Պուտինը և Մակրոնը քննարկել են Մոսկվայում կայանալիք եռակողմ հանդիպումը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ, որի ընթացքում քննարկվել են Մոսկվայում հունվարի 11-ին կայանալիք՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ հանդիպմանը վերաբերող մի շարք հարցեր: Հեռախոսացրույցը, ըստ Կրեմլի կայքի, տեղի է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործողությունների համակարգման շրջանակում։

Ընդգծվել է, որ հանդիպմանը նախևառաջ նախատեսվում է դիտարկել տարածաշրջանում խաղաղ կյանքի վերականգնման հետագա քայլերը՝ հաշվի առնելով 2020թ. նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարության հետևողական իրականացումը։ Ֆրանսիայի նախագահը իր աջակցությունն է հայտնել ղարաբաղյան կարգավորմանը նպաստելու Ռուսաստանի ջանքերին:

Ընդգծվել է բախումներից տուժած բնակչությանը շտապ մարդասիրական օգնության տրամադրման կարևորությունը, այդ թվում՝ միջազգային մասնագիտացված կազմակերպությունների միջոցով:

Հունվարի 11-ին Մոսկվայում կանցկացվի Պուտինի, Փաշինյանի և Ալիևի եռակողմ հանդիպում։

Մեկնաբանել