Արսեն Թորոսյանը պատվաստվել է կորոնավիրուսի ռուսական պատվաստանյութով

Նոյեմբերի 21-ին Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի  մասնաճյուղում տեղի ունեցած ՌԴ դաշնային ծառայության Սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության ոլորտում վերահսկողության կողմից Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը նվիրաբերված շարժական լաբորատորիայի բացման հանդիսավոր արարողություն ժամանակ, ՌԴ-ի առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոյի կողմից Հայաստանին՝ որպես նվիրատվություն, տրվել էին կորոնավիրուսային հիվանդության  դեմ «Սպուտնիկ V» պավաստանյութի օրինակներ. այս մասին տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը:

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ չնայած «Սպուտնիկ V» պատվաստանյութը կլինիկական փորձարկումների ընթացքում բավարարել է պատվաստանյութերի անվտանգությանը և արդյունավետությանը ներկայացվող պահանջները, այնուամենայնիվ այդ պահին դեռ գրանցված չէր, ուստի բնակչության շրջանում վստահության բարձրացման և հնարավոր շահարկումներից խուսափելու նպատակով՝ առաջինը պատվաստվեց Առողջապահության նախարարության ղեկավար անձնակազմը՝ նախարար Արսեն Թորոսյանի գլխավորությամբ: Հարկ է նշել, որ պատվաստվողների շրջանում հետպատվաստումային անսպասելի որևէ երևույթ չի գրանցվել և բոլորի ինքնազգացողությունը լավ է:

Մեկ անգամ ևս կարևորելով կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման գործընթացում պատվաստանյութի դերն ու նշանակությունը՝ Առողջապահության նախարարությունն իր խորը երախտագիտությունն է հայտնում Ռուսաստանի Դաշնությանը վարակիչ հիվանդությունների, այդ թվում՝ կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում փոխշահավետ համագործակցության համար՝ ակնկալելով, որ գործընթացը կլինի շարունակական՝ ի նպաստ երկու երկրում հանրային առողջության ապահովմանը»,- ասված է հաղորդագրությունում: