Նիկոլ Փաշինյանը՝ արտահերթ ընտրությունների, Սյունիքի, Ղարաբաղի և  անվտանգության մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 27-ին Առաջին ալիքի Պետրոս Ղազարյանի հետ զրույցում հայտնեց, որ նախատեսում են խորհրդակցություններ սկսել խորհրդարանական ուժերի հետ։

Փաշինյանի խոսքով՝ խորհրդարանական արտահերթ ընտրություններ իրականացնելու երկու ճանապարհ կա, առաջինը՝ վարչապետի հրաժարականից հետո ԱԺ-ն երկու անգամ գործադիրի ղեկավար չի ընտրում, և արձակվում է, երկրորդը՝ Սահմանադրությունն է փոխվում և ամրագրվում է ԱԺ-ի ինքնալուծարման մեխանիզմը։

Ուստի, ըստ նրա, հարկավոր է քննարկումներ ծավալել խորհրդարանի ուժերի հետ, որպեսզի արտահերթ ընտրությունների նախաձեռնումը չլինի միայն իշխող ուժի կամքը։

Խոսելով ընդդիմության այն պնդման մասին, որ ինքը պարտված ղեկավար է, իսկ իր ղեկավարած կառավարությունն իրավունք չունի ընտրություններ նախաձեռնել, ուստի պետք է հրաժարական տա, Փաշինյանն ասաց, որ իրեն պատասխանատու է համարում, սակայն ցանկանում է, որ հանրությունը պատերազմի մասին ողջ ճշմարտությունն իմանա։

«Նախընտրական քարոզարշավը հնարավորություն է, որ բոլորը կանգնեն ժողովրդի առաջ, մեղադրանքները բարձրաձայնեն ու ապացույցները ներկայացնեն, մարդիկ էլ կատարեն իրենց որոշումը»,- ասաց Փաշինյանը։

Ադրբեջանը ՀՀ սահմանից ներս չի մտել

Վարչապետը խոսեց Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների նոյեմբերի 9-ին ստորագրած եռակողմ հայտարարության մասին։ Անդրադարձավ այն մեղադրանքներին, որ Հայաստանից տարածքներ են զիջվել Ադրբեջանին։

«Ադրբեջանը ՀՀ սահմանից ներս չի մտել։ Մի կողմից ասում են՝ չկան սահմաններ, մյուս կողմից ասում են՝ ադրբեջանցիենրը ազատ ելումուտ են անում ՀՀ սահմաններ։ Ո՞ր սահմանը նկատի ունեն։ Մի դեպքում մեզ քննադատում են նրա համար, որ միջոցներ չենք ձեռնարկել պատերազմը կանխելու համար, մյուս կողմից, որ միջոցներ ենք ձեռնարկում նոր պատերազմը կանխելու համար»,- նշեց վարչապետը։

Նա համոզված է, որ սահմանազատման կնճռոտ հարցերը լուծվում են «նոր պատերազմից խուսափելու համար»։

«Երբ Սերժ Սարգսյանը հայտնի հարցազրույցի մեջ ասում էր [նկատի ունի 2016-ին ռուս հաղորդավար Եվգենի Կիսելյովի հետ հարցազրույցը, որում Սարգսյանն ասել էր, թե 2011-ին Կազանում պատրաստ էր գնալ Ղարաբաղի հարցի կարգավորման, որը ենթադրելու էր յոթ տարածքների հանձնում Ադրբեջանին – խմբ․], թե Հայաստանը պատրաստակամություն է հայտնել թողնել յոթ շրջանները, դրա մեջ Զանգելանն ու Կուբաթլուն էլ են մտնում։ Նկատի է առնվում նույն բանը։ Այս պարագայում այն միջոցները, որոնք որ ձեռնարկվել են, ձեռնարկվում են Սյունիքի անվտանգությունն ապահովելու համար»,- նշեց վարչապետն ու հիշեցրեց, որ նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրման պահին Կուբաթլույի և Զանգելանի 90 և ավելի տոկոսը արդեն իսկ ադրբեջանական զինուժի վերահսկողության ներքո էր։

«Եղել է բանավոր ըմբռնում այդ համատեքստում, որ այդտեղ մենք պետք է սահմանային կետերի, ոչ թե սահմանի, այլ որոշակի կետերի ճշգրտում իրականացնենք։ Այն ժամանակ, երբ պարզ է եղել, որ այդ հարցի շուրջ կարող է բռնկվել նոր պատերազմ ու անցում կատարել Սյունիքի մարզ, մենք միջոցներ ենք ձեռնարկել Սյունիքի անվտանգությունն ապահովելու համար»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։

«Ո՞րն է այդ ձեռնարկված միջոցի էությունը։ Այն է, որ վերահսկողության տակ գտնվող տարածքը համընկնի ՀԱՊԿ պատասխանատվության գոտում գտնվող տարածքների հետ, այդ դեպքում ՌԴ-ի անվտանգային պարտավորությունները ՀՀ-ի նկատմամբ, գործարկելու որևէ խոչընդոտ չլինի»,- հայտնեց վարչապետը՝ հիշեցնելով, արցախյան վերջին պատերազմի ընթացքում հաճախ հնչող հարցապնդումը, թե ինչու Ռուսաստանը օգնության չհասավ։ Ըստ նրա՝ պատճառը պարզ էր․ ՌԴ-ն փոխադարձ օգնության պայմանագիր կնքել է ՀՀ տարածքի համար, իսկ պատերազմական գործողությունները տեղի էին ունենում Հայաստանի տարածքից դուրս։

Փաշինյանը մեկ այլ հարց էլ բարձրացրեց, թե ինչու միջոցներ չեն ձեռնարկվել արցախյան պատեազմը կանխելու համար։ Ըստ նրա՝ տարբերակը մեկն էր՝ յոթ տարածքների վերադարձը։ Նույն տրամաբանությամբ, ըստ Փաշինյանի, ներկայում կանխվել է նոր պատերազմ՝ Զանգելանի ու Կուբաթլույի տարածքների մասով կայացրած որոշումների համատեքստում։

Ի՞նչ հիմքով են սահմանները ճշգրտվում

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ սահմանների դեմարկացիա և դելիմիտացիա տեղի չի ունենում, այլ «որոշակի սահմանային կետերի ճշգրտում է ընթանում»։

«Հայաստանն անկախություն է ստացել որոշակի տարածքում, դա Հայաստանի Սովետական Սոցիալիստական Հանրապետության տարածքն է։ Սյունիքի մարզը, որը գոյություն է ունեցել Խորհրդային Հայաստանում, նույն ձևով անձեռնմխելի գոյություն ունի նաև հիմա»,- նշեց վարչապետը։

Փաշինյանը չբացառեց, որ հնարավոր է տրանսպորտային կոմունիկացիաների որոշակի բարդություններ ծագեն, բայց դրանք, նրա խոսքով, «լուծելի հարցեր են, լուծվում են և կլուծվեն»։

Տրանսպորտային ուղիների ապաշրջափակման մասին

«Երեկ, օրինակ, Վերին լարսը ամբողջությամբ փակ է եղել բոլոր տեսակի բեռնատարների համար,- հարցազրույցի ընթացքում ասաց Փաշինյանը՝ հավելեով, որ սա ծանոթ պատմություն է։

«Եթե պարզվի, որ մենք կարող ենք երկաթուղային հաղորդակցություն ունենալ Ռուսաստանի հետ, եթե պարզվի, որ մենք Նախիջևանով կարող ենք ունենալ երկաթուղային հաղորդակցություն Իրանի հետ, դա լա՞վ, թե՞ վատ նորություն կլինի»,- հարցադրում արեց Փաշինյանը։

Նա նշեց, որ այս ամենը հետագա քննարկման առարկա է․ «Այստեղ բազմաթիվ հարցեր կան, որոնք պետք է լուծվեն ու դրանք պարզ հարցեր չեն, եթե այդպիսին լինեին, ապա 30 տարի չէին մնա այսպես»։

Հիմնազուրկ է մեղադրանքը, որ այս իշխանությունը ընտրությունները կկեղծի

Ըստ Փաշինյանի՝ հիմնազուրկ է ընդդիմության մեղադրանքը, որ այս իշխանությունը ընտրությունները կկեղծի։ Նա նաև նկատեց, որ որոշ քաղաքական ուժեր, ի պատասխան, արտահերթ ընտրություններ կազմակերպելու իր հայտարարության, նշել են, թե «իշխանության հետ խոսելու բան չունեն»։

«Մենք չենք ասում՝ մեզ հետ խոսեք, այլ առաջարկում ենք ժողովրդի հետ խոսել»,- ասաց վարչապետը՝ հիշեցնելով, որ այս ընթացքում ընդդիմությունն ունեցել է հնարավորություն վարչապետի հրաժարականի պահանջով մեծաթիվ հանրահավաքներ իրականացնել։ Բայց, ըստ Փաշինյանի, ակնհայտ է, որ այդ պահանջը առնվազն հրապարակում չի արժանացել ու չի արժանանալու ժողովրդավարական աջակցության․ «Եկեք ոչ թե անըդհատ պետական հեղաշրջման կամ ներքին բախումբերի սցենարներ մտմտանք, այլ ժողովրդին տանք այս իրավիճակը շտկելու հնարավորություն»։

Գործադիրի ղեկավարը հիշեցրեց նաև, որ նախկինում ունենալով վստահության մեծ պաշար՝ այդուհանդերձ իր իշխանությունը պարտվել է Աբովյան և Կապան քաղաքներում։

Ինչ վերաբերում է իր դեմ 17 կուսակցությունների քաղաքական պայքարին, ապա, Փաշինյանի կարծիքով, «այս պրոցեսը բացահայտում է էլիտայի ճգնաժամը, Հայաստանում գոյություն ունեցող վերնախավը ունի կարգավիճակ, բայց ոչ՝ հեղինակություն»։ Բացի այդ, նա ասաց, թե դատական համակարգը նշված «պսևդոէլիտայի» մի մասն է։

«Այդքան խմբեր հանդես են գալիս վարչապետի հրաժարականի պահանջով, ու մարդիկ դուրս չեն գալիս այդ վերնախավի պահանջները պաշտպանելու, դա նշանակում է այդ պսևդովերնախավի նկատմանբ անվստահություն»։

Փաշինյանն ասաց, որ ինքը պատրաստ է առերեսվել իրականության հետ․ «Ես չեմ խուսափում որևէ մեղադրանքից։ Այսքան ժամանակ ես որևէ հարցից չեմ խուսափել։ Մարդիկ պնդում են, թե ես դավաճան եմ, ինձ մեղադրում են դավաճանության մեջ, ասում եմ՝ շատ լավ, պատրաստ եմ առերեսվել այդ մեղադրանքի հետ։ Թող մարդիկ որոշեն՝ դավաճան եմ, թե՝ ոչ»։

Ես չեմ ասում մեղավոր չեմ, ես ասում եմ՝ թիվ մեկ մեղավորը չեմ

Արցախի հարցի բանակցային գործընթացքում անհաջողությունների մասին մեղադրանքի մասին խոսելիս վարչապետը նշեց․ «Բանակցային գործընթացը տարվել է այնպես, որ յոթ շրջանները պետք է վերադարձվեն Ադրբեջանին, որ Արցախը Հայաստան չէ։ Բա 88-ի շարժումը, որ սկսվել է, ինչի՞ համար էր այդ շարժումը՝ որ Հայաստանի դիվանագիտությունը գնա ու 25 տարվա ընթացքում ղարաբաղյան շարժման բոլոր թեզերից հրաժարվի»։

Վարչապետը վերահաստատեց նախկինում արած պնդումը, որ ինքը մեղավոր է պատերազմում պարտության համար, սակայն «թիվ մեկ մեղավորը չէ»։

Գևորգ Թոսունյան

Մեկնաբանել