Պատերազմից հետո կյանք կա՞

Արցախի պատերազմը տևեց 44 օր. ամեն օր Հայաստանի և Արցախի հանրությունն արթնանում էր ռազմաճակատից եկող տեղեկությունների ակնկալիքով, գրեթե ամեն օր հրապարակվում էր զոհերի ցուցակ, կյանքը Հայաստանում և Արցախում կանգնել էր։ Պատերազմի ավարտից հետո սկսել են աշխուժանալ քաղաքներն ու գյուղերը։ 

Նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահները ստորագրեցին համատեղ հայտարարություն, որով Արցախի մի քանի շրջաններ, այդ թվում՝ Քաշաթաղի շրջանը, անցան Ադրբեջանին, այսպիսով Սյունիքը ևս դարձավ սահմանամերձ։

Այստեղ ապրող մարդիկ վերհիշում են խորհրդային շրջանը, երբ կրկին դիմացը ադրբեջանցին էր։

Եռակողմ հայտարարությունից հետո սահմանակից բոլոր գյուղերը բախվել են նույն խնդրին՝ արոտավայրերի կորստին։ Գյուղացիները խոշոր և մանր եղջերավոր կենդանիներին տանում էին Արցախի տարածքներ, հիմնականում Հադրութի շրջան, սակայն այժմ այդ հնարավորությունից զրկվել են. շատերը ստիպված վաճառում են անասունները։

Սյունիքի Արավուս գյուղում ականատես ենք արտասովոր տեսարանի․ սա միակ տարածքն է, որտեղ նույն սարի գագաթին՝ միմյանցից ընդամենը 20 մետր հեռավորության վրա, հերթապահում են հայ և ադրբեջանցի զինծառայողները։ Ձայներ չեն լսվում, իրար հետ դեռևս չեն շփվում։ 

Արավուսում կարծում են, որ կարող են ադրբեջանցիների հետ լեզու գտնել։ Այս գյուղի 53 հեկտար տարածքը հակառակորդի հսկողության տակ է։ Գյուղապետ Արգամ Հովսեփյանը բանակցել է ադրբեջանցի զինծառայողների հետ, մեկ շաբաթ կարողացել է պահել տարածքը, սակայն հետագայում համաձայնութան չեն եկել ու դուրս են եկել այդ հողերից։ Արգամ Հովսեփյանը տասը տարի ապրել է Բաքվում, շատ լավ տիրապետում է լեզվին, ադրբեջանցիների հետ հենց նրանց լեզվով է խոսել։ Այս պահին համայնքի արոտավայրերը վերադարձնելու հույս ունի։

Սյունիքի սահմանամերձ մեկ այլ գյուղում՝ Խոզնավարում, երեխաները ցույց են տալիս ադրբեջանական դիրքերը։ Գյուղացիները պատմում են, որ օրեր առաջ ադրբեջանցի զինծառայողները հայ զինվորներին առաջարկել են միասին թեյ խմել, խմել են, թե ոչ՝ չգիտեն։

Խոզնավարից մի քանի կիլոմետր հեռավորության վրա է գտնվում սահմանամերձ Խնածախը։ Բնակիչներից Սերժիկ Ղազարյանն ասում է, որ շարունակելու է ապրել գյուղում։ Հարցին, թե հնարավոր է նրանց հետ հարևանություն անել, պատասխանում է՝ ոչ. «Քանի արյուն կա, հնարավոր չէ»։

Այս գյուղում դեռ մնացել են 90-ականների սկզբին արցախյան առաջին պատերազմի հետքերը, որոնք գյուղացիները չեն էլ հեռացրել։

Այստեղ է ապրում նաև Անժելա Դավթյանը, որը Քաշաթաղից է եկել։ Պատմում է, որ իր քրոջ երեխաները կնքվել են Արցախի Ծիծեռնավանքում, ուզում էր որդուն ու դստերը ևս կնել նույն վանքում, սակայն եկեղեցին ու իր տունն անցել են ադրբեջանցիներին։

Սյունիքի Տեղ գյուղը բնակչությամբ ամենախոշորներից է։ Այստեղ, ինչպես մյուս սահմանամերձ համայնքներում, դեռ միայն հաշվում են վնասները՝ արոտավայրերի ու դաշտավայրերի կորստի պատճառով։ 

Տեղ գյուղից Հովսեփ Ղազարյանենց տունը սահմանին ամենամոտն է։ Ամեն օր նրանք արթնանում են և սուրճ խմում ադրբեջանական զինվորների աչքի առաջ․ անզեն աչքով հնարավոր է տեսնել հակառակորդի դիրքերը։ Հովսեփն ունի հինգ թոռ, երեխաները գնում են դպրոց, գյուղում կյանքը շարունակվում է բնականոն հունով։ 

Սահմանամերձ դարձած բնակավայրերի և մայրաքաղաքաի իրողությունները կտրուկ տարբերվում են։ Երևանում քաղաքական պայքար է ընթանում, ընդդիմադիրները հանրահավաք են անում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով, վերջինս, սակայն, հրաժարականի մասին չի մտածում և ներկայացրել է վեցամսյա ճանապարհային քարտեզ։

Ստեղծված նոր իրողություններում հնարավոր չէ չհիշել Հրանտ Մաթևոսյանին․ «Բա հիմա գաս, գաս հասնես երրորդ հազարամյակի շեմին ու քո 2000 տարվա փորձից մի դաս չքաղե՞ս։ Այդ 20 դարերի ոչ մի հատվածում, ոչ մի ճակատագրական պահի չկարողանա՞ս մի քայլ ետ կանգնես ժամանակին, մի դաշնակից ավելացնելով` մի թշնամի պակասեցնես… Բա այսքան պարտություն կրես ու հաղթել չսովորե՞ս»։