Գորիսի քաղաքապետը չի կալանավորվի․ միջնորդությունը մերժվել է

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Ռոբերտ Պապոյանի նախագահությամբ, մերժել է Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ նախաքննական մարմնի միջնորդությունը։

Առուշանյանի պաշտպան Արմեն Մելքոնյանը լրագրողներին հայտնել է, որ դատարանը մերժել է միջնորդությունը՝ բավարար հիմքերի բացակայության պատճառով, գրում է Sputnik Armenia-ն։

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննություն էր տարվում՝ Ա.Առուշանյանի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, ապօրինի ձեռնարկատիրություն կազմակերպելու, ընդերքի պահպանման և օգտագործման կանոնները խախտելու, ինքնիրավչության, դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու, օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելու և անցկացնելու փորձի դեպքերի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Առուշ Առուշանյանը ձերբակալվել էր դեկտեմբերի 21-ին․ նախօրեին նա Գորիսի բնակիչներին կոչ էր արել թույլ չտալ վարչապետի մուտքը Սյունիքի մարզ։ Հաջորդ օրը նրա ձերբակալման որոշումը ոչ իրավաչափ էր ճանաչվել։