Բաքուն և Անկարան Ղարաբաղում պատերազմից հետո տարածքային պահանջներ են ներկայացնում Իրանին

Ֆրանսիական Petrostrategies վերլուծական ընկերությունն իր World Energy Weekly հանդեսում (դեկտեմբերի 28) անդրադառնում է դեկտեմբերի է 10-ին Բաքվում կայացած հաղթանակի շքերթին և պնդում, որ Ղարաբաղյան պատերազմից հետո Բաքուն և Անկարան տարածքային պահանջներ են ներկայացնում Իրանին։

2020թ. սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ը Ղարաբաղում ծավալված պատերազմում թերևս երկու պարտվող կար։ Առաջինը, իհարկե, Հայաստանն է, որին ուղղված էին բոլոր հայացքները, քանի որ այն ջախջախիչ ռազմական պարտություն կրեց։ Սակայն հիմա հետին պլանում հայտնվում է երկրորդ անհաջողակը։ Դա Իրանն է, որին պատերազմից հետո հաղթանակած տանդեմը սպառնում է տարածքային մասնատումով։

Հրադադարից մեկ ամիս անց՝ դեկտեմբերի 10-ին Բաքվում կայացած հաղթանակի շքերթի ժամանակ, Ադրբեջանն ու Թուրքիան հայտարարեցին Իրանի հյուսիսարևմտյան նահանգների նկատմամբ իրենց տարածքային պահանջների մասին։ Այդ հավակնությունները արտահայտվեցին պոեզիայի տեսքով։

Բաքվում ռազմական շքերթի ժամանակ բարձրախոսները հեռարձակում էին հերոսական պոեմներ՝ հիշատակվելով Թավրիզի միջնաբերդը (Arg of Tabriz) և Սեբելան լեռը՝ երկուսն էլ ադրբեջանցիներով բնակեցված խորհրդանշական վայրեր Իրանում: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի անթաքույց էր և արտասանում էր հատվածներ 1920-ականներին գրված մի պոեմից, որում ափսոսանք կար երկու Ադրբեջանների՝ հյուսիսում նախկին Խորհրդային Հանրապետության և հարավում իրանական շրջանների «բռնի բաժանման» կապակցությամբ։

Իրանցիները չէին ակնկալում նման բան։ Պատերազմի ընթացքին նրանք հետևում էին որպես ուշադիր դիտորդներ՝ պաշտոնապես նախապատվությունը տալով Բաքվին։ Որևէ անակնկալի պատրաստ լինելու համար նրանք զգալի ուժեր էին կենտրոնացրել Արաքսի երկայնքով, բայց չմիջամտեցին։ Հրադադարից հետո հաղթանակի կապակցությամբ Թեհրանը նույնիսկ շնորհավորեց Բաքվին։

Բայց հիմա Ադրբեջանն ու նրա դաշնակից Թուրքիան իրենց սպառնալից հայացքն ուղղում են դեպի Իրան։ Իրանի արտաքին գործերի նախարարն անմիջապես արձագանքեց զայրացած թվիթով՝ փոխանցելով, որ այդ Բաքուն պետք է սպառնալիք զգա։ Թեհրանում Թուրքիայի դեսպանին վճռական բողոքի նոտա հանձնվեց։ Իրանական մամուլն ու վերլուծաբաններն իրենց հերթին դատապարտեցին Անկարայի «էքսպանսիոնիստական» և «նեոօսմանական» նպատակները։ Բայց դա դեռ վերջը չէր։

Բաքվում ռազմական շքերթից և նրա պոետիկ քաղաքական ուղերձներից հինգ օր անց Ադրբեջանն ու Թուրքիան հայտարարեցին Թուրքիայի հյուսիսարևելյան Իգդիրից Նախիջևան ադրբեջանական գազ մատակարարելու համար 85-կիլոմետրանոց գազատարի կառուցման համաձայնագրի ստորագրման մասին: Հայաստանի, Իրանի և Թուրքիայի միջև ընկած ադրբեջանական այս ինքնավար հանրապետությունը ներկայում Իրանից է ստանում իր գազը։ Փոխարենը սվոփ համաձայնագրով Իրանը ադրբեջանական գազ է ստանում Ադրբեջանից՝ 15 տոկոս պահումով։ Ծավալը, որի մասին խոսվում է, մեծ չէ՝ տարեկան մոտ 300 մլն խմ՝ Նախիջևանի մոտ 500 հազար բնակչության համար։ Դա, սակայն, Ադրբեջանին կախյալ էր դարձնում Իրանից, և Բաքուն ու Անկարան հիմա ցանկանում են վերջ դնել այդ կախվածությանը։

Արդյոք նրանք կարծում են, որ հարևան Իրանն իրենց ինչ-որ նոր անախորժություննե՞ր է բերելու։ Հավանաբար սա հենց այն հարցն է, որ տալիս են Թեհրանում։

Մարիա Եղիազարյան

After the Karabakh war, Baku and Ankara make claims to Iranian territory