2020-ի ամենադիտված նյութերը ՍիվիլՆեթի կայքում

2020-ի ընթացքում CivilNet.am կայքում ամենաշատ դիտում ունեցել են Ղարաբաղյան պատերազմին և կորոնավիրուսին առնչվող տեքստային նյութերը։

10-րդ տեղում Արցախի ՊԲ հրամանատար Ջալալ Հարությունյանի մարտակոչն է սեպտեմբերի 27-ին՝ պատերազմի առաջին օրը։ Լուրը դիտվել է 36 644 անգամ։

9-րդ տեղում Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի (MIT) պրոֆեսոր, միջուկային ֆիզիկոս Արեգ Դանագուլյանի հոդվածն է գիտության և բանակի մարտունակության միջև կապի մասին։ Պատերազմի 44 օրերի ընթացքում ամենաքննարկվող թեմաներից մեկը բանակի սպառազինություն էր և արդիականացումը, հատկապես, երբ հենց առաջին օրերից ակնհայտ դարձավ հակառակորդի բանակի տեխնոլոգիական առավելությունը։ Նոյեմբերի 13-ին հրապարակված «Հայ գիտնականն ու բանակը» վերնագրված հոդվածն ունի 37 222 դիտում։

8-րդ տեղում Հայաստանի նախկին արտգործնարար Էդվարդ Նալբանդյանի հոկտեմբերի 15-ին հրապարակած հոդվածն է իր պաշտոնավարման օրոք (2008-18) ղարաբաղյան բանակցային գործընթացի մասին: (Հոդվածը սկզբնապես ռուսերենով հրապարակվել էր Armeniasputnik կայքում, ՍիվիլՆեթը ներկայացրել էր հայերեն թարգմանությունը)։ Նալբանդյանն իր ծավալուն հոդվածում հակադարձում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որը հոկտեմբերի 14-ին ժողովրդին հղած հերթական ուղերձում հայտարարել էր, թե ինքը նախորդներից ղարաբաղյան բանակցային գործընթացի «վատ ժառանգություն» է ստացել։  Նալբանդյանը հոդվածում Փաշինյանին մանրամասն հիշեցնում է նախահեղափոխական շրջանում ղարաբաղյան բանակցություններում հայկական կողմի հաջողությունների, այդ թվում՝ 2016-ի ապրիլյան պատերազմից հետո Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների Սանկտ Պետերբուրգի և Վիեննայի հայտարարությունների մասին։ «Հենց սա է «ժառանգություն» թողնվել» վերնագրված հոդվածն ունի 37 677 դիտում։

7-րդ տեղում ««Յուքոմի» ողջ տնօրինությունը հրաժարական է տվել. հակասություններ մեծամասնական բաժնետերերի հետ» հոդվածն է։ «Յուքոմ» բջջային օպերատորի փոքրամասնական բաժնետերեր և ընկերության գործադիր ղեկավարներ Եսայան եղբայրների հակասությունները մեծամասնական բաժնետերերի հետ հանրային և քաղաքական լայն հնչեղություն ստացան։ Եսայանները, որոնք ցանկանում էին ձեռք բերել «Յուքոմը», ի վերջո դուրս եկան ընկերությունից և ձեռք բերեցին BeeLine բջջային օպերատորի («Վեոն Արմենիա») հայկական դստեր բաժնետոմսերը՝ ստեղծելով Telecom Armenia ընկերությունը։ Ապրիլի 10-ին հրապարակված հոդվածն ունի 41 768 դիտում։

6-րդ տեղում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հոկտեմբերի 14-ի հայտարարությունն է։ Լավրովը կրկնում էր ղարաբաղյան հակամարտության իր՝ ավելի վաղ ներկայացրած կարգավորման ծրագիրը, որ հայտնի է որպես «Լավրովյան պլան», որը նախատեսում էր նախկին ԼՂԻՄ-ին հարակից տարածքներից հայկական ուժերի դուրսբերում, անվտանգության երաշխիքներ, խաղաղապահների տեղակայում, կարգավիճակի որոշում։ Ռուսաստանի արտգործնախարարի հայտարարությունից հետո՝ նույն օրը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ ուղերձով, ըստ էության կրկին մերժեց Լավրովի պլանը և ժողովրդին նորից մարտակոչ արեց՝ ասելով, որ իր նախորդներից վատ ժառանգություն է ստացել։ Հոդվածն ունի 43 646 դիտում։

5-րդ տեղում  կրկին Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի պրոֆեսոր Արեգ Դանագուլյանի հոդվածն է կրթության կարևորության մասին։ Դանագուլյանը կրթությունը կարևորում է կրկին պետության պաշտպանունակության ամրապդնման համատեքստում։ Նոյեմբերի 17-ին հրապարակված «Երեք մարգարեական կանխատեսում, որ արհամարհվեցին այս պատերազմից առաջ․ ինչպես կրթությունը դարձնել պաշտամունք» հոդվածը ունի 59 192 դիտում։

4-րդ տեղում սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմի մասին առաջին լուրն է։ «Շփման գծի ողջ երկայնքով Ադրբեջանը ակտիվ հրետակոծություն է սկսել, հրետակոծվում է նաև Ստեփանակերտը» լուրն ունի 65 918 դիտում։

3-րդ տեղում մարտի 31-ին հրապարակված «Ինչու շվեդները չեն վախենում կորոնավիրուսից» վերնագրված հոդվածն է, որտեղ ներկայացվում էր, թե ինչու Շվեդիան խիստ միջոցներ չի ձեռնարկում համաճարակի դեմ։ Հոդվածն ունի 71 341 դիտում։

2-րդ տեղում ՍիվիլՆեթի լրագրող Թաթուլ Հակոբյանի հոդվածն է 44-օրյա պատերազմի իր նոթատետրից։ Պատերազմի օրերին ռազմական դրության սահմանափակումներով պայմանավորված՝ լրագրողները չէին կարողանում հաղորդել կամ ամբողջությամբ հաղորդել ճշմարտությունը, թե ինչ է կատարվում առաջնագծում։ Նոյեմբերի 20-ին հրապարակված «Ադրբեջանցիները հասել են Մեղրիի սահման» վերնագրով հոդվածը պատմում է պատերազմի ժամանակ իրերի իսկական դրության մասին։ Այն ունի 72 330 դիտում։

1-ին տեղում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ «Ալ Արաբիա» հեռուստաընկերությանը հոկտեմբերի 4-ին տված հարցազրույցի մասին լուրն է, որում Ալիևն ասում էր, թե Հայաստանի հետ հակամարտության լուծումը պետք է ընթանա երկխոսության միջոցով, սակայն բանակցությունների համար պետք է հիմք լինի: Լուրն ունի 110 442 դիտում։

Մարիա Եղիազարյան