ՀՀԿ-ն բացառել է գործող վարչախմբի հետ քաղաքական քննարկումների մասնակցելը

Դեկտեմբերի 29-ի երեկոյան ՀՀԿ կենտրոնակայանում տեղի է ունեցել կուսակցության գործադիր մարմնի նիստը՝ Սերժ  Սարգսյանի նախագահությամբ. այս մասին ասվում է ՀՀԿ գործադիր մարմինի տարածած հաղորդագրությունում:

Ըստ հաղորդագրության՝ քննարկվել է երկրում ստեղծված իրավիճակը՝ Հայաստանին և Արցախին  սպառնացող նոր մարտահրավերների  և շարունակաբար սեղմվող աշխարհաքաղաքական միջավայրի համատեքստում։

«Ընգծվել է, որ գործող վարչախմբի հետ որևէ քաղաքական քննարկումների ՀՀԿ մասնակցությունը բացառվում է։

Վերահաստատվել է, որ պետության անկյունաքարային քայլը գործող կառավարության անհապաղ հեռացումն է:

Մտքերի փոխանակման արդյունքում  կուսակցության հետագա անելիքների մասին որոշումները ինչպես առանձին, այնպես էլ «Հայրենիքի փրկության շարժման» շրջանակներում կկայացվեն հաջորդ տարվա սկզբին»:

Նիստի ընթացքում ընդգծվել է նաև կուսակցության միջազգային գործընկերներին ռազմագերիների, պատանդների և զոհվածների աճյունների փոխանակման հարցերով բոլոր հնարավոր միջոցներով մշտական ներգրավման անհրաժեշտությունը: