Որևէ զինծառայող որևէ գործողության չի մասնակցել, որևէ արտակարգ պատահար չի գրանցվել․ ՊԲ

Արցախի Պաշտպանության բանակը հաղորդագրություն է տարածել՝ հերքելով տեղեկությունը, թե «հայկական զինված խմբավորման» կողմից ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանման վրա հարձակում է իրագործվել։

«Ադրբեջանական կողմը շարունակում է ապատեղեկատվություն տարածել, իբր նախօրեին «հայկական զինված խմբավորման» կողմից ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանման վրա իրականացված հարձակման մասին։ Այդ մասին քիչ առաջ հայտարարություն է տարածել նաև Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։ Ինչպես արդեն հայտարարել էինք ժամեր առաջ, վերահաստատում ենք, որ երեկ ողջ օրվա ընթացքում և մինչև այս պահը ԱՀ պաշտպանության բանակի որևէ ստորաբաժանում, որևէ զինծառայող որևէ գործողության չի մասնակցել, որևէ արտակարգ պատահար չի գրանցվել և հայկական կողմից անգամ մեկ կրակոց չի արձակվել։ Այս պարագայում, Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից տարածված հայտարարությունը այլ կերպ, քան քարոզչական սադրանք հնարավոր չէ որակել։ 

ԱՀ պաշտպանության բանակը շարունակում է խստորեն պահպանել հրադադարի ռեժիմը»,- ասված է հաղորդագրությունում։

Ավելի վաղ ադրբեջանական մի շարք լրատվամիջոցներ հայտնել էին, որ Հադրութի շրջանի Տող գյուղի մոտակայքում հայ և ադրբեջանցի զինծառայողների միջև մարտերը վերսկսվել են։ Նշվում էր նաև, որ երկու կողմերն էլ զոհեր, գերիներ ու վիրավորներ ունեն։

ՀՀ ՊՆ–ն գիշերը հաղորդագրություն էր տարածել` հայտնելով, որ Արցախի ՊԲ-ն խստորեն պահպանում է հրադադարի ռեժիմը, որևէ ստորաբաժանում տվյալ հատվածում որևէ գործողության չի մասնակցել, ավելին՝ Արցախի ՊԲ ստորաբաժանումների հետ կապված որևէ արտակարգ միջադեպ չի գրանցվել։