1 000 դրամի փոխարեն 1 500-ից մինչև 15 000 դրամ. զինծառայողների հիմնադրամին փոխանցվող վճարները փոխվում են

Կառավարությունն առաջարկում է փոխել «1 000 դրամների» հիմնադրամի դրոշմանիշային վճարների հատուցման չափը․ համապատասխան առաջարկն ընկած է «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագծի հիմքում։

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասանը հայտարարել է, որ ներկայացված օրինագծով առաջարկվում է «կիսապրոգրեսիվ մոտեցում»:

«Այդ փոփոխությունը կարող ենք կիսապրոգրեսիվ անվանել: Կախված անձի եկամուտներից՝ փոխվում է դրոշմանիշային վճարների չափը՝ 1 500-ից մինչև 15 000 դրամ», – ասաց նա:

Ըստ ներկայացված նախագծի՝ մինչև 100 հազար դրամ հարկման բազայի դեպքում դրոշմանիշային վճարը կլինի 1 500 դրամ, 101 հազարից մինչև 200 հազար հարկման բազայի դեպքում՝ 3 000 դրամ, 201 հազարից մինչև 500 հազար դրամ հարկման բազայի դեպքում՝ 5 500 դրամ, 501 հազարից մինչև մինչև 1 միլիոն հարկման բազայի դեպքում՝ 8 500 դրամ, 1 միլիոն 1 000 դրամ և ավելի հաշվարկման բազայի դեպքում 15 հազար դրամ:

Գործող օրենքով յուրաքանչյուր աշխատող քաղաքացուց ամեն ամիս գանձվում է 1 000-ական դրամ:

Փոփոխությունները, ինչպես նշեց նախարարը, պայմանավորված են այն հանգամանքով, որ մինչև օրս սահմանված 1 000 դրամ ամենամսյա դրոշմանիշային վճարներից ձևավորվող «Զինծառայողների կյանքի ապահովագրության հիմնադրամի» եկամուտները չեն բավարարի զոհված և հաշմված զինծառայողների ընտանիքներին օրենքով սահմանված հատուցումներ տրամադրելու համար:

«Այս փոփոխությունների նպատակն է, որպեսզի պատերազմի հետևանքով շահառու դարձած անձինք ստանան իրենց հատուցումները, այդ թվում՝ կամավորականները», – ասաց նա:

Նիստի ժամանակ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նշեց, որ նոր փոփոխությունները լրացուցիչ ծախս են լինելու բիզնեսի, գործատուների ու աշխատող մարդկանց համար:

«Սակայն մենք հիմնադրամի տնօրինության հետ նայել ենք ֆինանսական մոդելը, այս պահին առաջարկվող նախագիծն այն նվազագույնն է, որը դեռ մի բան էլ քիչ է, և պետք է իրականացվի լրացուցիչ դրամահավաք, որպեսզի զոհված և հաշմված մեր եղբայրների ընտանիքների նկատմամբ կատարվեն օրենքով սահմանված մեր պարտավորությունները», – ասաց նա:

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի տվյալներով, սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 9-ը ընթացած պատերազմից հետևանքով հայկական կողմն ունի շուրջ 2 900 զոհ, 1 600 անհետ կորած, իսկ հաշմանդամություն ունեցողների թիվը կարող է տատանվել 2 000-3 000-ի սահմանում։

Մինչև այս պատերազմը պաշտոնական տվյալներով հիմնադրամն արդեն 416 շահառու ուներ։ Իսկ այս պահին փոխհատուցում են տրամադրել միայն 476 զինծառայողի կամ զինծառայողի ընտանիքի: Նրանք շահառու են դարձել ղարաբաղյան երկրորդ պատերազմի հետևանքով:

Հիմնադրամն անհայտ կորածների ընտանիքներին 10 միլիոն դրամ է տրամադրում միանվագ, այնուհետև՝ 200-300 հազար դրամ ամսական։ Առաջին կարգի հաշմանդամություն ունեցողները ստանում են 10 միլիոն դրամ միանվագ, այնուհետև 200-300 հազար դրամ ամսական։ Երկրորդ կարգի հաշմանդամություն ունեցողները ստանում են միանվագ 5 միլիոն դրամ, այնուհետև՝ 100-200 հազար դրամ։

Հիմնադրամի շահառու դառնալու և փոխհատուցում ստանալու համար պատերազմից տուժածները կամ նրանց հարազատները իրենց կարգավիճակի մասին փաստող թղթերը պետք է ներկայացնեն տեղական ինքնակառավարման մարմիններին։

Մեկնաբանել