Շուռնուխի բնակչի անասնաշենքը GPS-ի արդյունքում բաժանվել է «ադրբեջանական» և «հայկական» մասերի․ ՄԻՊ

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը սահմանային դարձած բնակավայրերի բնակիչների հետ հանդիպումների, համայնքային մարմինների հետ քննարկումների ու ուսումնասիրությունների արդյունքներով գրառումներ է արել։ Նա մասնավորապես անդրադարձել է Շուռնուխ գյուղում ստեղծված իրադրությանը։

«Շուռնուխ գյուղի բնակիչ Ստյոպա Մովսիսյանի տան ուղիղ հարևանությամբ գտնվող նրան պատկանող անասնաշենքը GPS [գլոբալ տեղորոշման] համակարգի կամ Գուգլ քարտեզի (Google Map) կիրառության արդյունքում բաժանվել է 2 մասի` «ադրբեջանական» և «հայկական»:

Ընդ որում, ինչպես տան, այնպես էլ անասնաշենքի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցումը հաստատված է ՀՀ կադաստրի կոմիտեի վկայականներով:

Հենց այդ տան տարածքում մենք փորձեցինք Գուգլ (google) քարտեզների մի քանի տարբերակներ, որոնցից ամեն մեկը ցույց տվեց տարբեր արդյունք, այդ թվում՝ Ստյոպա Մովսիսյանի տունը ու Շուռնուխ գյուղն ամբողջությամբ ներկայացնելով Հայաստանի Հանրապետության տարածքի մաս:

Ավելացնեմ, որ կոնկրետ հարցն այն աստիճան է խնդրահարույց, որ Ստյոպա Մովսիսյանի հենց սեփական տան շենքի անմիջապես դիմաց` տնամերձ հողամասի մեջ տեղակայված է ՀՀ Սահմանապահ զորքերի վերակարգ, իսկ նրա տան անմիջապես հարևանությամբ` գյուղի մի մասի ադրբեջանական լինելու ադրբեջաներենով ցուցանակ է: Սահմանապահ զորքերի մեր տղաներն անձնուրաց ու հերոսաբար են ծառայում. հարցը բոլորովին այլ է, որ վերաբերում է կիրառվող մեթոդի կամ սկզբունքի անընդունելիությանը:

Ցավոք, այսօր նման պատմությունները բազմաթիվ են. Նման կոնկրետ օրինակներն են հենց ապացուցում, որ սահմանների որոշման մինչ այս պահը կիրառվող մոտեցումների, GPS կամ Գուգլ քարտեզի (Google Map) մեխանիկական կիրառության պատճառով վտանգվել, իսկ հատկապես սեփականության ու մի շարք այլ իրավունքների դեպքում կոպտորեն խախտվել են ՀՀ սահմանային բնակիչների իրավունքները:
Մարդիկ սեփականության վկայականներով անգամ չեն կարողանում օգտվել իրենց գույքից:
Ուստի, Հայաստանի Հանրապետության պետական սահմանների որոշման հարցում նման մեխանիկական մոտեցումները, նման արագությամբ գործընթացները պետք է ուղղակի բացառվեն:

Անհրաժեշտ են մասնագիտական մոտեցումներ, գիտական հետազոտությունների արդյունքներ, տեղում հանձնաժողովային մանրամասն աշխատանքներ, պատշաճ իրավական հիմքեր և այլն»,- գրել է Թաթոյանը։

Մեկ այլ գրառմամբ նա տեղեկացրել է, որ ուսումնասիրություններ են կատարվել Կապանի օդանավակայանի վարչական շենքի և թռիչքուղիների տարածքներում, որոնց անմիջական հարևանությամբ են գտնվում ադրբեջանական տեղակայման վայրերը:

«Ուսումնասիրությունները վկայում են, որ վտանգներ են առաջացել ոչ միայն Կապանի օդանավակայանի, այլ նաև Կապանից Երևան տանող (Մ2) միջպետական ճանապարհով տեղաշարժի ու Կապան քաղաքի մի շարք բնակելի վայրերի համար:

Կապան քաղաքի օդանավակայանի և մի շարք գյուղերի տարածքներում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի այցի ընթացքում հենց տեղում Գուգլ (Google) և առցանց քարտեզների մի քանի այլ տարբերակներ ցույց են տվել տարբեր արդյունք, այդ թվում՝ մի քանի դեպքում Կապանից Ճակատեն գյուղ տանող ճանապարհը, ինչպես նաև Կապանի օդանավակայանի այն հատվածները, որոնցում տեղակայված են ադրբեջանական ուժերը, ամբողջությամբ ներկայացնելով Հայաստանի Հանրապետության տարածքի մասեր»,- նշել է ՄԻՊ-ը։

Մեկնաբանել