Սահմանամերձ բնակավայրեր մեկնող ուսուցիչների աշխատավարձերը կավելանան

2021-ի հունվարից ՀՀ սահմանամերձ կամ բարձրլեռնային բնակավայրերի պետական ուսումնական հաստատություններ մասնագետների գործուղման պայմանները փոխվելու են։ Այս մասին հայտնում է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։

Նոր կարգով գործուղվող ուսուցիչներին լրացուցիչ կհատկացվի.

•մասնագետի և նրա ընտանիքի անդամների տեղափոխման տրանսպորտային ծախսերը․ միայն միկրոավտոբուսային երթուղի լինելու դեպքում` միկրոավտոբուսային երթուղիների համար սահմանված սակագնի չափով, իսկ միկրոավտոբուսային և ավտոբուսային երթուղիներ լինելու դեպքում` ավտոբուսային երթուղիների համար սահմանված սակագնի չափով (նախկինում չի հատկացվել),

•գույքի տեղափոխման տրանսպորտային ծախսերը․ մինչև 50 կիլոմետր ճանապարհի համար՝ 10 000 դրամ, 50 կիլոմետրից ավելի յուրաքանչյուր 50 կիլոմետրի համար՝ 8 000 դրամ, բայց ոչ ավելի, քան 50 000 դրամը (նախկինում հատկացվել է գույքի տեղափոխման գումար՝ 15 000 դրամ),

•տարեկան չորս անգամ մշտական բնակավայր այցելելու համար տրանսպորտային ծախս․ միկրոավտոբուսային երթուղի լինելու դեպքում` միկրոավտոբուսային երթուղիների համար սահմանված սակագնի չափով, իսկ միկրոավտոբուսային և ավտոբուսային երթուղիներ լինելու դեպքում` ավտոբուսային երթուղիների համար սահմանված սակագնի չափով (նախկինում հատկացվել է ճանապարհածախսի փոխհատուցում` տարեկան մինչև 4 անգամ),

•բնակարանային վարձի գումար՝ ըստ մարզերի տրված սահմանաչափով (10 000-33 000 դրամ, նախկինում հատկացվել է բնակարանի վարձ՝ ամսական 10 000 դրամ),

•կոմունալ ծախսերի համար՝ ամսական 10 200 դրամ (նախկինում հատկացվել է կեցության այլ ծախսեր՝ ամսական 5 000),

•աշխատավարձի հավելում՝ 30 տոկոսի չափով (նախկինում չի հատկացվել),

•վերոնշյալ հատկացումները տրամադրվում են մարզպետարանների (նախարարության ենթակայությամբ գործող հաստատության դեպքում) կողմից՝ եռամսյակային կտրվածքով։

Համաձայն նոր կարգի՝ ԿԳՄՍ նախարարությունն այսուհետ կստեղծի և կվարի սահմանամերձ կամ բարձրլեռնային բնակավայրերի պետական ուսումնական հաստատություններ գործուղվող մասնագետների թեկնածուների շտեմարան։ Ցանկացողները կարող են դիմել՝ ներկայացնելով դիմումի համապատասխան ձև։

Նախարարությունը ակնկալում է, որ նոր կարգը հեռավոր համայնքներում կլրացնի ուսուցիչների պակասի խնդիրը։

Մեկնաբանել