Արա Այվազյանն ու Արայիկ Հարությունյանը քննարկել են գերիների անվտանգ հայրենադարձման հարցերը

Հունվարի 5-ին Արցախ կատարած աշխատանքային այցի շրջանակներում Հայաստանի արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը հանդիպում է ունեցել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ:

ԱԳՆ-ից հայտնում են, որ շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` նախարար Այվազյանը կարևորել է Արցախի և Հայաստանի պատկան մարմինների միջև տարբեր մակարդակներով ինտենսիվ փոխշփումների և խորհրդակցությունների դերը` որպես արդյունավետ ձևաչափ փոխադարձ կարևորություն ներկայացնող հարցերը տեղում հասցեագրելու և ներկա պայմաններում հետագա համագործակցության շրջանակներն ուրվագծելու համար:

Նախագահ Հարությունյանը և նախարար Այվազյանը համապարփակ քննարկում են ծավալել Արցախի դեմ թուրք-ադրբեջանական ագրեսիան կանգնեցնելու նպատակով նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարության դրույթների կատարման, այդ թվում, գերիների և պատանդի կարգավիճակում հայտնված քաղաքացիական անձանց անվտանգ հայրենադարձման և հակամարտության գոտում կայունության և խաղաղության հաստատմանն առնչվող հարցերի շուրջ:

Հանդիպման օրակարգի առանցքային թեմաներից էին պատերազմի հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար իրավիճակի կարգավորման, այդ թվում՝ պատերազմի հետևանքով տեղահանված արցախահայության` իրենց բնակավայրերը վերադառնալու պայմանների ստեղծման, տուժած ենթակառուցվածքների վերականգնման, սոցիալ-տնտեսական հետևանքների վերացման ուղղությամբ իրականացվելիք ծրագրերի հարցերը:

Երկուստեք շեշտվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական կարգավորման առաջնահերթությունը, որի հիմքում ընկած պետք է լինի Արցախի ժողովրդի ինքնորոշման և անվտանգության իրավունքի ճանաչումը:

Մեկնաբանել