Կաթողիկոսի կոնդակով Արարատի մարզում հիմնվել է Մասյացոտնի թեմ

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի կոնդակով հունվարի 11-ին Հայաստանում՝ Արարատի մարզում, հիմնվեց Մասյացոտնի թեմը: Տեղեկությունը ֆեյսբուքի իր էջում տեղադրել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Վահրամ քահանա Մելիքյանը։

Նորաստեղծ թեմի առաջնորդի պաշտոնում ծառայության է կոչվել Գերաշնորհ Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանը:

Հայրապետական կոնդակում մասնավորապես ասվում է. «Հավատավոր հայորդիների հոգևոր կարիքների բավարարման և հոգևոր-եկեղեցական կյանքի զորացման համար եկեղեցական մեր անդաստանում միշտ վերակազմակերպվել են թեմերը և հիմնադրվել նոր թեմեր։ Այսօր Հայրապետական այս կոնդակով Արարատյան Հայրապետական թեմից առանձնացնելով Արարատի մարզը և մարզի ծուխերը միավորելով՝ հաստատում ենք Մասյացոտնի թեմը՝ Արտաշատ առաջնորդանիստ քաղաքով ու կենտրոնով»։