Ըստ ԱԳՆ-ի՝ Սյունիքում ընթացող միջոցառումները չեն կարող մեկնաբանվել որպես նախկին վարչական սահմանների մեխանիկական հաստատում

«Ներկայում ընթացող միջոցառումների իրականացումը չի առնչվում կարգավիճակային հարցերին, չի կարող մեկնաբանվել որպես սահմանագծման և սահմանազատման շուրջ վերջնական համաձայնություն կամ գոյություն ունեցած վարչական սահմանների մեխանիկական հաստատում»․ Հայաստանի ԱԳՆ-ն այսպիսի պատասխան է տվել Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին, որն այդ գերատեսչությունից պարզաբանում է հայցել Սյունիքում սահմանագծման և սահմանազատման գործընթացների մասին` հաշվի առնելով ստեղծված իրավիճակում մարդու իրավունքների վրա այդ գործընթացների ուղիղ ազդեցությունը:

Ֆեյսբուքյան իր էջում Թաթոյանը գրել է, որ ԱԳՆ-ն տրամադրել է կարևոր նշանակության պաշտոնական դիրքորոշում և ամբողջությամբ հրապարակել է ԱԳՆ-ի պատասխանը, որը հետևյալն է․

«Պետական սահմանների սահմանագծումը (դելիմիտացիան) և սահմանազատումը (դեմարկացիան) հաջորդաբար իրականացվող երկկողմ միջազգային գործընթացներ են, որոնք պահանջում են համատեղ հանձնաժողովի առկայություն և դրա շրջանակներում մասնագիտական քննարկումների և բանակցությունների անցկացում։ Վերոնշյալ գործընթացների առաջնային պայման է սահմանակից պետությունների միջև երկկողմ բնականոն, այդ թվում` դիվանագիտական հարաբերությունների առկայությունը:

Միջազգային պրակտիկայում՝ սահմանակից երկրների միջև սահմանագծման և սահմանազատման գործընթացներն իրականացնելու նպատակով ձևավորվում է համապատասխան երկկողմ միջկառավարական հանձնաժողով (երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ներկայացուցիչների գլխավորությամբ)՝ բաղկացած պետական շահագրգիռ մարմինների (արտաքին քաղաքական, պաշտպանության և անվտանգության ոլորտներից) ներկայացուցիչներից և փորձագետներից (մասնավորապես՝ գեոդեզիայի և քարտեզագրության ոլորտից)։

Նման հանձնաժողովների աշխատանքների առաջին փուլը, որպես կանոն, ավարտվում է առանձին երկկողմ համաձայնությամբ՝ սահմանագծման իրավական հիմքերի շուրջ, հետագայում՝ սահմանագծման ավարտից հետո, նաև սահմանազատման գործընթացի համատեղ իրականացման շուրջ։

Հանձնաժողովի կողմից երկկողմ գործընթացի բարեհաջող ավարտից հետո կնքվում է երկու պետությունների միջև սահմանի մասին համաձայնագիր, որով արձանագրվում է սահմանային հարցերում բոլոր խնդիրների լուծված լինելու հանգամանքը։

Նախքան վերոնշյալ գործընթացների մեկնարկը և դրանց բարեհաջող ավարտը՝ պետական սահմանի երկայնքով մարտական հերթապահություն իրականացնելու նպատակով զինված ուժերի կամ սահմանապահ զորքերի տեղակայումը բացառապես պաշտպանական և անվտանգային բնույթի միջոցառում է՝ կողմերի փաստացի վերահսկողության տակ գտնվող բնագծերում, որը անմիջականորեն կամ միջնորդավորված բանակցվում է զինված ուժերի ներկայացուցիչների միջև:

Ուստի, ներկայումս ընթացող միջոցառումների իրականացումը չի առնչվում կարգավիճակային հարցերին, չի կարող մեկնաբանվել որպես սահմանագծման և սահմանազատման շուրջ վերջնական համաձայնություն կամ գոյություն ունեցած վարչական սահմանների մեխանիկական հաստատում»:

ՍիվիլՆեթ

Մեկնաբանել