Հայաստանի ու Արցախի շահերի դեմ ցանկացած որոշում չեղարկվելու է իշխանափոխությունից հետո. Վազգեն Մանուկյան

Հայրենիքի փրկության շարժումը՝ ի դեմս շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի, հայտարարություն է տարածել հունվարի 11-ին Մոսկվայում կայանալիք՝ Պուտին-Փաշինյան-Ալիև եռակողմ հանդիպմանն ընդառաջ։ Հայտարարությունում նշվում է, որ «Հայաստանի ու Արցախի շահերի դեմ ընդունվող ցանկացած որոշում ճանաչվելու է ոչ լեգիտիմ, մերժվելու է հայ ժողովրդի կողմից, չի վավերացվելու ու չեղարկվելու է իշխանափոխությունից հետո»։ Հայտարարությունը՝ ստորև․

«Հունվարի 11-ին նախատեսված Նիկոլ Փաշինյան-Իլհամ Ալիև հանդիպման հետ կապված բազմաթիվ մտահոգություններ և տագնապներ կան քաղաքական-հասարակական լայն շրջանակներում: Այդ հանդիպման արդյունքները կարող է վերածվել «նոյեմբերի 9»–ի կապիտուլյացիայի շարունակության։

Թեմայի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու նպատակով մենք նախաձեռնել էինք հանդիպում Արտաքին գործերի նախարարի, Ազգային անվտանգության ծառայության տնօրենի, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի հետ։
Օնիկ Գասպարյանն ու Արմեն Աբազյանը խուսափեցին հանդիպումից, ինչը խորացրեց մեր մտահոգություններն ու կասկածները։

Ողջունում ենք ԱԳ նախարար Արա Այվազյանի՝ մեզ հանդիպելու և որոշ հարցերի շուրջ պարզաբանումներ ներկայացնելու փաստը։

Հայրենիքի փրկության շարժումը հայտարարում է, որ Հայաստանի ու Արցախի շահերի դեմ ընդունվող ցանկացած որոշում ճանաչվելու է ոչ լեգիտիմ, մերժվելու է հայ ժողովրդի կողմից, չի վավերացվելու ու չեղարկվելու է իշխանափոխությունից հետո։

Ենթադրյալ համաձայնության բոլոր կողմերին զգուշացնում ենք, որ Նիկոլ Փաշինյանը չի ներկայացնում Հայաստանը և Արցախը, չունի համապատասխան մանդատ:

Հայրենիքի փրկության շարժումը կոչ է անում ՀՀ քաղաքացիներին տեր կանգնել մեր երկրին ու թույլ չտալ դավաճանության հաղթարշավ։

Մեր երկրի աղետալի ընթացքը կանգնեցնելու միակ տարբերակը դավաճան իշխանության հեռացումն է և մենք ամբողջ թափով շարունակելու ենք պայքարն այդ ուղղությամբ»։

***

Այսօր՝ ավելի վաղ, ռուսական և հայկական կողմերը գրեթե միաժամանակ հայտնեցին հունվարի 11-ին Մոսկվայում կայանալիք եռակողմ հանդիպման մասին, որին, ըստ պաշտոնական հաղորդագրությունների, քննարկվելու է 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության իրագործման ընթացքը։ Վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը տեղեկացրեց, որ Մոսկվայում «Ղարաբաղի հարցի կամ տարածքային որևէ հարցի լուծմանը վերաբերող փաստաթղթի ստորագրում չի նախատեսվում»։

Մեկնաբանել