Տնտեսական ակվիտության ցուցանիշը 11 ամսում նվազել է 7,2 տոկոսով

Հայաստանում 2020 թ. հունվար-նոյեմբեր ամիսներին անցյալ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է 7,2 տոկոսով:

Ինչպես հայտնում է Վիճակագրական կոմիտեն, նոյեմբերին անցյալ տարվա նոյեմբերի համեմատ՝ տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է 10,3 տոկոսով:

Ընդհանուր առմամբ, տնտեսական ակտիվության կրճատման միտումը, որը սկիզբ էր առել այս տարվա երկրորդ եռամսյակից, շարունակվել է տնտեսության գրեթե բոլոր ճյուղերում:

Առաջին 11 ամիսներին անկում է եղել գլխավորապես հետևյալ որորտներում: Շինարարության ծավալը կրճատվել է 11,2 տոկոսով, առևտրի շրջանառությունը՝ 13,5 տոկոսով, ծառայությունների ծավալը՝ 13,6 տոկոսով, արտաքին առևտրաշրջանառությունը՝ 12,4 տոկոսով: Արտահանումը նվազել է 5,2 տոկոսով, ներմուծումը՝ 15,9 տոկոսով:

Չնչին աճ է գրանցվել էլեկտրաէներգիայի արտադրության ծավալներում՝ 1,8 տոկոս:

Համատարած անկման ֆոնին աճել են աշխատավարձերը: Միջին ամսական անվանական աշխատավարձը հունվար-նոյեմբերին աճել է 4,2 տոկոսով՝ կազմելով 186 167 դրամ: Ընդ որում` պետական օղակում ավելացել է 5,9 տոկոսով, իսկ ոչ պետականում՝ 3,2 տոկոսով: