Երևանում նոր ճանապարհ կկառուցվի․ որոշումն ուժի մեջ է մտնում այս շաբաթ

Այս շաբաթ ուժի մեջ է մտնում Երևան քաղաքի Մամիկոնյանց և Արամ Խաչատրյան փողոցները միացնող ճանապարհահատվածի կառուցման ծրագիրը։

Կառավարության ընդունած որոշման համաձայն Մամիկոնյանց փողոցի որոշ հատվածներ ճանաչվելու են հանրային գերակա շահ։

Նշվում է, որ ճանապարհաշինության արդյունքում կբարելավի Երևան քաղաքի Արաբկիր համայնքում ավտոմեքենաների թվի կտրուկ ավելացման պատճառով առաջացած ավտոճանապարհների գերբեռնվածության բեռնաթափման խնդիրը։

«Նախատեսված` Երևանի Մամիկոնյանց և Արամ Խաչատրյան փողոցները միացնող ճանապարհահատվածի կառուցմամբ, զուգահեռ տրանսպորտային հաղորդակցուղով հնարավորինս կթեթևացվի Կոմիտասի պողոտայի երթևեկությունը, ինչպես նաև կբարելավվեն թաղամասի տարհանման ելքեր։

Նշված ճանապարհի շինարարության արդյունքում` թաղամասի փողոցային ցանցը ձեռք կբերի պարփակ լուծում, ինչը թույլ կտա նվազեցնել Կոմիտասի պողոտայի տրանսպորտային բեռնվածության մակարդակը։

Միաժամանակ փողոցի կառուցումը կունենա նաև բնապահպանական նշանակություն: Հայտնի է, որ այսօր Երևանում օդի աղտոտվածության և աղմուկի հիմնական աղբյուրը հանդիսանում է ավտոտրանսպորտը»,- ասված է կառավարության որոշման մեջ։

Հանրային գերակա շահ ճանաչված սեփականության օտարման գործընթացն սկսելու վերջնական ժամկետ է սահմանվել 2022 թվականի հունվարի 1-ը։

Դեկտեմբերի 24-ին Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանն էր հայտնել, որ Մամիկոնյանց (Ֆուրմանով) և Արամ Խաչատրյան փողոցները իրար կապող նոր փողոց կկառուցվի:

Մեկնաբանել