջրամատակարարման համար, ինչը նախկինում արվում էր Շուշիի մերձակա ջրամբարից, որն այժմ գտնվում է Ադրբեջանի ձեռքում։ Ադրբեջանը կարող է ջուր մատակարարել, սակայն Մոսկվան, հավանաբար, ստիպված կլինի խառնվել, որպեսզի դա տեղի ունենա։ Մինչև պատերազմը Լեռնային Ղարաբաղի բյուջեի գրեթե 40 տոկոսը գոյանում էր մետաղների արդյունահանումից, որ Հայաստան էր տեղափոխվում վաճառքի համար։ Ադրբեջանը տարիներ շարունակ հայտարարում էր, որ այդ տարածաշրջանում հանքարդյունաբերությունը և բնական պաշարների շահագործումը անօրինական է և կոչ էր անում վերջ դնել այդ գործունեությանը։ Հանքավայրերը մնում են Ադրբեջանի կողմից չվերահսկվող շրջաններում, և Բաքուն կարող է փորձել կանխել մետաղների ցանկացած տեղափոխում այդ տարածաշրջանից Հայաստան: Այս պահին գործարանը, որտեղ վերամշակվում է հանքաքարը, մնում է փակ։

Էլ ավելի քիչ հեռանկարներ կան գյուղատնտեսության համար, որը տնտեսության՝ մեծությամբ երկրորդ ճյուղն էր Լեռնային Ղարաբաղում։ Այն մինչև պատերազմը բարգավաճում էր հիմնականում հայկական վերահսկողության տակ գտնվող հարակից տարածքներում մշակվող դաշտերի շնորհիվ, որոնք այժմ անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ։ Լեռնային Ղարաբաղն ինքնին հիմնականում լեռնային տեղանք է, որտեղ ջերմոցները կենսունակ են, բայց ոչ ավելի։

Առանց եկամտի հուսալի աղբյուրի Լեռնային Ղարաբաղը բավարար ռեսուրս չի ունենա, առավել ևս, որ դե ֆակտո իշխանությունները, ամենայն հավանականությամբ, ստիպված են լինելու օգնություն ցուցաբերել պատերազմից հաշմանդամ դարձած զինծառայողներին և զոհվածների ընտանիքներին: Վերջին տարիներին Հայաստանը ապահովել է Արցախի բյուջեի կեսից ավելին։ Այն կարող է իրեն պարտավորված զգալ ավելացնել իր ուղղակի աջակցությունը Լեռնային Ղարաբաղի այն հատվածներին, որոնք այժմ Ադրբեջանի վերահսկողության տակ չեն, չնայած դժվար է պատկերացնել, թե որքան բան կարող է անել Հայաստանը, որն ինքը փողի մեծ կարիք ունի։

Ռուսաստանը, կարծես, չի ծրագրում ստանձնել այդ բեռի մեծ մասը, բացառությամբ որոշակի աջակցության տարածաշրջանում աշխատող միջազգային կազմակերպություններին, ինչպիսին Կարմիր խաչի միջազգային կոմիտեն է:

Դեպի էվոլյուցիոն խաղաղություն

Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը կենտրոնական հարց է, բայց այս պահին այն կարող է ճիշտ հարցը չլինել։ Թեև Մոսկվան և Փարիզը Բաքվին ու Երևանին կոչ են արել վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ՝ կարգավիճակի քննարկման համար, դժվար է պատկերացնել, թե որքան արդյունավետ կլինեին նման բանակցությունները, եթե դրանք կայանային այսօր:

Բաքուն, որը պատերազմից առաջ խոսում էր Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Լեռնային Ղարաբաղին տարատեսակ ինքնավարություն տրամադրելու մասին, այժմ, կարծես, մերժում է ամեն ինչ, բացի դպրոցների նկատմամբ հնարավոր որոշակի տեղական վերահսկողությունից և հայերենն օգտագործելու իրավունքից:

Հայերի համար ընդունելի է ոչ այլ ինչ, քան ինքնորոշումը, այսինքն՝ Բաքվից անկախությունը։ Մինչդեռ Հայաստանի կառավարությունը, որը գտնվում է հսկայական ճնշման տակ ինչպես ռազմական պարտությունից հետո, այնպես էլ պատերազմական գործողությունների դադարեցման ծայրահեղ ժողովրդականություն չվայելող համաձայնագրից հետո, ամբողջությամբ փլուզման ռիսկի առաջ կկանգնի, եթե գնա հետագա զիջումների, որոնք նրա հետնորդները կարող են ընդունել կամ չընդունել։ Այս ամենը բարդանում է փախստականների շարունակվող վերադարձով։

Ռուսաստանի հարաճուն դերի և Մինսկի խմբի մասին

Պարզ չէ նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի ապագան։ Երեք համանախագահների՝ Ֆրանսիայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի հետ խումբն ունի ութ մշտական անդամ ՝ Թուրքիա, Բելառուս, Գերմանիա, Իտալիա, Շվեդիա և Ֆինլանդիա, ինչպես նաև Հայաստան և Ադրբեջան։ Ռուսաստանը, որն անշուշտ համանախագահներից առավել ակտիվն է, հայտարարել է, որ ցանկանում է ներգրավել Մինսկի խմբին, սակայն չի հստակեցրել, թե ինչպես։ Դեկտեմբերի 3-ին համանախագահները հանդես եկան հայտարարությամբ՝ ողջունելով ռազմական գործողությունների դադարեցումը և կոչ անելով բանակցություններ սկսել իրենց հովանու ներքո:

Դեկտեմբերի 12-ին ֆրանսիացի և ամերիկացի համանախագահների այցը Բաքու (Ռուսաստանը ներկայացված էր դեսպանի միջոցով) ավարտվեց նրանով, որ Ալիևը հրապարակավ նսեմացրեց խմբին։ Ադրբեջանի ղեկավարությունը հատկապես դժգոհ է Փարիզից, որը, նրանց կարծիքով, բարյացակամ է Հայաստանի հանդեպ և ավելի թշնամաբար է տրամադրված Ադրբեջանի դաշնակից Թուրքիայի նկատմամբ։

Անկարան, ինչպես նշվում է, ծրագրում է մասնակցել հրադադարի ռեժիմի մոնիթորինգին և օգնել Ադրբեջանին ականազերծման և վերականգնման գործում: Մինսկի խմբի մյուս անդամներն այս պահին դրան չեն մասնակցում։

ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցային գործընթացը միանգամայն կարող է կրկին կարևորվել, երբ կրքերը և (հայկական քաղաքականությունը) հանդարտվեն։ Բայց այն, ամենայն հավանականությամբ, անվերադարձ փոխված կլինի, և Ռուսաստանի դերն ավելի մեծ կլինի, քան երբևէ։

Ղարաբաղի վերականգնմանը ավելի լայն միջազգային ներգրավվածության մասին

Չնայած Ռուսաստանը, անկասկած, առաջատար դեր է խաղալու դիվանագիտական և վերականգնման ջանքերում, իսկ Թուրքիան շարունակելու է աջակցել Ադրբեջանին, առավել լայն միջազգային մասնակցությունը կարող է շահավետ լինել բոլոր շահագրգիռ կողմերի համար: Կարևոր է նշել, որ ավելի ակտիվ մասնակցությունը նշանակում է ավելի շատ հնարավոր դոնորներ. ֆինանսական աջակցությունն այն ոլորտն է, որտեղ Ռուսաստանը ուժեղ չէ։

Պատերազմից հետո վերականգնումից և երկար ժամանակ պատերազմական գործողությունների գոտի համարված տարածքներում նոր ճանապարհների ու հաղորդակցության ուղիների կառուցումից բացի, վերականգնման կարիք ունեն նաև վարելահողերը, արոտավայրերը և տարածաշրջանի ջրային ռեսուրսները:

Դոնորները կցանկանան հավաստիանալ, որ օգնությունը հասնի ինչպես ադրբեջանցիներին, այնպես էլ հայերին և, որ կարևոր է, համապատասխանի կարիքներին և նպաստի կապերին ու առևտրին:

Ռուսաստանը հավանաբար կպահպանի իր առաջատար դիրքը անվտանգության ապահովման հարցում, և ոչ մի այլ երկիր, կարծես, չի վիճարկի դա կամ շահագրգռված չի լինի ուժերի տեղակայմամբ, բայց մյուսները կարող են օգնել վերակառուցումը ֆինանսավորելուն:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն արդեն կոչ է արել միջազգային հումանիտար խմբերին օգնություն ցուցաբերել։

Միջազգային կազմակերպությունների ներգրավման մասին

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն, որն աշխատում է տեղում, կարող էր շարունակել Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանին ջրային հարցերի շուրջ երկխոսությանն աջակցելու իր նախկին ջանքերը, որպեսզի վերադառնա այդ նույն խնդիրներին այժմ ՝ բաժանարար նոր գծերի դեպքում։ Այն, հենվելով անցյալում իր ունեցած փորձի վրա, կարող է նաև օգնել փնտրելու և գտնելու պատերազմում անհայտ կորածներին՝ և՛ պատերազմական գործողությունների մասնակիցներին, և՛ քաղաքացիական անձանց։ Նախկինում Հայաստանն ու Ադրբեջանը ողջունել են Կարմիր խաչի մասնակցությունը։

ԵԱՀԿ-ն որպես կառույց (Մինսկի խմբի ձևաչափից անդին) նույնպես կարող է իր դերը ունենալ։ Ռուսաստանը կոչ է արել կազմակերպությանը աջակցել հրադադարին։ Կազմակերպությունը կարող է ոչ միայն աջակցել Ռուսաստանի ջանքերին, այլև իր սեփական առաքելություններն ու դիվանագետներին ուղարկել Ռուսաստանի, Հայաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի և շահագրգիռ մյուս բոլոր կողմերի հետ աշխատելու համար, որպեսզի ապահովի մարդասիրական օգնության առաքումը և անսա մարդու իրավունքների կամ այլ խնդիրների լուծմանը: Կազմակերպությունը կարող է համապատասխան նախազգուշական միջոցներով այդ խնդիրներին հարմարեցնել իր տարածաշրջանային դաշտային գործունեությունը, որը դադարեցվել էր մարտին COVID-19-ի պատճառով։

ԵԱՀԿ-ի ներկայության առավելություններից կլինեն նրա զեկույցները, որոնք եթե հրապարակվեն, կարող են ինչ-որ չափով նպաստել ներկայում շրջանառվող կողմնակալ տեղեկատվության և ապատեղեկատվության դեմ պայքարին։ Ըստ էության, ԵԱՀԿ-ի դերը հնարավոր է նաև Ադրբեջանի խաղաղապահ մոնիթորինգի կենտրոնում, հատկապես հաշվի առնելով, որ Ռուսաստանն ու Թուրքիան՝ երկու երկրները, որոնք մասնակցում են այդ կենտրոնի ստեղծմանը, ԵԱՀԿ անդամ են: Այժմ Բաքուն հրաժարվում է կենտրոնի գործունեությանը ներգրավել այլ պետությունների, չնայած, հնարավոր է, որ Անկարան և Մոսկվան հաղթահարեն այդ դիմադրությունը։ Թուրքիան, համենայնդեպս, սկզբունքորեն դեմ չէ։

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կամ Գլխավոր քարտուղարը կարող են քննարկել նաև դեսպանորդ կամ նույնիսկ պաշտոնական առաքելություն նշանակելու հարցը, որին հանձնարարված կլինի պարբերաբար զեկուցել իրադարձությունների մասին և ծառայություն մատուցել ՄԱԿ-ին, այսինքն՝ դիվանագիտական աջակցություն ցուցաբերել բանակցություններին նպաստելու համար: Այդ քայլը կարող է նպաստել նաև Ռուսաստանի խաղաղապահ առաքելության միջազգայնացմանը և լեգիտիմացմանը։

Հարավային Կովկասում նոր աշխարհակարգի մասին

2020-ի սեպտեմբերի 27-ին սկսված վեցշաբաթյա պատերազմը վերջ դրեց Հարավային Կովկասում հաստատված հին կարգին։ Սակայն թե ինչ կլինի հետագայում, և արդյոք հնարավոր կլինի հասնել կայուն կարգավորման, պարզ չէ։ 1994-ի զինադադարը խաղաղություն չբերեց, Ադրբեջանին թողնելով խորապես դժգոհ՝ տարածքի փաստացի կորստով, և բոլոր կողմերի անվստահությամբ։ Քիչ հավանական է, որ հավասարակշռության փոփոխությունը, երբ պարտության արդյունքում Հայաստանն իրեն դավաճանված ու խոցված է զգում, հանգեցնի ավելի լավ արդյունքի։

Հարավային Կովկասում հաստատվող նոր կարգը, եթե չշրջանցի Հայաստանը, կարող է փոխել բոլորի մոտիվացիան, բայց այն չի կարող ստեղծվել արագ։ Այն նաև չի կարող ստեղծվել առանց Լեռնային Ղարաբաղի հարցում առաջ շարժվելու համաձայնեցված ճանապարհի, ինչը նշանակում է այդ տարածքի կարգավիճակի հարցի լուծում։ Բայց այս դժվարին հարցը լուծելու փորձերը կարող են հակառակ արդյունքն ունենալ։ Ամենայն հավանականությամբ, հակամարտության արտաքին սուբյեկտները և կողմերը ավելի լավ կօգտագործեն աստիճանական մոտեցումը՝ ուղղված հումանիտար կարիքների բավարարմանը և կապերի կառուցմանը, որոնք ժամանակի ընթացքում կարող են միավորել տարածաշրջանը։ Այդ կապերի զարգացմանը զուգահեռ Լեռնային Ղարաբաղի ապագան նույնպես կարող է ավելի հստակ դառնալ։

Պատրաստել է Զառա Պողոսյանը

Մեկնաբանել