«Կոմերսանտը»՝ Ղարաբաղում Հայաստանի պարտության պատճառների մասին

Ռուսական «Կոմերսանտ» թերթն իր տարեվերջյան համարում անդրադարձել է Ղարաբաղյան պատերազմին, Հայաստանի պարտության պատճառներին և ստեղծված իրավիճակին։ «Հաղթանակը եկավ այնտեղ, որտեղից չէին սպասում։ Ադրբեջանի և Հայաստանի միջև երկրորդ պատերազմը փոխել է Անդրկովկասի ստատուս-քվոն» վերնագրված հոդվածից հատված թարգմանաբար ներկայացված է ստորև։

[…]

Ադրբեջանի հաղթանակին նպաստող գործոնների թվում էր սպառազինության նրա գերազանցությունը, առաջին հերթին՝ օդում լիակատար գերիշխանությունը, որ նա ստացել էր Իսրայելից ու Թուրքիայից գնած անօդաչու թռչող սարքերի շնորհիվ։ Փորձագետները կարծում են, որ հայկական կողմը անակնկալի էր եկել օդում բարաժավորող զինամթերքից (կամիկաձե դրոններից)։ Այլ գործոնների թվում, որոնք Ադրբեջանին հաղթանակ ապահովեցին պատերազմում, թուրք ռազմական խորհրդականների օգնությունն էր, որոշ տվյալներով՝ նաև թուրք զինծառայողների, ներառյալ օդաչուների և հրետանավորների ու Մերձավոր Արևելքից վարձկանների անմիջական մասնակցությունը մարտերին (ինչը, ի դեպ, ադրբեջանական կողմը կտրականապես հերքում է):

Տե՛ս նաև՝ Բաքուն և Անկարան Ղարաբաղում պատերազմից հետո տարածքային պահանջներ են ներկայացնում Իրանին

Հայաստանի պարտության պատճառների թվում փորձագետները նշում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի անհեռատես քաղաքականությունը, որը պատերազմ էր թույլ տվել պայմաններում, երբ երկիրը պատրաստ չէր դրան, Հայաստանի ղեկավարության սխալները բանակաշինության հարցերում և ռազմական հրամանատարության ռազմավարական և մարտավարական սխալները:

Ադրբեջանի հաղթանակը կտրուկ արժեզրկեց Նիկոլ Փաշինյանի ամբողջ տարի հնչեցրած կոչերը Լեռնային Ղարաբաղին հատուկ կարգավիճակ տրամադրելու վերաբերյալ։ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի նախագահների նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ Ղարաբաղի հատուկ կարգավիճակի անհրաժեշտության մասին որևէ խոսք չկա։

Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրման հաջորդ օրը Իլհամ Ալիևը ազգին ուղղված իր ուղերձում հայտարարեց. «Դե ինչ, Փաշինյա՛ն։ Ուր է կարգավիճակը: Չկա կարգավիճակ և չի էլ լինի։ Սա Ադրբեջանի մաս է, Փաշինյա՛ն»։

Իր հերթին, Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը եռակողմ հայտարարության ստորագրումից հետո հաստատեց Մոսկվայի հավատարմությունը Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքին: «Այո՛, այդ փաստաթղթում չի խոսվում Ղարաբաղի կարգավիճակի մասին։ Այս պահին մենք շարունակում ենք ելնել միջազգային իրավունքի բոլոր համապատասխան հիմնական ակտերից, առաջին հերթին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևերից և այլ փաստաթղթերից»,- պարզաբանեց Պեսկովը:

Դեկտեմբերի 10-ին Բաքվում կայացած հաղթանակի զորահանդեսից և հանդիսություններին ներկա Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ բանակցություններից հետո Իլհամ Ալիևը Հայաստանի հասցեին հանդես եկավ հաշտեցման հայտարարությամբ: «Մենք քննարկել ենք խաղաղության պայմաններում տարածաշրջանի զարգացման միասնական հարթակի ստեղծումը։ Այդ հարթակը նախատեսում է Ռուսաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի և Իրանի համագործակցությունը։ Եթե Հայաստանը ճիշտ հետևություններ անի ավարտված պատերազմից, մենք կարող ենք նրա հետ համագործակցել։ Մենք պետք է վերջ տանք այդ թշնամանքին, նոր էջ բացենք»,- հայտարարեց Իլհամ Ալիևը։

Եթե անգամ բողոքի շարժման ներկայիս ալիքը չհեռացնի Փաշինյանին ու նրա կառավարությանը, հաջորդ՝ հերթական կամ արտահերթ ընտրություններում Նիկոլ Փաշինյանի հաղթանակի հեռանկարները շատ մշուշոտ են երևում

Առայժմ պարզ չէ, թե Հայաստանում ում վիճակված կլինի հետևություններ անել տեղի ունեցածից։ Երկրում մեծ թվով քաղաքացիներ վարչապետ Փաշինյանին մեղավոր են համարում պատերազմում խայտառակ պարտության համար, ընդդիմությունը ձգտում է հասնել նրա հրաժարականին։ Եթե անգամ բողոքի շարժման ներկայիս ալիքը չհեռացնի վարչապետին ու նրա կառավարությանը, հաջորդ՝ հերթական կամ արտահերթ ընտրություններում Նիկոլ Փաշինյանի հաղթանակի հեռանկարները շատ մշուշոտ են երևում։

Մարիա Եղիազարյան

Լուսանկարը՝ Ֆոտոլուրի