Մուբարաքի զինակիցները տասը տարի չեն կարող դառնալ նախագահ

Եգիպտոսի պաշտոնանակ արված նախագահ Հոսնի Մուբարաքի զինակիցները առաջիկա տասը տարիներին չեն կարողանա մասնակցել պետության ղեկավարի ընտրություններին։ Համապատասխան օրինագծին հավանություն է տվել Եգիպտոսի խորհրդարանը, որում գերակայում են իսլամիստները։ Հենց նրանք էլ եղել են օրենքի նախաձեռնողները, որը նախագահական ընտրություններին թույլ չի տա մասնակցել Եգիպտոսի նախկին փոխնախագահ և Ընդհանուր հետախուզության նախկին ղեկավար Օմար Սուլեյմանին, հաղորդում է Euronews-ը։

Արգելքն ուժի մեջ կմտի Եգիպտոսի ժամանակավոր ղեկավար, մարշալ Հուսեյն Թանթավիի ստորագրումից հետո։ Այն կվերաբերի Մուբարաքի շրջանի կուսակցական այլ բարձր պաշտոնյաներին, բայց ոչ նախկին նախարարներին։ Այդպիսով՝ Արաբական պետությունների լիգայի նախկին գլխավոր քարտուղար Ամր Մուսան, որը Հոսնի Մուբարաքի կառավարման տարիներին գլխավորել է նաև Եգիպտոսի արտգործնախարարությունը, նախագահի պաշտոնի թեկնածուների ցուցակում կմնա։

Եգիպտոսում նախագահական ընտրությունների առաջին փուլը նշանաված է մայիսի 23-24-ին։