Ռուսաստանը լրացուցիչ միջոցներ է հատկացրել Արցախում խաղաղապահ առաքելությանը

Ռուսաստանի կառավարությունը բյուջեից լրացուցիչ միջոցներ է հատկացրել պաշտպանության նախարարությանը՝ Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ գործողության համար․ այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարի տեղակալ Տատյանա Շևցովան։

«Գործող օրենսդրությանը համապատասխան՝ խաղաղապահ զորակազմի ապահովումն իրականացվում է բյուջետային միջոցների լրացուցիչ տրամադրման հաշվին: Ռուսաստանի Դաշնության կառավարությունը կայացրել է համապատասխան որոշումներ», – հայտնել է Շևցովան:

Նրա խոսքով՝ լրացուցիչ վճարներ են նախատեսվում նաև Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ առաքելությանը մասնակցող անձնակազմի համար՝ երկու աշխատավարձի չափով։

Ավելի վաղ Ռուսաստանի զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորակազմը տեղակայվել է «մարդասիրական աղետը կանխելու և տեղի բնակչությանը պաշտպանելու համար»։