Ե՞րբ են մեր ռազմագերիներին վերադարձնելու․ ՓՊ նախագահը՝ վարչապետին

ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանն իր ֆեյսբուքյան էջում մի քանի հարց է ուղղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Մասնավորապես Զոհրաբյանը պահանջել է «հրապարակել 2020-ի նոյեմբերի 9-ին ստորագրված փաստաթղթում չնկարագրված Ադրբեջանի հետ ձեռք բերված գրավոր և բանավոր բոլոր պայմանավորվածությունները»:

Նա նաև գրել է․

«Միաժամանակ պահանջում եմ տալ հետևյալ հարցերի պատասխանները՝

– Ալիևի հետ Նիկոլ Փաշինյանն անձա՞մբ է հաղորդակցվում, թե՞՝ միջնորդավորված.
– արդյո՞ք Սյունիքի մարզում տեղի ունեցած ցավոտ և միակողմանի զիջումները սպասվում են Հայաստանի Հանրապետության մյուս մարզերում, մասնավորապես Արարատի, Տավուշի և Գեղարքունիքի մարզերում.
– ե՞րբ են մեր ռազմագերիներին վերադարձնելու:
Հ.Գ. Առաջարկում եմ մեր հայրենակիցներին միանալ այս հարցապնդումներին»:

Ի դեպ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ բանավոր պայմանավորվածության մասին դեկտեմբերի 27-ին խոսել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ասելով, թե եղել է «բանավոր ըմբռնում»։ Առաջին ալիքի հետ զրույցում նա հիշեցրել է, թե նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրման պահին Կուբաթլույի և Զանգելանի 90 և ավելի տոկոսը արդեն իսկ ադրբեջանական զինուժի վերահսկողության ներքո էր։

«Եղել է բանավոր ըմբռնում այդ համատեքստում, որ այդտեղ մենք պետք է սահմանային կետերի, ոչ թե սահմանի, այլ որոշակի կետերի ճշգրտում իրականացնենք։ Այն ժամանակ, երբ պարզ է եղել, որ այդ հարցի շուրջ կարող է բռնկվել նոր պատերազմ ու անցում կատարել Սյունիքի մարզ, մենք միջոցներ ենք ձեռնարկել Սյունիքի անվտանգությունն ապահովելու համար»,- հայտնել է Նիկոլ Փաշինյանը։

Դեկտեմբերի 28-ին հայտնի դարձավ, որ Հայաստան են վերադարձել 4 գերիներ՝ Ռուսաստանի Դաշնության և Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի միջնորդությամբ։ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նաև հայտնեց, որ գերիների փոխանակման գործընթացը շարունակվելու է։ Թե քանի գերի կա Ադրբեջանում, պարզ չէ, Հայաստանի և Արցախի մարդու իրավունքների պաշտպանները մի քանի անգամ հայտարարել են, թե ադրբեջանական կողմը հստակ թիվը թաքցնում է և արհեստականորեն ձգձգում է գերիների փոխանակմանը գործընթացը։