Կառավարությունը վարում է բանկիրի հոգեբանությամբ քաղաքականություն

-Պարոն Նռանյան, ըստ Ձեզ՝ ի՞նչ պետք է անել, որ պաշտոնյան չզբաղվի բիզնեսով։

-Այսօրվա քաղաքական էլիտայի մտածելակերպը բիզնես մտածելակերպ է։ Նման մտածելակերպը կարող է շահեկան լինել, եթե զբաղվում ես գործարարությամբ, բայց վնասակար՝ երբ ղեկավարում ես պետությունը։ Եթե պետական խորհրդանիշը, մասնավորապես Հանրապետության հրապարակի շենքերը, դու պատրաստ ես վաճառել ինչ-որ տնտեսավարողից ներդրումներ ներգրավելու նպատակով, դու պարզապես չես հասկանում, որ արժանապատվությունը վաճառելով մեծ փողեր չես ներգրավի։ Կարծում եմ՝ մեր քաղաքական էլիտան նույնիսկ չի էլ տեսնում իր բիզնեսում ներգրավված լինելու վտանգները։

Կարևոր է, որ պետական մտածելակերպով մարդիկ գան իշխանության։ Այսօր մեր կառավարությունը վարում է բանկիրի հոգեբանությամբ քաղաքականություն։

-Ի՞նչ գործնական քայլեր են պետք, որ, օրինակ, Պետեկամուտների կոմիտեի աշխատակիցները բիզնեսով չզբաղվեն։

-Անհրաժեշտ է մշակել և իրագործել աշխատավարձերի միասնական ռազմավարություն։ Եթե քո երկրում նախագահի աշխատավարձը Դ400 հազ. է, վարչապետինը՝ Դ350 հազ., իսկ նախարարներինն ու պատգամավորներինը՝ Դ300 հազ., ընդ որում՝ հարկերը ներառյալ, ապա դու ըստ էության աշխարհին հայտարարում ես, որ քո երկրում գոյություն ունի կոռուպցիա։

Բոլորին էլ հասկանալի է, որ Դ150-200 հազ. աշխատավարձ ստացող պաշտոնյան, ըստ էության, չի կարող այդ գումարով իր պաշտոնական և սոցիալական դիրքին համարժեք ապրելակերպ ունենալ։

Միասնական աշխատավարձերի ռազմավարության մշակումն առաջին քայլն է այս ուղղությամբ։ Երկրորդն այն է, որ իշխանության և բարձր պաշտոններին պետք է լինեն մարդիկ, որոնք, ինչպես ասացի, չունեն բիզնես մտածելակերպ։ Պետական համակարգում պետք է աշխատեն պետական մտածելակերպի կրողները։

-Մի քանի տարի առաջ դատական համակարգում տեղի ունեցավ աշխատավարձերի կտրուկ բարձրացում, բայց այսօր էլ այդ համակարգի կոռումպացվածությունն ակնհայտ է։

-Միայն մեկ ոլորտում աշխատավարձերի բարձրացումը չի կարող հանգեցնել ողջ երկրում կոռուպցիայի վերացմանը։ Կոռուպցիան այս կամ այն պաշտոնյային գումար տալը չէ, այլ այն, երբ պաշտոնյան վարում է քաղաքականություն՝ ինչ-ինչ մարդկանց շահերից ելնելով։ Եթե մենք ինչ-որ ոլորտում աշխատավարձ ենք բարձրացնում, բայց չենք փոխում քաղաքական համակարգը, չենք կատարում համակարգային փոփոխություններ, չենք ապահովում արժանապատիվ աշխատավարձ մյուսների համար, չենք կարողանա խնդիրը լուծել։ Պարզապես ունենալու ենք մարդիկ, որոնք ավելի արտոնյալ են, քան պետական մյուս ծառայողները։

-ՀՅԴ նախընտրական ծրագրով առաջարկվում է այս կամ այն երկրից ներկրումը կապակցել տվյալ երկիր արտահանման հետ։ Չի՞ հակասում սա արդյոք Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կանոններին։

-Այս կերպ, ըստ էության, միավորվել են երկու դրույթներ։ Առաջինը. մենք տեսնում ենք, որ Հայաստանը միջպետական, միջգերատեսչական պայմանագրերի հիման վրա ներկրում է տարբեր ապրանքներ՝ տրանսպորտային միջոցներ, գյուղտեխնիկա և այլն։ Շատ ու շատ երկրներ օգտվում են միջպետական առևտրային պայմանագրերի ընձեռած հնարավորություններից։ Իսկ Հայաստանը, ահա, չունի առևտրային պայմանագիր որևէ երկրի հետ. այսինքն՝ պայմանավորվածություն՝ տվյալ երկրից ձեռք բերել որևէ ապրանք՝ փոխարենը առաջարկելով մեկ ուրիշը։ Սա չի հակասում ԱՀԿ պահանջներին, քանի որ իր մեջ որևէ հակամրցակցային տարր չի պարունակում։

Մեր ընդդիմախոսներն ասում են՝ քանի որ մենք ներկրող երկիր ենք, մենք կաշկանդված ենք և չենք կարող թելադրել։ Այս մեկնաբանությունն անհասկանալի է։ Եթե դու ներկրող ես ու ունես կանխիկ գումար, ըստ էության դու ես թելադրողը, նույն ապրանքները կարող ես ներկրել տասնյակ այլ երկրներից, և պետք է գնել այն երկրից, որը պատրաստ է քեզանից ապրանքներ ներկրել։ ԱՀԿ անդամ մի շարք երկրներ, տարիներ շարունակ, կիրառում են այս մեխանիզմը։

Երկրորդ. շատ երկրներում գործում է ներկրման քվոտավորում։ Մեր օրենսդրությունը սա թույլ է տալիս, մենք պարզապես առաջարկում ենք կիրառել մեխանիզմը, որը մինչ օրս չի կիրառվել։ Հայաստանում կան տնտեսավարողներ, որոնք իրականացնում են անսահմանափակ ներկրումներ, նրանք այդ քվոտավորման սահմաններում պետք է որոշակի ծավալների արտահանում ևս իրականացնեն։

-Ի՞նչ եք առաջարկում արտահանել այդ դեպքում՝ բացի հանքանյութից և կոնյակից։

-Հայաստանը կարող է շատ ու շատ ապրանքներ արտահանել։ Ընդունում եմ, որ մենք ունենք ծավալի խնդիր։ Նույն գյուղատնտեսությունը, որն ունի արտահանման ներուժ, պահանջում է նաև ծավալների ապահովում։ Շատ հաճախ, երբ քննարկում ենք այս կամ այն երկիր ապրանք արտահանելու հարցը, պարզվում է, որ այդ երկրի շուկան պատրաստ է մի քանի անգամ ավելի շատ գնել, քան մեր երկրում արտադրվում է։

-Դուք առաջարկում եք հանքարդյունաբերության ոլորտում կիրառել գերշահույթի ամրագրման ինստիտուտ՝ առաստաղ սահմանելով 25% շահութաբերությունը։ Արդյոք դա չի՞ բերի ոլորտից կապիտալի արտահոսքի և ներդրումների կրճատման։

-Մեկ ոլորտում շահութաբերության բարձր մակարդակը խոչընդոտում է տնտեսության մյուս ոլորտներում ներդրումները։ Այսօր հանքարդյունաբերության բարձր շահութաբերության հետևանքով օտարերկրյա ներդրումները հիմնականում ուղղվում են այդ ոլորտ և չեն հոսում տնտեսության այլ ճյուղեր։
Պաշտոնական տվյալներով՝ հանքարդյունաբերությունում այսօր շահութաբերությունը մոտ 100% է, ընդ որում՝ շահութաբերությունը հաշվարկվում է ընկերությունների կողմից արտադրանքի վաճառքի գներով, որոնք մի քանի անգամ ցածր են միջազգային գներից։ Բնականաբար, նման պայմաններում տնտեսավարողին տնտեսապես հետաքրքիր չէ ներդրումներ կատարել մեկ այլ ոլորտում, որտեղ շահութաբերությունն ավելի ցածր է։

Եթե մենք շարունակենք խթանել հանքարդյունաբերության ոլորտի ներդրումները, Հայաստանը կդառնա անապատ, որտեղ ապրել պարզապես հնարավոր չի լինի։ Եթե մենք ցանկանում ենք ապահովել ներդրումներ այլ ճյուղերում, պետք է հանքարդյունաբերությունում ներդնել գերշահույթի հարկման մեխանիզմ, և այն տնտեսավարողները, որոնք ցանկանում են լրացուցիչ եկամուտներ ստանալ, ներդրումներ կատարեն, օրինակ, նաև մետալուրգիայում։
Այսօր հանքարդյունաբերության հսկաները հայտարարում են, որ միջոցներ չունեն մետալուրգիական գործարանում €250-300 մլն ներդնելու համար։ Սա պարզապես ծիծաղելի է։

Այսօր Հայաստանից միջոցների արտահոսք է տեղի ունենում, ընկերություններն արտադրանքը երկու-երեք անգամ էժան գներով են վաճառում։ Նույն խնդիրը «Նաիրիտ»-ում էր, երբ արտադրանքն իրացվում էր միջազգայինից մի քանի անգամ ցածր գնով։