Տրանսպորտային կոմունիկացիաների ապաշրջափակումը բխում է Երևանի և Բաքվի շահերից․ Ալիև

Տրանսպորտային կոմունիկացիաների ապաշրջափակումը բխում է Երևանի և Բաքվի շահերից, հայտարարել Է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ բանակցություններից հետո, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

«Այն հայտարարությունը, որն այսօր ստորագրվել է, խոսում է մեր մտադրությունների մասին, քանի որ ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ հայտարարության կետերից մեկը տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումն էր։ Սա այն ասպարեզն է, որը կարող է մեծ դինամիզմ հաղորդել տարածաշրջանի զարգացմանը, ինչպես նաև ամրապնդել անվտանգությունը, որովհետև տրանսպորտային կոմունիկացիաների բացումը բխում է Ադրբեջանի, Հայաստանի, Ռուսաստանի՝ մեր հարևանների շահերից։ Վստահ եմ, որ հարևան երկրները ևս ակտիվորեն կներգրավվեն տրանսպորտային միջանցքների ստեղծման և մեր տարածաշրջանում տրանսպորտային զարկերակների ճյուղավորված ցանցի ստեղծման մեջ»,- ասել է Ալիևը։

Լեռնային Ղարաբաղի հարցով Մոսկվայում Ադրբեջանի, Հայաստանի եւ Ռուսաստանի ղեկավարների հանդիպումը խոսում է այն մասին, որ կողմերը տրամադրված են արդյունքի, հայտարարել է Ալիևը:

«Հրադադարից անցել է երկու ամիս, և հանգամանքը, որ այսօր Մոսկվայում հավաքվել են երեք երկրների առաջնորդները, որոնք ստորագրել են նոյեմբերի 9-10-ի հայտարարությունը, խոսում է այն մասին, որ մենք տրամադրված ենք արդյունքի, տրամադրված ենք գիծ քաշել այն գործողությունների տակ, որոնք տեղի են ունեցել սեպտեմբեր-նոյեմբերին»,- ասել Է Ալիևը։

Մեկնաբանել