Գորիս-Կապան ավտոճանապարհի 21 կիլոմետրանոց հատվածում, որը գտնվում է վիճելի տարածքում, շարունակվում են երկու կողմերի սահմանապահ զորքերի տեղակայման աշխատանքները։ Այս մասին հայտնել է Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը։
«Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ զորքերն այս ընթացքում տեղակայվում են նաև շփման գծի Շուռնուխ բնակավայրին հարող տարածքում։ Տեղի բնակչությանը կոչ ենք անում չտրվել որևէ սադրանքի՝ հնարավոր լարվածությունից խուսափելու համար: ՀՀ զինված ուժերն ու հայ և ռուս սահամանապահ զորքերը լիովին տիրապետում են իրավիճակին»,- նշել է Պողոսյանը։
Հունվարի 2-ին ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ Շուռնուխի համայնքապետ Հակոբ Արշակյանը հայտնեց, որ ադրբեջանական զինուժը մուտք է գործել գյուղ, նա նաև տեղեկացրեց, թե համայնքում են հայ սահմանապահներն ու ռուս խաղաղապահները։ Արշակյանի խոսքով՝ «մինչև ամսի 5-ը ժամանակ են տվել» վիճահարույց հատվածում գտնվող տներն ու տարածքները լքելու համար։