Վիտալի Բալասանյանը՝ թմրամոլների, հարբեցողների ու Ֆեյսբուքի մասին

Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը վստահեցնում է՝ Հադրութը, Ասկերանի կորսված հատվածը ժամանակի ընթացքում վերադարձվելու են։ «Մենք չենք պարտվել»,- Արցախի հանրային հեռուստատեսության հետ զրույցում հայտարարել է Բալասանյանը՝ հիշեցնելով, որ 1992-1993 թվականներին Արցախը «տարածքային առումով ավելի վատ վիճակում է եղել»։

Բալասանյանը պատմել է՝ ռուսական խաղաղապահ առաքելության կազմում «մեկ հոգի ալկոհոլ է օգտագործել, որի հետևանքով զորացրվել է ու լքել Արցախը»։ 

«Մեր ժողովրդին եմ դիմում՝ զերծ մնալ բոլոր թմրամիջոցներից ու ալկոհոլ օգտագործելուց, բոլոր նրանք, ովքեր ալկոհոլ կօգտագործեն, տնից դուրս տեղ չունեն։ Արցախի հանրապետության տարածքում յուրաքանչյուր մարդ պարտավոր է լինել կարգապահ։ Նրանք, ովքեր թմրամիջոցներ են օգտագործում, տեղ չունեն Արցախում, րոպե առաջ կամ թող դրանք շպրտեն, կամ լքեն Արցախի հանրապետության տարածքը»,- հայտարարել է գեներալ-մայոր Բալասանյանը։

Թմրամոլների ու հարբեցողների մասին հայտարարությունից հետո նա խոսել է նաև աղանդավորական կենտրոնների մասին՝ կոչ անելով անհապաղ փակել այդ գրասենյակներն ու լքել Արցախի տարածքը, «այլապես իր ծառայությունների հետ միասին թույլ չի տալու, որ Արցախում աղանդավորական բաները շարունակեն». 

«Հունվարի 1-ից ուժեղացվելու են բոլոր ծառայությունները կարգազանց վարորդներին, քաղաքացիներին, թմրամիջոց օգտագործողներին հայտնաբերելու համար։ Բոլորը պատասխան են տալու, բոլորը»,- նշել է ԱԱԽ քարտուղարը։ 

Նա մտադիր է նաև փակել Արցախում բարձրաստճան պաշտոնյաների ֆեյսբուքյան էջերը․ պետական աշխատողները աշխատանքային ժամին չեն կարողանալու Ֆեյսբուքում գրառումներ անել, անելու դեպքում կհեռացվեն աշխատանքից։ 

Բալասանյանը հարց է բարձրացնում՝ ինչո՞ւ են արցախցիները օրվա ընթացքում օգտվում հեռահաղորդակցությունից. «Մինչև սեպտեմբեր մոտ 15 միլիարդ այսպես կոչված ինտերնետային ու հեռախոսային ծառայությունների համար փող է ծախսում մեր ժողովուրդը։ Արցախի բյուջեն 120 միլիարդ դրամ է, դա ծիծաղելի՞ է, թե՞ չէ։ Արցախի հանրապետության քաղաքացիները 15 միլիարդի խոսում են, ի՞նչ են խոսում, հետաքրքիր է ինձ»։ Արցախի ԱԽ քարտուղարը հիշել է խորհրդային տարիները, երբ «բոլորի տանը, հիմնարկներում լարային հեռախոս կար, ու կարգապահ վիճակ էր»։