Ադրբեջանը միշտ է եղել ցանկում, որևէ փոփոխություն տեղի չի ունեցել․ ԱԳՆ մեկնաբանությունը

Հունվարի 8-ին լրատվամիջոցներում տարածվեց այն երկրների ցանկը, որոնք Հայաստանի հետ առանց վիզային ռեժիմի երկկողմանի այցելության կարգավիճակ ունեն։ Ուշադրության արժանացավ այն փաստը, որ այդ ցանկում է նաև Ադրբեջանը։ 

Արտաքին գործերի նախարարի մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը, անդրադառնալով փոխադարձության սկզբունքով՝ առանց մուտքի վիզայի, ցանկում Ադրբեջանի առկայությանը, ՍիվիլՆեթին հայտնեց՝ դա միշտ է այդպես եղել. «Ադրբեջանի առկայությունն այդ ցանկում 1992-ի հոկտեմբերի 9-ին ԱՊՀ շրջանակում Բիշքեկում ստորագրված համաձայնագրի հիման վրա է, որով ԱՊՀ երկրների միջև սահմանվել է առանց վիզայի ռեժիմ»։ 

Անդրադառնալով դեկտեմբերի 17-ի ցանկին՝ Նաղդալյանը նշեց՝ որևէ փոփոխություն չի եղել, պարզապես ամեն տարեվերջին ԱԳՆ կայքում տվյալներ են թարմացվում. «Ես չգիտեմ, թե ով է նման «հրաշալի» գաղափարով հանդես եկել, որ հիմա շահարկվում է։ Դա եղել է միշտ»։ 

Նշենք, որ համացանցում առկա է նաև նույն ցանկի՝ 2019-ին հաստատված տարբերակը։

***

Նյութն արդեն պատրաստ էր հրապարակման, երբ ԱԳՆ-ն հանդես եկավ պարզաբանմամբ. «1992թ. հոկտեմբերի 9-ին Բիշքեկում ստորագրված ԱՊՀ անդամ պետությունների քաղաքացիների՝ իրենց տարածքով առանց վիզայի տեղաշարժման մասին Համաձայնագրով սահմանվել է միմյանց տարածք քաղաքացիների առանց վիզայի մուտքի, ելքի և տեղաշարժի ռեժիմ, այդ ընթացակարգերը ներպետական օրենսդրությամբ կարգավորելու հնարավորություն, ինչպես նաև տեղաշարժի նկատմամբ սահմանափակումներ կիրառելու և այլ ներքին կարգավորումներ սահմանելու իրավասություն։ Հետագայում, ԱՊՀ անդամ մի շարք պետությունների հետ առանց մուտքի վիզայի այցելությունների ռեժիմը լրացվել կամ փոխարինվել է երկկողմ համաձայնագրերով։ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի քաղաքացիների համար վերոնշյալ համաձայնագրի իրավական նորմերը de facto չեն գործում և առանձնահատուկ դեպքերում երկու երկրների քաղաքացիների մուտքը Հայաստանի Հանրապետություն կամ Ադրբեջան փաստացի իրականացվում է հատուկ թույլտվության հիման վրա՝ իրավասու մարմինների անմիջական հսկողության ներքո։ Համաձայն «Օտարերկրացիների մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի՝ օտարերկրացիների Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու պայման է սահմանային հսկողություն իրականացնող Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի (սահմանապահ ծառայության) թույլտվությունը, որը կիրառվում է ցանկացած օտարերկրացու պարագայում՝ անկախ վիզային ռեժիմից կամ անկախ վիզայի պահանջից։ Վերոնշյալ տեղեկությունը մշտապես հասանելի է եղել ՀՀ ԱԳՆ կայքէջում»:

Մկրտիչ Կարապետյան