Պատերազմը փոխել է հայ-ռուսական հարաբերությունները. Lenta.ru-ի անդրադարձը 

Ռուսական Lenta.ru կայքը հանդես է եկել Ղարաբաղյան պատերազմից հետո հայ-ռուսական հարաբերություններում նկատվող փոփոխությունների մասին ծավալուն հրապարակմամբ: Հոդվածում նշվում է, որ Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները լուրջ փոփոխությունների են ենթարկվել: Հայաստանում կարծում են, որ «Ռուսաստանն իրենց դավաճանել է» Ղարաբաղյան երկրորդ պատերազմում:

Հոդվածի հիմնական մասը ղարաբաղյան հակամարտության համատեքստում նվիրված է հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների պատմությանը, ինչպես նաև անվտանգության և տնտեսության ոլորտներում հարաբերություններին:

Նշվում է, որ Ղարաբաղյան երկրորդ պատերազմը հայերի համար ազգային ողբերգությամբ է ավարտվել։ Նոյեմբերի լույս 10-ի գիշերը Մոսկվայի, Երևանի և Բաքվի միջև կնքված եռակողմ համաձայնագրերի արդյունքում Ադրբեջանի վերահսկողության տակ մնացին բոլոր գրավյալ դիրքերը, Բաքվին հանձնվեցին նաև Ղարաբաղի շուրջ երեք շրջանները, որտեղ պատերազմը չէր հասել: Հիմա Ղարաբաղն ընդհանուր սահման չունի Հայաստանի հետ, նրանց կապում է միայն խաղաղապահների կողմից պահպանվող Լաչինի միջանցքը։

Հայաստանում չեն դադարում բողոքի զանգվածային ցույցերը Փաշինյանի հրաժարականի պահանջով, որին մեղադրում են ոչ ավել, ոչ պակաս, դավաճանության մեջ։ Քննադատության կրակի տակ է հայտնվել նաև Ռուսաստանը։ ԶԼՄ-ներում և սոցիալական ցանցերում քիչ չեն հայտարարություններն այն մասին, թե Ռուսաստանն ամենևին էլ իսկական դաշնակից չէ, նա դժվար պահին օգնության չի հասել Հայաստանին, ավելին ՝ նպաստել է Ադրբեջանի հաղթանակին։ Մոսկվային հիշեցնում են նաև զենքի բազմամյա մատակարարումներն Ադրբեջանին։

Հետխորհրդային հետազոտությունների կենտրոնի ավագ գիտաշխատող Ստանիսլավ Պրիտչինը կարծում է, որ Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները լուրջ փոփոխությունների են ենթարկվել: Հայ հասարակությունն իսկապես կարծում է, որ Ռուսաստանը պետք է պատերազմեր հայկական կողմում, զորքեր ուղարկեր Ղարաբաղի պաշտպանության համար։ «Այն դեպքում, երբ, ինչպես գիտենք, բարդությունները են եղել անգամ Ղարաբաղ հայկական զորքեր ուղարկելու հետ կապված»,- Lenta.ru-ի հետ զրույցում ասել է փորձագետը:

Մոսկվան ընթացիկ հակամարտությունում առավել չեզոք դիրքորոշում է որդեգրել և փորձել է կողմերին նստեցնել բանակցությունների սեղանի շուրջ: «Ռուսաստանի դիրքորոշումն այն է, որ Հայաստանի տարածքին ոչինչ չի սպառնում։ Իրավական տեսանկյունից այդպես էլ կա, բայց հասարակական ընկալման տեսանկյունից հայերը կարծում են, որ Ռուսաստանը դավաճանել է իրենց»,- նշել է Պրիտչինը։

Այդ տրամադրությունների վրա կարող են խաղալ Փաշինյանի հակառակորդները։ Հիմա հավանականությունը, որ Հայաստանում իշխանությունը կփոխվի, 50/50 է։ Չնայած փորձագետները նշում են, որ, դատելով փողոցային վերջին ցույցերից, բացասական սցենարն ավելի հավանական է։ Հնարավոր է՝ Փաշինյանին փոխարինեն ուժեր, որոնք կմեղադրեն Ռուսաստանին Հայաստանի պարտության մեջ և կցանկանան երես թեքել նրանից։ Մանավանդ, որ ԱՄՆ նոր նախագահ Ջո Բայդենի վարչակազմն ակնհայտորեն սիրաշահելու է Երևանին. հայերին համոզելու են, որ Ռուսաստանը հուսալի դաշնակից չէ, ուստի ՀԱՊԿ-ում և ԵԱՏՄ-ում մնալը ձեռնտու չէ։

Մյուս կողմից, Արևմուտքը, ըստ էության, անտեսեց Լեռնային Ղարաբաղի վերջին հակամարտությունը և ոչ մի կերպ չօգնեց Հայաստանին։ ԵԱՀԿ Մինսկի խումբը, որի համանախագահներն են Ֆրանսիան և ԱՄՆ-ը՝ Ռուսաստանի հետ, իրենց չեն դրսևորել։ Մինչ այդ ղարաբաղյան բանակցությունները երկար տարիներ են տևել, բայց անարդյունք։ Հնարավոր է, որ դա մասամբ կապված է ՆԱՏՕ-ին Թուրքիայի անդամությամբ, որի բանակը Հյուսիսատլանտյան դաշինքում մեծությամբ երկրորդն է։

Մյուս կողմից, հնարավոր է, հենց այդ պատճառով էլ նույնիսկ հիմա Հայաստանում կարելի է լսել հակադիր կոչեր՝ Ռուսաստանի հետ ավելի սերտ համագործակցության, օրինակ՝ սեփական բանակի մարտունակությունը վերականգնելու համար։ Շատերը համոզված են, որ Ադրբեջանը ներկայիս զինադադարն օգտագործում է ընդամենը որպես միջոց, որպեսզի որոշ ժամանակ անց Թուրքիայի օգնությամբ փորձի վերահսկողության տակ վերցնել ողջ Լեռնային Ղարաբաղը։ Ապագա հարձակումից պաշտպանությունը կրկին տեսնում են Ռուսաստանի հետ հարաբերություններում։

Բացի այդ, ԼՂՀ տարածքը որոշ փորձագետներ բացեիբաց անվանում են «ռուսական պրոտեկտորատ», քանի որ այնտեղ ապրող մարդկանց պարենի մատակարարումն իր վրա է վերցրել Ռուսաստանը։ Ստանիսլավ Պրիտչինի կարծիքով, Հայաստանը այլ տարբերակ չունի, քան պահպանել հարաբերությունները Մոսկվայի հետ, ինչը նշանակում է, որ պետք է հավատարիմ մնալ Ղարաբաղի վերաբերյալ կնքված համաձայնագրին:

Լեռնային Ղարաբաղում հրադադարի մասին համաձայնագրի արդյունքում Ադրբեջանը վերահսկողություն է ստացել մարտական գործողությունների ընթացքում գրավված տարածքների, ինչպես նաև Աղդամի, Քելբաջարի և Լաչինի շրջանների նկատմամբ: Արդյունքում ԼՂՀ-ն այլևս Հայաստանի հետ ընդհանուր սահման չունի։ Այժմ նրանց կապում է միայն մեկ ճանապարհ՝ Լաչինի միջանցքը, որը հսկում են ռուս խաղաղապահները:

Նույնիսկ տեսական այն ուժերը, որոնք կարող են իշխանության գալ Հայաստանում բողոքի ալիքի վրա, մեծամասամբ հասկանում են, որ համաձայնագրերի վերանայումը լավագույն լուծումը չէ։ Դա կնշանակի զինված հակամարտության նոր էսկալացիա, որի համար Հայաստանը պարզապես ռեսուրս չունի։ Ղարաբաղյան վերջին պատերազմը փոխել է ստատուս քվոն։ Երևանը կորցրել է ռազմավարական առումով շահեկան բոլոր դիրքերը, որոնք ուներ մինչև սեպտեմբերի 27-ը, և նոր հակամարտության դեպքում այլևս չի կարողանա նվազագույն կորուստներով մարտ վարել լեռներում։

Այժմ Ղարաբաղում խաղաղությունն ու անվտանգությունն առաջին հերթին ապահովում է ռուս խաղաղապահների շնորհիվ, և Հայաստանում դա հասկանում են։ Ռուսաստանի դեմ դուրս գալը նշանակում է խաղաղապահ առաքելության դադարեցում, իսկ այդ խնդիրների կատարման համար սեփական ռեսուրսներ Հայաստանում չկա։ Դրա համար իշխանափոխության պարագայում էլ Երևանը կշարունակի «բարեկամությունը» Մոսկվայի հետ։ «Բայց դա կլինի բարեկամություն ծանր սրտով»:

ՍիվիլՆեթ

Մեկնաբանել