Նաիրա Զոհրաբյանին ԱԺ Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահի պաշտոնից ազատելու հարցով ԲՀԿ-ն կդիմի ՍԴ

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը իրավաչափ չի համարում «Իմ քայլը» խմբակցության ներկայացրած նախագիծը, որով առաջարկում է դադարեցնել խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի լիազորություններն ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում: «Բարգավաճ Հայաստանն» այդ հարցով կդիմի Սահմանադրական դատարան, լրագրողներին հայտնել է Նաիրա Զոհրաբյանը։ Ազգային ժողովը դեկտեմբերի 28-ին արտահերթ նիստում, այդ թվում, քննարկում է Զոհրաբյանին այդ պաշտոնից ազատելու հարցը:

Որպես հիմնավորում՝ «Իմ քայլի» նախագծում նշված է, որ որոշակի բառապաշարով հանդես եկող անձը չի կարող կատարել Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պարտականությունները։

Իշխող խմբակցությունը մեջբերում է Նաիրա Զոհրաբյանի՝ Ֆեյսբուքում կատարած հետևյալ գրառումը․ «Ես ժեխին հայրենիք չեմ տալու։ Ժեխն իմ երկրում այլևս ոչինչ չի որոշելու: Ու եթե պետք լինի, այո, մինչև կրթական որոշակի ցենզի հասնելը, ժեխին պիտի զրկել որևէ կարգի որոշում կայացնելու և առաջին հերթին՝ ընտրելու իրավունքից: Ու բռնի ուժով տանել կրթելու: Սա այլևս տեսակի կռիվ է՝ ժողովրդի ու ժեխի կռիվ. Ո՞ր տեսակը կհաղթի՝ էնպիսի պետություն էլ կունենանք»։

ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման մասին «ՔՊ» «Իմ քայլը» խմբակցության նախաձեռնության իրավաչափության վերաբերյալ Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ ««ՔՊ» խմբակցությունը դարձյալ սխալմամբ ենթադրել է, որ իր կողմից ներկայացված նախագիծն իրավաչափ է, քանզի մշտական հանձնաժողովի նախագահի կողմից իբրև թույլ է տրվել էթիկայի կանոնների խախտում։ Սակայն անտեսվել է այն տարրական կանոնը, ըստ որի՝ էթիկայի կանոնների խախտման փաստի վերաբերյալ եզրակացություն ներկայացնելու լիազորությունը վերապահված է ոչ թե որևէ խմբակցության, այլ բացառապես պատգամավորական էթիկայի հարցերով ստեղծվող ժամանակավոր հանձնաժողովին»։

«Այսպիսով, եթե անգամ պայմանականորեն ընդունեինք, որ մշտական հանձնաժողովի նախագահի կողմից էթիկայի կանոնների խախտում թույլ տալն արդեն բավարար հիմք էր նրա լիազորությունները դադարեցնելու նպատակով նախաձեռնությամբ հանդես գալու  համար, ապա, նախ, անհրաժեշտ էր սահմանված կարգով ունենալ այդ փաստի վերաբերյալ իրավասու կառույցի համապատասխան եզրակացությունը», – նշել է Զոհրաբյանը։