Ջաբրայիլ-Հադրութ ուղղությունից հայտնաբերվել է 9 աճյուն, որից 3-ը՝ քաղաքացիական անձի

Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության փրկարարական ջոկատների որոնողական աշխատանքների արդյունքում 2021-ի հունվարի 4-ի դրությամբ, ընդհանուր առմամբ հայտնաբերվել է 1184 աճյուն, որոնց մեջ կան նաև քաղաքացիական անձանց մարմիններ: Այս մասին հաղորդում են ծառայությունից՝ հավելելով, որ հունվարի 3-ին Արցախի հարավային (Հադրութ-Մեխակավան) ուղղություններից 20 մարմին է հայտնաբերվել, որից մեկը քաղաքացիական տարեց մարդու աճյուն էր՝ Կարմրակուճ գյուղի տարածքից: Նրա ինքնությունը պարզելու համար կատարվում է դատաբժշկական փորձաքննություն:

Հունվարի 4-ին Մեխակավան (Ջաբրայիլ)-Հադրութ ուղղություններից հայտնաբերվել է 9 աճյուն: Նրանց մեջ եղել են նաև 3 քաղաքացիական անձինք (երկու կին, մեկ տղամարդ):

Որոնողափրկարարական աշխատանքներն այսօր շարունակվում են Թալիշ-Մատաղիս, Հադրութի շրջան և Վարանդայի (Ֆիզուլի) ուղղություններում:

«Ծառայության տնօրեն, գեներալ-մայոր Կարեն Սարգսյանի միջամտությամբ աշխատանքներին մասնակցում են նաև զոհված կամ անհետ կորած զինծառայողների հարազատները, ինչպես նաև տարածքներին ծանոթ ուղեկցողները կամ ռազմագործողություններին մասնակցած կամավորները:

Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության փրկարարական ջոկատները 2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր շարունակում են որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնել թշնամու վերահսկողության տակ անցած տարածքներում՝ որտեղ սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 9-ը ռազմագործողություններ են տեղի ունեցել»,- ասված է պետական ծառայության հաղորդագրության մեջ: