Հունվարի 11-ին Մոսկվայում կանցկացվի Պուտինի, Փաշինյանի և Ալիևի եռակողմ հանդիպում

Հունվարի 11-ին ՌԴ նախագահի նախաձեռնությամբ Մոսկվայում կանցկացվեն Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարներ Վլադիմիր Պուտինի, Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի եռակողմ բանակցությունները։

Ըստ Կրեմլի պաշտոնական կայքի՝ նախատեսվում է քննարկել 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության իրագործման ընթացքը և տարածաշրջանում առկա խնդիրների լուծման հետագա քայլերը։

«Հատուկ ուշադրություն է դարձվելու աջակցության ցուցաբերմանը այն շրջանների բնակիչներին, որոնք տուժել են ռազմական գործողությունների արդյունքում, քննարկվելու է նաև առևտրատնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակումն ու զարգացումը։

Բացի այդ, նախատեսված են Պուտինի առանձնազրույցները Ալիևի և Փաշինյանի հետ»,- ասված է հաղորդագրությունում։

ՀՀ վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը հայտնում է․

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 11-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն:
Մոսկվայում նախատեսված է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը: Այցի շրջանակում վարչապետը նաև առանձնազրույց կունենա ՌԴ նախագահի հետ:

Նշեմ, որ եռակողմ հանդիպման նախապես պլանավորված օրակարգը տնտեսական բնույթ ունի, որը վերաբերում է տարածաշրջանային կոմունիկացիաների բացմանը, միջազգային բեռնափոխադրումների իրականացմանը՝ այդ թվում Հայաստանից դեպի Ռուսաստանի Դաշնություն, Իրանի Իսլամական Հանրապետություն, ինչպես նաև Հայաստանի կենտրոնական հատվածներից դեպի Սյունիքի մարզ: Ադրբեջանական կողմը և հայկական որոշ շրջանակներ անընդհատ շրջանառում են այսպես կոչված «Մեղրիի միջանցքի» թեման, սակայն ինչպես բազմիցս նշվել է՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ չկա ոչ Մեղրի, ոչ էլ Հայաստանի տարածքով միջանցք ստեղծելու մասին որևէ դրույթ:

Հայկական կողմի համար, սակայն, անկյունաքարային և սկզբունքային է գերիների վերադարձի, ադրբեջանցիների թիկունքում մնացած մեր զինվորների որոնողափրկարարական աշխատանքների, զոհվածների մարմինների հայտնաբերման, անհետ կորածների ճակատագիրը պարզելու խնդիրը: Առանց այս հարցերի լուծման կամ էական առաջընթացի չափազանց դժվար կլինի տնտեսական օրակարգի արդյունավետ քննարկումը և հայկական կողմը այս խնդրի քննարկումը համարում է մոսկովյան հանդիպման առանցքային թեմաներից մեկը:

Ընդգծեմ նաև, որ Մոսկվայում Ղարաբաղի հարցի կամ տարածքային որևէ հարցի լուծմանը վերաբերող փաստաթղթի ստորագրում չի նախատեսվում: Եթե հանդիպման ընթացքում օրակարգային հարցերի, այսինքն՝ տնտեսական թեմաների, գերիների փոխանակման, անհետ կորածների հարցի շուրջ հնարավոր լինի հասնել համաձայնությունների, հնարավոր է հանդիպման արդյունքների վերաբերյալ համատեղ հայտարարության ստորագրում»։

***

Վերջին օրերին մամուլում և սոցցանցերում լուրեր են շրջանառվում այն մասին, որ արդարադատության նախարարությունն ստացել է հունվարի 11-ին՝ Մոսկվայում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպման ընթացքում ստորագրվելիք պայմանագրի նախնական տարբերակը: Այս առնչությամբ ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը հայտարարել է, որ գերատեսչությունը «որևէ պայմանագիր չի ստացել որևէ ընթացակարգի շրջանակում»։

«Ցավոք, ապատեղեկատվությամբ մարդկանց նկատմամբ հոգեբանական ճնշում գործադրելու գործելաոճը չի դադարում»,- նշել է Բադասյանը:

Մեկնաբանել