Մի կանխատեսման պատմություն

Ընդամենը ամիսներ անց՝ 2012թ. մարտին, ֆոնդի կառավարիչները հայտարարեցին արդեն ԵՄ շուկայում ներկայությունը շուրջ $60 մլրդ-ով կրճատելու մտադրության մասին: Ավելացած միջոցները ծրագրվում է ուղղել զարգացող տնտեսություններում պորտֆելների ընդլայնմանը, ինչը մարմնավորում է ներդրումային հսկայի նոր պաշտոնական ռազմավարությունը՝ խաղադրույք զարգացող շուկաների վրա:

Նորվեգիայի սուվերեն ֆոնդը միակը չէ, որ հայացքն ուղղում է զարգացող շուկաներ: Աշխարհի խոշորագույն կենսաթոշակային ֆոնդը՝ $1,5 տրլն արժողությամբ ճապոնական GPIF-ը, 2011թ. ավարտին նույնպես հայտարարեց ներդրումային նախասիրությունների փոփոխության մասին՝ հօգուտ MSCI «Զարգացող շուկաներ» ինդեքսում ներառված 26 զարգացող տնտեսությունների:

Այս արմատական փոփոխությունները պատահական չեն: Սկսած 2000-ից՝ զարգացող երկրները ՀՆԱ-ի աճի տեմպով անընդհատ գերազանցել են կայացած տնտեսություններին, և ըստ ԱՄՀ փորձագետների՝ այս միտումն ապագայում կստանա առավել բարձր դինամիկա: Իհարկե, զարգացող շուկաներում ներդրումներն ավանդաբար համարվել են ռիսկային, սակայն ԵՄ պարտքային ճգնաժամը և ԱՄՆ-ի դաշնային բյուջեի ահռելի դեֆիցիտը խիստ կրճատել են ապահով ներդրումների աշխարհագրությունը: Ամենահուսալի և արդյունավետ ներդրումային ուղղությունները հետզհետե կորցնում են երբեմնի գրավչությունը՝ դիրքերը զիջելով զարգացող շուկաներին:

2009թ., երբ ՀՀ կառավարությունը վերջապես գլխի ընկավ, որ Հայաստանին ոչ միայն չի հաջողվի խուսափել ճգնաժամից, այլև այն գոնե արժանապատվորեն դիմավորելուց, վարչապետ Տիգրան Սարգսյանը շրջանառության մեջ դրեց բավական սփոփիչ մի տեսություն: Պարզվում է, որ ճգնաժամերը ոչ միայն տնտեսական անկում են և սոցիալական աղետ, այլև հնարավորությունների պատուհան ու զարգացման նոր ուղիներ մշակելու շանս:
Ինչպես տեսնում ենք, կանխատեսումն այս անգամ իրականացավ: Համաշխարհային ֆինանսատնտեսական համակարգի փլատակների վրա ձևավորվում է նոր տարածություն, որտեղ առաջնայնությունն այլևս չի պատկանում անցյալի ավանդական կենտրոններին: Արևմտյան տնտեսություններում տեղաբաշխված կապիտալը սկսում է հոսել զարգացող աշխարհ, որտեղ նրան սպասվում են ռիսկի և եկամտաբերության շատ ավելի գրավիչ համադրություններ:

Ցավոք, Հայաստանը կրկին ձեռնունայն կմնա բարիքների վերաբաշխումից: Ճիշտ է, վարչապետն այս զարգացումները կանխատեսել էր դեռ երեք տարի առաջ, սակայն դա դժվար թե հետաքրքրի ներդրողներին, որոնք, խոսքերի փոխարեն, ուշադրություն են դարձնում փաստերին, օրինակ՝ տեղական բորսաներում հաշվառված ընկերությունների շուկայական կապիտալիզացիային: Ըստ Համաշխարհային բանկի՝ 2010թ. այս ցուցանիշը Հայաստանում կազմել է ՀՆԱ-ի 0,3%-ը (Ղրղըզստանում՝ 1,3%-ը), ինչը, մեղմ ասած, վկայում է երկրում ֆինանսական շուկաների բացակայության մասին: Փոխարենը, Հայաստանի տնտեսության մեջ շարունակում են գերակայել այնպիսի բնագավառներ, ինչպիսիք են կեղծ օղիների և սննդամթերքի փոքրամասշտաբ արտադրությունը, գազալցակայանները, հանքարդյունաբերությունը: Այս ամենը միգուցե գայթակղում է հայ օլիգարխներին, բայց լուրջ ներդրողներին՝ երբեք:

Մնում է ուրախանալ, որ կառավարության կանխատեսումները գոնե ժամանակ առ ժամանակ իրականանում են: Սակայն ինչ օգուտ, եթե կանխատեսմանը չի հաջորդում գործ: