Մեղադրանք է առաջադրվել Արմեն Սմբատյանին և Հասմիկ Պողոսյանին

Իսրայելում Հայաստանի նախկին դեսպան Արմեն Սմբատյանին և մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանին մեղադրանք է առաջադրվել Երևանի կենտրոնում՝ Աբովյան 3 հասցեում գտնվող ԱՕԿՍ-ի շենքի սեփականաշնորհման հետ կապված։ 

Փետրվարի 28-ին հուշարձան համարվող ԱՕԿՍ-ի շենքի հետ կապված քրեական գործ էր հարուցվել։ «Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Հ.Պ.-ն, 2006թ. զբաղեցնելով ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնը և միաժամանակ հանդիսանալով «Արտասահմանյան երկրների հետ մշակութային համագործակցության հայկական հասարակական կազմակերպության» փոխնախագահը, հասարակական կազմակերպությանն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված Երևան քաղաքի Աբովյան 3 հասցեում գտնվող և ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում ընդգրկված հողամասը, հասարակական կազմակերպության նախագահ, իսկ այնուհետև Իսրայելում ՀՀ դեսպան Ա.Ս-ի օժանդակությամբ, դարձրել է հասարակական կազմակերպության սեփականությունը` անզգուշությամբ առաջացնելով ծանր հետևանքներ»,- նշված է Քննչական կոմիտեի հաղորդագրությունում։ 

201 միլիոն դրամ գնահատված շենքն ու հողամասը, հետագայում ներդրել են ընկերություններից մեկի կապիտալում, 550 000  դոլարի ձևական գործարք իրականացրել՝ օտարելով ԱՕԿՍ-ի շենքը Հասմիկ Պողոսյանի բարեկամին պատկանող ու Վիրջինյան կղզիներում գրանցված ընկերությանը։ Հասմիկ Պողոսյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և փողերի լվացման հատկանիշներով։ Հայտարարվել է հետախուզում։ 

Արմեն Սմբատյանն էլ մեղադրվում է պաշտոնեական լիազորությունների չարաշահմանն օժանդակելու համար։

Տե՛ս նաև՝ Ինչպես են պաշտոնյաները սեփականաշնորհել ԱՕԿՍ-ի շենքը