Եվ այդ անբարոն դո՛ւ ես, դո՛ւ ես, դո՛ւ ես…

Հոկտեմբերի 19-ն է: Շուշիի համանուն հյուրանոցում եմ: Ինձ Ֆեսյբուքով գրում է անծանոթ մի մարդ՝ Գրիգոր Կիրակոսյան անունով: Գրում է Երևանից:

Ասում է՝ թոռնիկս է վիրավորվել Ֆիզուլիում, բերել են Կարմիր Շուկա ու այլևս լուր չկա: Ասում է՝ ութ հոգի են եղել, երբ պայթել է արկը: Վեց վիրավորներին բերել են հոսպիտալ, երկուսից լուր չկա: Մեկը կամավորական է, մյուսը՝ իմ թոռնիկը:

– Խնդրում եմ, օգնեք,- գրում է ինձ:

Շուշիի հյուրանոցում ես կարդում եմ այս տողերը, և աչքիս առաջ պատկերացնում թուլացած ծնկներով, սրտակոտոր՝ թոռնիկին որոնող այս պապիկին:

44 օրերին ես նմանատիպ բազմաթիվ գրություններ ու զանգեր էի ստանում, և աղետալի այս պատերազմը իմ հիշողության մեջ կմնա առաջին հերթին այսպիսի պատմություններով:

– Խնդրում եմ, մի բան արեք,- գրում էր թոռնիկին որոնող պապը:

Հետո խոսում ենք Ֆեյսբուքով ու ինձ հիշեցնում է, որ ինքը իր թոռնիկի՝ Էդիկի, ես իմ որդու հետ միասին ֆուտբոլ ենք դիտել Ֆուտբոլի ակադեմիայի Ավանի մարզադաշտում:

Իջա Ստեփանակերտ և դիմեցի Արցախի տեղեկատվական կենտրոն՝ օգնել և տեղեկություն ստանալ մինչև 19 տարեկանների Հայաստանի ֆուտբոլի հավաքականի և «Արարատ-Արմենիա-2»-ի ձախ պաշտպան Էդիկ Կիրակոսյանից:

Նոյեմբերի 20-ին կարդացի, որ զոհերի ցուցակում է նաև այս տղան, ցավ ապրեցի, որ չկարողացա օգնել նրա պապիկին, ու այլևս հետ չզանգահարեցի, քանի որ չէի կարողացել ոչինչ անել ու ասելիք չունեի:

Նիկոլ Փաշինյանը, նրա նախարարները, իմքայլական պատգամավորներն ու ՔՊ-ականները հայտարարում են, որ իրենք հրաժարականի հանրային պահանջ չեն տեսնում, չեն զգում:

Պարոնայք և տիկնայք իշխանություններ, դուք բարոյականության հետ խնդիր ունեք:

Դուք չե՞ք հասկանում, որ նաև ձեր ապաշնորհ քաղաքականության արդյունքում կորցրել ենք մի քանի հազար մեր երեխաներին, մինչև 10 հազար կամ ավելի վիրավորներ ունենք:

Դուք չե՞ք հասկանում, որ մահվան դուռն եք ուղարկել 2000-2001 թվականների մի ամբողջ սերունդ: Դուք գիտե՞ք, թե ինչ երազներ են տեսնում փրկվածները: Դուք գիտե՞ք, թե հոգեկան ինչ վիճակում են նրանց ծնողները, ինչպես են ամեն առավոտ արթնանում զոհվածների մայրերն ու քույրերը: Թե՞ դուք հոգի չունեք, ու ձեր կյանքի միակ իմաստը աթոռն է:

Գնում, նստում եք տաղավարներում, թե բա՝ մեր հրաժարականի հանրային պահանջ չկա:

Այո՛, չկա հանրային պահանջ, քանի որ հանրության դարդ ու ցավը դուք չեք: Հանրությունը շոկի ու ցավի մեջ է ու չի կարող դուրս գալ փողոց: Բայց հիշեք, որ դուրս է գալու, եթե շարունակեք չտեսնելու տալ, թե ինչ է կատարվել: Դո՛ւք, Հայաստանի կառավարություն, Ազգային ժողովի Իմ քայլը խմբակցության պատգամավորներ, դուք ձեր անունը փորագրել եք հայոց պատմության մեջ: Ձեզ սա՛ պիտի տանջեր, ձեր քունը հարամեր, մինչդեռ դուք շարունակում եք խոսել հանրային պահանջի բացակայությունից ու ժողովրդի վարչապետից:

Ադրբեջանցիները մոտ մեկ շաբաթ է՝ գրավել են Նիկոլի «դժբախտ և դժգույն» Շուշին:

Նոյեմբերի 12-ի վաղ առավոտյան ինձ ֆեյսբուքով գրեցին, որ իրենց տղան վիրավոր է Շուշիի տակ։ Ասացին, որ Նոյեմբերյանից են և խնդրեցին, որ մի բան անեմ։ Բայց ես ի՞նչ կարող եմ անել։ Գրեցի Արցախի նախագահի խոսնակին, ապա նրա հեռախոսահամարը տրամադրեցի ընտանիքին, որոնց տղան վիրավոր մնացել է Շուշիի տակ:

Ու հիմա այս մարդկանց, ֆուտբոլիստ թոռնիկին որոնող պապիկին ու հազարավոր այսպիսի մարդկանց դուք ասում եք, որ ձեր հրաժարականի հանրային պահանջ չկա: Դուք ձեր պարզունակ հայացքներն ուղղում ու մատները տնկում եք ձեր քթի տակ հանրահավաք անող նախկիններին և անմեղ հայտարարում, թե հրաժարականի հանրային պահանջ չկա:

Պարոնա՛յք, դուք իրավամբ չե՞ք հասկանում, թե ինչ աղետ եք բերել մեր երկրին: 

Գուցե դուք բարոյականությա՞ն հետ խնդիր ունեք: Ավելին, գուցե դուք անբարո՞ եք:

Եվ այդ անբարոն դո՛ւ ես, դո՛ւ ես, դո՛ւ ես…

Թաթուլ Հակոբյան