Հայաստանի կացարաններում բնակվում է հազարից ավելի արցախցի

Հայաստանի տարբեր մարզերի կացարաններում ժամանակավոր բնակվում է հազարից ավելի արցախցի, խոսքը, սակայն չի վերաբերում հյուրանոցներում և հյուրատներում բնակվողներին։ ՍիվիլՆեթի գրավոր հարցմանն ի պատասխան՝ հայտնել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։

«Արցախցիները ժամանակավոր հաստատվել են ՀՀ տարբեր մարզերում գտնվող երեսունից ավելի կացարաններում»,- փոխանցել են գերատեսչությունից։ 

Նշվում է նաև, որ նախարարությունը Արցախից ժամանակավորապես Հայաստան տեղափոխված անձանց կացարաններով ապահովելու համար դրամական հատկացումներ չի ստացել ՀՀ պետական բյուջեից՝ բացառությամբ «Նորքի տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ի Աղավնաձորի մասնաճյուղի։ 

Հայաստանում արցախցիներին կացարան տրամադրած հանգստյան տների, հյուրանոցների ու հյուրատների՝ 2020-ի հոկտեմբերին կոմունալ ծառայությունների գծով առաջացած պարտքերի մարման համար հատկացվել են ֆինանսական միջոցներ։

Գերատեսչությունից փոխանցել են, որ զինվորական ծառայության ժամանակ զոհված (մահացած) զինծառայողների հուղարկավորության և այլ ծախսերի համար 2020-ի նոյեմբերի 30-ի դրությամբ ստացվել է 1 924 դիմում, որոնցից 1 554-ով տրամադրվել են վճարներ։

«Նոյեմբերի 30-ի դրությամբ «Աջակցություն զոհվածների ընտանիքներին» միջոցառման շրջանակում կատարվել է ֆինանսավորում 1 554 անձի համար՝ 108 մլն դրամի չափով հուղարկավորության ծախսեր և 153 անձի համար 21 մլն դրամ՝ գերեզմանների բարեկարգման և այլ ծախսերի համար»,- հայտնել է գերատեսչությունը։

Գևորգ Թոսունյան