Мemento mori. իրականությունից կտրվելու վտանգը

Ապրիլի 12-ին կառավարության նիստին վարչապետ Տիգրան Սարգսյանը ներկայացրեց կառավարության ձեռնարկած բարեփոխման մոնիթորինգի հերթական հաշվետվությունը և հայտարարեց, որ բնակչության մեծ մասը գոհ է բարեփոխումներից։

Երկու իրադարձություններն էլ նման են: Երկու դեպքում էլ գործ ունենք իրականությունից բացարձակապես կտրված լինելու ցայտուն դրսևորումների հետ:
Իրեն «խաղարարար» հայտարարող գործիչը և նրան տարածք տրամադրած Գյումրիի «Ասպարեզ» ակումբի նախագահն այնքան են կտրվել իրականությունից, որ չեն գիտակցում, որ Հայաստանը պատերազմի մեջ է, որ սահմանին կանգնած տղաները, այդ թվում՝ գյումրեցի տղաները, ամեն օր մահվան աչքերի մեջ են նայում: Պատերազմող երկրում հակառակորդի ֆիլմերի ցուցադրում կազմակերպելը, մեղմ ասած, տարօրինակ է:

Վարչապետի դատողությունները հասարակական տրամադրությունների մասին այնքան հեռու են իրականությունից, որ հարց է առաջանում՝ արդյոք նա հավատո՞ւմ է իր խոսքին: Քանի որ հակված եմ կարծել, որ՝ այո, ապա ենթադրեմ, որ նա նույնպես ապրում է մի աշխարհում, որն իրականության հետ կապ չունի: Քանի որ բավական է մի ժամ ընդամենը ծախսել փողոցում պատահական մարդկանց հետ զրուցելու վրա, որպեսզի «բացահայտվի» կառավարության աշխատանքի մասին հանրային գնահատականը: ԽՍՀՄ-ում կար, օրինակ, «բողոքի գրքի» կամ «նամակ թերթին» երևույթը, որը իշխանություններին հաղորդում էր հասարակական տրամադրությունները: Մեր երկրում խզումը անհավանական չափերի է հասել:

Այս ինքնահանգստացման և ինքնահամոզման ծուղակը վտանգավոր է դառնում: Ապրելով հորինված և ցանկալին իրականության տեղ ներկայացնող աշխարհում, չի կարելի ռացիոնալ գնահատականների հանգել, հետևաբար անհնար է լուծել առկա խնդիրները և մշակել ճիշտ իրականությունից բխող ռազմավարություն:

Իրականության ճիշտ ընկալման մասին խոսելը նաև կարևոր է գալիք ընտրությունների համատեքստում: Եթե դրանց հայտարարված արդյունքները հերթական անգամ չարտացոլեն հասարակության տրամադրությունները, իսկ ընտրական պաշտոնական արդյունքները լինեն իրականությունից կտրված և միայն այսօրվա իշխանության ցանկությունների արտահայտություն, ապա դրա հետևանքը կլինի այն, որ իշխանական էլիտան կշարունակի ապրել ու գործել իրականության մասին իր վիրտուալ, կտրված պատկերացումներով:

Հին Հռոմում կար մի շատ կարևոր միջոցառում՝ Տրիումֆ, որ կազմակերպվում էր հաղթանակած զորավարի Քաղաք վերադառնալու առիթով: Տրիումֆը զորահրամանատարին տրվող բարձրագույն պարգևն էր: Այդ օրը հատուկ, միայն Յուպիտերին արժանի հանդերձանքով՝ ոսկե աստղերով զարդարված ծիրանի, ոսկեզօծ կոշիկներ հագած, մի ձեռքում՝ դափնու ճյուղ, մյուսում՝ արծվի նշանով փղոսկրից գայիսոն, սպիտակ ձիերով հեծնած ոսկեզօծ ձիակառքի վրա կանգնած:

Տրիումֆի արժանացած զորավարը Մարսյան դաշտից մտնում էր Հռոմ: Նրա հետ գալիս էր ծաղիկներով զարդարված ու ռազմավարով բեռնված թափորը:
Այս ամբողջ շքեղության մեջ կար մի կարևոր դերակատար՝ զորավարի թիկունքում կանգնած մի ստրուկ, որը, բացի նրա գլխավերևում ոսկե պսակը պահելուց, ժամանակ առ ժամանակ հիշեցնում էր հաղթահերոսին, որ վերջինս ընդամենը մի մահկանացու է (memento mori), և այս ամենը՝ փառքը, հարստությունը և ժողովրդի հիացմունքը, անցողիկ է, և նա պահի հաճույքից արբեցած զորավարին վերադարձնում էր իրականություն: Խելամիտ հռոմեացիները գիտեին, որ իրականությունից կտրվելը մահացու վտանգավոր է:

Մեկնաբանել