ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Գևորգ Սիմոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե վերջին օրերի ընթացքում տարբեր աղբյուրներից տեղեկանում է, որ մարտական գործողությունների ժամանակ վիրավորում ստացած զինծառայողների արտերկիր տեղափոխման և արտերկրում բուժօգնությունը շարունակելու նպատակով սոցիալական ցանցերում դրամահավաքներ են կազմակերպվում:
«Հարկ եմ համարում նշել, որ մարտական գործողությունների ընթացքում տուժած քաղաքացիների և զինծառայողների բուժօգնությունը, այդ թվում հետագա վերականգնողական բուժումը իրականացվել, իրականացվում և իրականացվելու է բացառապես անվճար` պետական պատվերի շրջանակներում:
Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում բուժման (հետազոտության) օբյեկտիվ անհնարինության դեպքում զինծառայողների օտարերկրյա պետություններ բուժման (հետազոտության) ուղարկելու հետ կապված բոլոր ծախսերը ևս կծածկվեն պետության կողմից (21 ապրիլի 2016 թվականի N 410-Ն կառավարության որոշում):
Այսպիսով, կոչ եմ անում դրամահավաքներին մասնակից լինելուց առաջ խորապես ուսումնասիրել և հասկանալ դրանց նպատակները»,- նշել է Սիմոնյանը: