Արցախի տարածքների դեօկուպացիան հակամարտության կարգավորման առանցքներից է․ ԱԳՆ

Հունվարի 5-ին հանդիպել է ԱԳ նախարար Արա Այվազյանի աշխատանքային այցն Արցախի Հանրապետություն. նախարարը հանդիպեց Արցախի նորանշանակ ԱԳ նախարար Դավիթ Բաբայանի հետ։

ԱԳՆ-ից հայտնում են, որ արտգործնախարարները հանգամանալից քննարկել են Արցախի ժողովրդի դեմ թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրությունը և նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների կյանքի կոչմանը, արցախահայության առջև ծառացած հիմնախնդիրների հասցեագրմանն առնչվող հարցերի լայն շրջանակ։  Այս համատեքստում ԱԳ նախարարներ Այվազյանն ու Բաբայանն ընդգծել են միջազգային մասնագիտական կառույցների` տեղում ներգրավման անհրաժեշտությունը՝ համընդգրկուն լուծումներ ապահովելու նպատակով:

Երկուստեք շեշտվել է, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ հաստատված հրադադարը հիմք է ստեղծում Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման գործընթացի վերսկսման շուրջ քննարկումներ անցկացնելու համար՝ մրջնորդության միջազգային մանդատ ունեցող միակ ձևաչափի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում։ Որպես հակամարտության քաղաքական կարգավորման առանցք` նշվել է Արցախի ժողովրդի ինքնորոշման և անվտանգության իրավունքի ճանաչումը, Արցախի՝ ադրբեջանական օկուպացիայի տակ հայտնված տարածքների դեօկուպացիան և արցախահայության իրավունքների վերականգնումն ու պաշտպանությունը։

Հանդիպման շրջանակներում Հայաստանի և Արցախի ԱԳ նախարարներ Արա Այվազյանը և Դավիթ Բաբայանը ստորագրել են Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև 2021թ. խորհրդակցությունների պլան:

Այնուհետև հանդիպումը շարունակվել է ընդլայնված կազմով՝ Արցախի Հանրապետության ԱԳՆ ղեկավար կազմի մասնակցությամբ: Նախարար Այվազյանը նշել է, որ այժմ թևակոխել ենք մի փուլ, երբ դիվանագիտության դերն ու նշանակությունն առանցքային դիրքերում են հայտնվել: «Այս փուլում մեր համագործակցությունը նույնպես առանցքային նշանակություն է ձեռք բերում: Այդ իսկ պատճառով, մեր քննարկումերը հետայսու ավելի ինտենսիվ և ներառական բնույթ են կրելու։ Մենք ունենք հստակ նպատակներ մեր առաջ դրված խնդիրների հասցեագրման համար, և այս նպատակին են ծառայեցվելու մեր բոլոր ռեսուրսները և մեր ողջ ներուժը»։