Ռուսաստան – Թուրքիա – ԱՄՆ եռանկյունին 2020-ին և հեռանկարները

Վերջին մեկ շաբաթվա ընթացքում Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները նոր սիրալիրություններ փոխանակեցին։ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Էրդողանը «խոսքի տեր տղամարդ է»։ Դեկտեմբերի 25-ին ուրբաթօրյա աղոթքից հետո Էրդողանն իր հերթին նշեց, որ Ռուսաստանի նախագահը մնացել է այնպիսին, ինչպիսին եղել է իր հետ առաջին հանդիպման ժամանակ, և որ երկու պետությունների ղեկավարները միմյանց շատ լավ են հասկանում։ 

Վերջին տարիներին ռուս-թուրքական հարաբերությունները գտնվում են փորձագիտական շրջանակների և միջազգային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում։ Հրապարակվում են բազմաթիվ վերլուծություններ և գնահատումներ, որոնց հիմնական նպատակը երկկողմ հարաբերություններում առկա համագործակցային և հակամարտային ներուժների վերլուծությունն է։ Սիրիա, Լիբիա, Սևծովան տարածաշրջան, արցախյան հակամարտություն, տնտեսական համագործակցություն, ռազմատեխնիկական շփումներ. սա ռուս-թուրքական հարաբերություններում առկա «թեժ կետերի» թերևս ոչ ամբողջական ցուցակն է։ Վերլուծաբանները փորձում են հասկանալ, որ կողմն է ավելի շատ շահում այս գործընթացներից, և ինչ զարգացումներ կարելի է սպասել մոտ ապագայում։ Սակայն ռուս-թուրքական հարաբերությունների ներկան և ապագան գնահատելու համար բավարար չէ վեր հանել միայն երկկողմ խնդիրները։ Այս երկու պետությունները միմյանց հետ չեն շփվում վակուումում, և նրանց հարաբերությունները որոշակիորեն պայմանավորված են նաև երրորդ կողմի քայլերով։

Այս համատեքստում ռուս-թուրքական հարաբերությունների վրա ամենամեծ ազդեցությունն ունեն Ամերիկայի Միացյալ Նահանգները։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ընդհուպ մինչև 21-րդ դարի սկիզբն ընկած ժամանակահատվածում Թուրքիայի հիմնական աշխարհաքաղաքական դերակատարությունը Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի շահերի առաջ մղումն էր։ Սակայն վերջին տասնութ տարիների ընթացքում վարչապետ, իսկ այժմ նախագահ Էրդողանի գլխավորությամբ Թուրքիան քայլեր է ձեռնարկում արտաքին քաղաքական ոլորտում որոշակի ինքնուրույնություն ձեռք բերելու ուղղությամբ։ Այս գործընթացն սկսած 2014 թ. գարնանից ընթանում է ռուս-ամերիկյան հարաբերությունների էական վատթարացման ֆոնին, իսկ 2017 թ. հունվարից այս հավասարման մեջ ավելացել է մի նոր անհայտ, հանձինս նախագահ Թրամփի անկանխատեսելի արտաքին քաղաքականության։

Վերջին առնվազն վեց տարիների ընթացքում Ռուսաստանի արտաքին քաղաքական հիմնական խնդիրներից մեկը հետխորհրդային տարածաշրջանում սեփական դիրքերի ամրապնդումն ու ԱՄՆ-ի ազդեցության նվազումն է։ Այս նպատակին հասնելու համար Ռուսաստանը քայլեր է ձեռնարկում ԱՄՆ-ի դաշնակիցների թուլացման, կամ վերջիններիս և ԱՄՆ-ի միջև լարվածության ստեղծման ուղղությամբ։ Հարավային Կովկասում և Սևծովյան տարածաշրջանում Ռուսաստանի դեմ պայքարում ԱՄՆ-ի առավել արդյունավետ գործիքը Թուրքիան է, և այս համատեքստում լիովին հասկանալի են Ռուսաստանի քայլերը՝ Թուրքիային ՆԱՏՕ-ից հնարավորինս հեռացնելու և թուրք – ամերիկյան հարաբերություններում լարվածություն ստեղծելու ուղղությամբ։ Իհարկե, Ռուսաստանը շատ լավ հասկանում է, որ տեսանելի ապագայում Թուրքիան կշարունակի մնալ ՆԱՏՕ-ի անդամ, սակայն Մոսկվայի համար բավարար է նաև Թուրքիա – ՆԱՏՕ և Թուրքիա  – ԱՄՆ հարաբերություններում անվստահության ու լարվածության աճը։ Իր հերթին, Թուրքիան դիտարկում է Ռուսաստանին որպես օգտակար ռեսուրս սեփական արտաքին քաղաքական ինքնուրույնությունը մեծացնելու ճանապարհին։

Իհարկե, սա չի նշանակում երկկողմ հարաբերություններում խնդիրների և նույնիսկ հակասությունների բացակայություն։ Դրանք բազմաթիվ են թե Սիրիայում, թե Լիբիայում, և թե Սևծովյան տարածաշրջանում, որտեղ Թուրքիան հանդես է գալիս Ղրիմի հարցում Ուկրաինայի դիրքորոշման պաշտպանությամբ և վերջին մեկ տարվա ընթացքում էականորեն ընդլայնել է Կիևի հետ ռազմատեխնիկական համագործակցությունը։ Միևնույն ժամանակ Անկարան ակնարկներ է հղում Մոսկվային, որ դեմ չէր լինի Սև ծովը ազդեցության երկու գոտիների բաժանելու գաղափարին՝ էականորեն նվազեցնելով ՆԱՏՕ-ի դերակատարությունը։

Մինչ Ռուսաստանը և Թուրքիան փորձում էին օգտագործել միմյանց սեփական շահերի առաջ մղման նպատակով, ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությունը 2017-2020 թթ. աչքի էր ընկնում որոշակի անհետևողականությամբ և երբեմն իրար հակասող ուղերձների փոխանցմամբ։ Նախագահ Թրամփը հայտարարում էր Ռոսւաստանի հետ «նորմալ հարաբերություններ» կառուցելու մտադրության մասին՝ միևնույն ժամանակ ավելացնելով Ուկրաինային և Վրաստանին ցուցաբերվող ռազմական օգնության ծավալները և որոշում ընդունելով Գերմանիայից դուրս բերվող ամերիկյան զորքերի մի մասը տեղակայել Արևելյան Եվրոպայում։ Թրամփը քննադատում էր ՆԱՏՕ-ին և Եվրամիությանը և հայտարարում գլոբալիզացիայի բացասական հետևանքների մասին։ Միևնույն ժամանակ, Թրամփի աշխատակազմն աննախադեպ ճնշումներ էր գործադրում ՆԱՏՕ-ի անդամ պետությունների վրա՝ պահանջելով կատարել դեռևս 2014 թ. ստանձնած պարտավորությունը և պաշտպանական ծախսերը հասցնել ՀՆԱ-ի երկու տոկոսի մակարդակին։

ժողովրդավարության աջակցության և մարդու իրավունքների պաշտպանության թեմաների՝ ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության լեքսիկոնից դուրս մղումը որոշակիորեն թուլացնում էր դեպի ավտորիտարիզմ հակվող նախագահ Էրդողանի վարչակազմի նկատմամբ ճնշումների կիրառման հավանականությունը։ «Անվերջ պատերազմները» ավարտելու և ամերիկյան զորքերը տուն բերելու նախընտրական խոստումների կատարման փորձերը հանգեցրին Սիրիայում ԱՄՆ-ի ներգրավման էական նվազմանը և 2019 թ. հոկտեմբերին Սիրիայի հյուսիսարևելքում տեղակայված քրդական ուժերի դեմ թուրքական ներխուժման համար Վաշինգտոնի կողմից «Կանաչ լույս» վառելուն։

Նախագահ Թրամփի օրոք ԱՄՆ-ի թիվ մեկ արտաքին քաղաքական թշնամի էր հռչակվել Չինաստանը։ Այս հանգամանքը ինչ որ առումով թուլացնում էր ԱՄՆ-ի ուշադրությունը Ռուսաստանի և հետխորհրդային տարածաշրջանի նկատմամբ։ Ավելին, ակտիվորեն քննարկվում էր Չինաստանի դեմ Ռուսաստանի հետ դաշինք կազմելու և այդ նպատակով ԱՄՆ-ի կողմից հետխորհրդային տարածաշրջանը փաստացի ռուսական ազդեցության գոտի ճանաչելու հնարավորության հարցը։ Միևնույն ժամանակ ԱՄՆ-ը շարունակում էր գիտակցել, որ Թուրքիան մնում է Սևծովյան տարածաշրջանում և Հարավային Կովկասում Ռուսաստանի դեմ պայքարելու ԱՄՆ-ի առավել արդյունավետ լծակը, ինչը որոշակի զսպիչ դեր էր խաղում տարբեր խնդիրների առնչությամբ Թուրքիայի նկատմամբ առավել կոշտ դիրքորոշման որդեգրմանը։

Ռուսաստան – Թուրքիա – ԱՄՆ եռանկյունում ձևավորված հավասարակշռությունն իր անմիջական ազդեցություն ունեցավ նաև արցախյան հակամարտության վրա։ 2020 թ. գարնանը Հայաստանի կողմից մինչև 2018 թ. ապրիլը ներկայացված արցախյան հակամարտության կարգավորման բոլոր առաջարկների մերժումը (համանախագահների մշակած «Հիմնարար սկզբունքներ», «Լավրովի պլան») և փոխարենը բանակցությունների շարունակման համար որևէ նոր գաղափարի առաջ չքաշումը բանակցային գործընթացը փակուղու հանգեցրեց։ Միևնույն ժամանակ թե Ռուսաստանում և թե Թուրքիայում ձևավորվել էր Արցախում 1994 թ. մայիսից ձևավորված ստատուս քվոն փոխելու հստակ մտադրություն։ Հետխորհրդային տարածաշրջանում ԱՄՆ-ի ներգրավման էական նվազման պայմաններում ամենայն հավանականությամբ 2020 թ. ամռանը Անկարան և Կրեմլը որոշակի պայմանավորվածություններ են ձեռք բերել Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների վերսկսման միջոցով ստատուս քվոն փոխելու ուղղությամբ։

Իհարկե, դժվար է միանշանակ պնդել, արդյոք ռազմական գործողությունների ավարտն ազդարարող նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունն ամբողջությամբ համապատասխանում է նախօրոք ձեռք բերված պայմանավորվածություններին, թե պատերազմի ընթացքում Ադրբեջանը և Թուրքիան փորձել են շեղվել դրանցից, մասնավորապես, նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի սահմաններում գտնվող մի շարք տարածքների գրավման առումով։ Ամեն դեպքում, արցախյան երկրորդ պատերազմի հետևանքով Ռուսաստանն իրականացրեց Արցախում ռազմակայան ստեղծելու իր վաղեմի մտադրությունը, Թուրքիան օգնեց Ադրբեջանին օկուպացնելու Արցախի Հանրապետության մոտ 75 տոկոսը, հանձինս  Ադրբեջանում ստեղծվող ռուս-թուրքական մոնիտորինգային համատեղ կենտրոնի՝ օրինական կերպով Ադրբեջանում զինվորականներ տեղակայելու հնարավորություն ստացավ և Հայաստանին հարկադրեց համաձայնվել Սյունիքի տարածքով Ադրբեջան – Նախիջևան հաղորդակցության ուղիների կառուցմանը։

ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Ջո Բայդենի հաղթանակը կարող է էական փոփոխություններ մտցնել Ռուսաստան  – Թուրքիա – ԱՄՆ եռանկյունում։ Բայդենի արտաքին քաղաքական թիմի առանցքային ներկայացուցիչներն արդեն հայտարարել են, որ Ռուսաստանը դիտարկում են որպես ԱՄն-ի համար Չինաստանին համարժեք սպառնալիք և կտրուկ կոշտացնելու են քաղաքականությունը Ռուսաստանի նկատմամբ։ Մն-ը ձգտելու է հնարավորինս նվազեցնել վերջինիս ներկայացվածությունը հետխորհրդային տարածաշրջանում՝ ներառյալ Հարավային Կովկասը։ Այս համատեքստում Բայդենի վարչակազմն առանցքային դերակատարություն է հատկացնելու Թուրքիային՝ հստակ պահանջելով Անկարայից վերջ տալ Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև բալանսավորման քաղաքականությանը և վերադառնալ «արևմտյան հարազատ ընտանիք»։ ԱՄՆ-ը կամ կստիպի նախագահ Էրդողանին էականորեն վերանայել Թուրքիայի արտաքին քաղաքականությունը, կամ քայլեր կձեռնարկի Էրդողանին իշխանությունից հեռացնելու ուղղությամբ։ Երկու դեպքում էլ մենք ականատես կլինենք ռուս-թուրքական հարաբերություններում  2016 թ. ամառվանից ձևավորված հավասարակշռության խախտմանը։ Հարաբերություններում կգերակշռի հակամարտային բաղադրիչը և դա ազդեցություն կունենա նաև Հայաստանի և Արցախի Հանրապետությունների վրա։

Վերջին շրջանում Հայաստանում ակտիվորեն քննարկվում է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթաց սկսելու անհրաժեշտության հարցը, որպես արցախյան պատերազմում պարտություն կրելուց և կապիտուլյացիա ստորագրելուց հետո Հայաստանի հետագա թուլացումը  կանխող հնարավորություն։ Բայդենի վարչակազմի կողմից իրականացվելիք կոշտ հակառուսական քաղաքականության և դրանում Թուրքիայի ակտիվ դերակատարության պայմաններում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գաղափարը կարող է ակտիվորեն առաջ մղվել նաև ԱՄՆ-ի կողմից՝ դա դիտարկելով որպես Հարավային Կովկասում ռուսական ազդեցության նվազման ռազմավարության բաղկացուցիչ մաս։ Այս առումով հետաքրքիր է նաև Ադրբեջանի դիրքորոշումը։ Մի կողմից Ադրբեջանի իշխանությունները չեն ցանկանում հայտնվել Թուրքիայի անվերապահ ազդեցության տակ, և այդ համատեքստում, Արցախի մի մասում ռուսական զորքերի տեղակայումը համարում են Թուրքիային հավասարակշռելու կարևոր գործոն։

Միևնույն ժամանակ գնալով ուժեղանում են ռուսական խաղաղապահներին միջազգային խաղաղապահներով փոխարինելու կամ առնվազն լրացնելու Բաքվում հնչող  կոչերը, ինչը 2021 թ. սկսած կունենա նաև հստակ աշխարհաքաղաքական երանգավորում՝ հանդիսանալով Հարավային Կովկսասում ռուսական ազդեցության նվազմանն ուղղված ռազմավարության բաղկացուցիչ մաս։ Ստեղծված պայմաններում Հայաստանի ու Արցախի Հանրապետությունները պետք է հստակ գիտակցեն, որ ԱՄՆ-ի ջանքերով տարածաշրջանում ռուսական ազդեցության նվազումը զուգակցվելու է թուրքական ազդեցության աճով։ Միևնույն ժամանակ առայժմ այնքան էլ հստակ չեն ԱՄՆ-ի հնարավորությունները և ցանկության առկայությունը՝ կանխելու տարածաշրջանում հզորացող Թուրքիայի և Ադրբեջանի հակահայկական գործողությունները։

Դրանց թվում են 2020 թ. սեպտեմբերի 27-ից հետո Արցախի Հանրապետության օկուպացված տարածքների ադրբեջանականացումը, այս պահին ռուսական պրոտեկտորատի վերածված Արցախից մնացած փոքր հատվածի հայաթափումը, Սյունիքի մարզի, կամ նրա մի մասի նկատմամբ փաստացի վերահսկողության հաստատումը, չնայած Ադրբեջանի կողմից իրականացված ագրեսիային և միջազգային հումանիտար իրավունքի բազմաթիվ խախտումներին Հայաստանի նկատմամբ միջազգային դատական ատյաններում տասնյակ միլիարդավոր դոլարների փոխհատուցում պահանջող հայցերի ներկայացման նախապատրաստական աշխատանքները։ Նմանապես հասկանալի չեն նաև Ռուսաստանի գործողությունները ԱՄՆ-ի կողմից իրականացվող ճնշումների և դրանում Թուրքիայի մասնակցության դեպքում։ Կրեմլը կարող է գնալ Թուրքիայի հետ հարաբերությունների վերանայմանը՝ վերադառնալով մինչ 2000-ականների սկիզբը եղած տրամաբանությանը։ Միևնույն ժամանակ չի բացառվում, որ Ռուսաստանը փորձի Թուրքիայի հետ նոր պայմանավորվածություններ ձեռք բերել, այդ թվում՝ մեր ազգային շահերի հաշվին նոր զիջումներ կատարելու պայմանով։