Անպատասխան հարցեր եռակողմ երկրորդ հայտարարությունից հետո

Հունվարի 11-ին ստորագրված արդեն երկրորդ հայ-ռուս-ադրբեջանական եռակողմ հայտարարությունը մի շարք անպապտասխան հարցեր է թողնում։ Նախ, այնտեղ ոչինչ ասված չէ 2020 թ. նոյեմբերի 10-ին ստորագրված հայտարարության 8-րդ կետի կատարման մասին, որը վերաբերում է գերիներին, անհայտ կորածներին և զոհվածների մարմիններին։ Ադրբեջանը փաստացի կոպտորեն խախտել և խախտում է այդ կետը՝ հայ գերիների մի մասին հայտարարելով ահաբեկիչներ․․․

2021 թ. հունվարի 11-ին Մոսկվայում կայացած Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների հանդիպումն ավարտվեց եռակողմ հայտարարության ստորագրմամբ, որը վերաբերում է բացառապես 2020 թ. նոյեմբերի 10-ի հայտարարության 9-րդ կետի իրականացմանը։ Նախատեսվում է փոխվարչապետերի գլխավորությամբ աշխատանքային խմբի ձևավորում, որը պետք է մինչև 2021 թ. մարտի 1-ը ներկայացնի առաջարկներ և դրանց իրականացման ժամանակացույց տարածաշրջանային հաղորդակցության ուղիների վերագործարկման առնչությամբ։

Նույն օրը Վլադիմիր Պուտինի հետ կայացած առանձնազրույցի ընթացքում Ադրբեջանի նախագահը հայտարարեց, որ ավելի քան երեսնամյա ընդմիջումից հետո Ադրբեջանը Հայաստանի տարածքով կվերականգնի հաղորդակցությունը Նախիջևանի Ինքնավար Հանրապետության և վերջինիս միջոցով Թուրքիայի հետ, իսկ Հայաստանը հնարավորություն կունենա Ադրբեջանի տարածքով երկաթուղային կապ հաստատել Ռուսաստանի և Իրանի հետ։ Հայ-ռուսական երկկողմ բանակցությունների ընթացքում Հայաստանի վարչապետը նշեց, որ ձեռք բերված համաձայնությունները լրջորեն կմեծացնեն տարածաշրջանի ներդրումային գրավչությունը։

Հունվարի 11-ին ստորագրված արդեն երկրորդ հայ-ռուս-ադրբեջանական եռակողմ հայտարարությունը մի շարք անպապտասխան հարցեր է թողնում։ Նախ, այնտեղ ոչինչ ասված չէ 2020 թ. նոյեմբերի 10-ին ստորագրված հայտարարության 8-րդ կետի կատարման մասին, որը վերաբերում է գերիներին, անհայտ կորածներին և զոհվածների մարմիններին։ Ադրբեջանը փաստացի կոպտորեն խախտել և խախտում է այդ կետը՝ հայ գերիների մի մասին հայտարարելով ահաբեկիչներ, չհրապարակելով իր մոտ գտնվող գերիների թիվը և խոչընդոտներ ստեղծելով զոհերի մարմինների և Ադրբեջանի հսկողության տակ հայտնված տարածքում դեռևս ողջ մնացած զինվորների փնտրման աշխատանքների իրականացման գործում։

Հունվարի 11-ի հանդիպմանն ընդառաջ թե Հայաստանի վարչապետը և թե նրա մամուլի խոսնակը հրապարակային գրառումներ արեցին՝ պնդելով, որ Հայաստանի համար գերիների և անհայտ կորածների խնդիրը բացարձակ առաջնահերթություն է, և առանց այդ հարցում շոշափելի առաջընթացի ձեռք բերման՝ շատ դժվար կլինի առաջ շարժվել տնտեսական խնդիրների լուծման գործում։ Սակայն մոտ չորս ժամ տևած եռակողմ բանակցություններից հետո Հայաստանի վարչապետը ընդամենը ափսոսանք հայտնեց, որ գերիների հարցը չի լուծվել։ Այս հարցում առաջընթացի պակասից նա գանգատվեց նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին երկկողմ առանձնազրույցի ժամանակ՝ սակայն առանց որևէ շոշափելի ձեռք բերման։ Պուտինը բավարարվեց միայն հույս հայտնելով, որ հումանիտար խնդիրների շուրջ ևս կհաջողվի պայմանավորվածություններ ձեռք բերել։

Իրավիճակը, երբ Ադրբեջանն ակնհայտ կերպով խափանում է 2020 թ. նոյեմբերի 10-ի հայտարարության աբողջական իրականացումը՝ առանց իր համար որևէ բացասական հետևանքների, լուրջ հարցեր է առաջացնում ցանկացած այլ պայմանավորվածության, այդ թվում սեփական տարածքով դեպի Ռուսաստան և Իրան Հայաստանին հաղորդակցության ուղիներ տրամադրելու ամբողջական կատարման Ադրբեջանի պատրաստակամության վերաբերյալ

Ստեղծված իրավիճակը, երբ Ադրբեջանն ակնհայտ կերպով խափանում է 2020 թ. նոյեմբերի 10-ի հայտարարության աբողջական իրականացումը՝ առանց իր համար որևէ բացասական հետևանքների, լուրջ հարցեր է առաջացնում ցանկացած այլ պայմանավորվածության, այդ թվում սեփական տարածքով դեպի Ռուսաստան և Իրան Հայաստանին հաղորդակցության ուղիներ տրամադրելու ամբողջական կատարման Ադրբեջանի պատրաստակամության վերաբերյալ։ Ավելին, փաստացի ստեղծվել է իրավիճակ, երբ եռակողմ հայտարարությունը ստորագրած կողմերից մեկը իրեն կարող է հանգիստ թույլ տալ խախտել այն, և փաստացի չկա նրան պարտադրելու կամ պատժելու որևէ մեխանիզմ։

Երկրորդ կարևոր հարցը վերաբերում է 2020 թ. սեպտեմբերի 27-ից հետո Ադրբեջանի իրականացրած գործողությունների վերաբերյալ Հայաստանի պաշտոնական դիրքորոշմանը։ Ադրյոք Հայաստանը համարո՞ւմ է, որ Ադրբեջանը, կոպտորեն խախտելով Մինսկի խմբի շրջանակում ընթացող բանակցություններում ստանձնած պարտավորությունները, ագրեսիա է իրականացրել Արցախի Հանրապետության դեմ և օկուպացրել է Արցախի Հանրապետության տարածքի մոտ 75 տոկոսը՝ այդ ընթացքում կատարելով միջազգային հումանիտար իրավունքի բազմաթիվ խախտումներ և պատերազմական հանցագործություններ։ Թե՞ Հայաստանը գտնում է, որ Ադրբեջանը վերականգնել է միջազգային իրավունքն ու պատմական արդարությունը՝ ազատագրելով Հայաստանի կողմից ապօրինի օկուպացված տարածքները։

Եթե Հայաստանի պաշտոնական դիրքորոշման համաձայն Ադրբեջանը օկուպանտ և պատերազմական հանցագործություններ կատարած և կատարող պետություն է, ապա հարց է առաջանում, ինչպես է Հայաստանն առանց Ադրբեջանի կողմից իր կատարած հանցագործությունների փաստի ընդունման, դրանց կատարողների և կազմակեպիչների պատժման և հետևանքների վերացման Ադրբեջանի հետ ստեղծում համատեղ աշխատանքային խումբ տնտեսական հարաբերությունների կարգավորման հարցերի քննարկման համար։

Այս խնդրից բխում է նաև ներկայումս փաստացի ռուսական պրոտեկտորատի վերածված Արցախի Հանրապետության մի փոքր մասի նկատմամբ Հայաստանի դիրքորոշման հարցը։ Եթե Հայաստանը չի համարում, որ առնվազն Շուշին, Հադրութի շրջանը և նախկին ԼՂԻՄ-ի այլ տարածներ օկուպացված են Ադրբեջանի Հանրապետության կողմից, ապա այդ տրամաբանությամբ պետք է Ադրբեջանի բաղկացուցիչ մաս ճանաչի նաև Ստեփանակերտը, Ասկերանը, Մարտակերտը և Մարտունին։ Հակառակ պարագայում կոմունիկացիոն հարցերով ստեղծվելիք աշխատանքային խմբի աշխատանքի ավարտին հայկական կողմը հստակ պետք է արձանագրի, որ հաղորդակցության վերականգնումը որևէ կերպ չի կարող ազդել Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության օկուպացված տարածքների կամ առնվազն դրանց մի մասի դեօկուպացիայի գործընթաց սկսելու Հայաստանի մտադրության վրա։

Հունվարի 11-ի եռակողմ հանդիպումը և ընդունված հայտարարությունը ևս մեկ անգամ փաստեցին, որ 2020 թ. նոյեմբերի 9-ից հետո ստեղծվել է մի իրավիճակ, երբ Ադրբեջանը կարող է ազատ խախտել ձեռք բերված ցանկացած պայմանավորվածություն, իսկ Հայաստանը չունի որևէ հնարավորություն դա թույլ չտալու

2021 թ. հունվարի 11-ի եռակողմ հանդիպումը և ընդունված հայտարարությունը ևս մեկ անգամ փաստեցին, որ 2020 թ. նոյեմբերի 9-ից հետո ստեղծվել է մի իրավիճակ, երբ Ադրբեջանը կարող է ազատ խախտել ձեռք բերված ցանկացած պայմանավորվածություն, իսկ Հայաստանը չունի որևէ հնարավորություն դա թույլ չտալու, այդ պարագայում հետագա քայլերի իրականացումից հրաժարվելու կամ առնվազն դրանք հետաձգելու համար։ Միևնույն ժամանակ ակնհայտ է, որ նույն իրավիճակը կարող է ստեղծվել Ադրբեջանի տարածքով դեպի Ռուսաստան կամ Իրան Հայաստանի համար ճանապարհներ տրամադրելու պայմանավորվածության դեպքում։ Ցանկացած մտացածին պատճառաբանութամբ Ադրբեջանը կարող է խախտել այդ պայմանավորվածությունները և Հայաստանը չի ունենա որևէ հնարավորություն, բացառությամբ Ռուսաստանի նախագահին ուղղված գանգատների, այդ իրավիճակը փոխելու համար։

Մեկնաբանել