Ադրբեջանցիներից կաշառք ստանալու համար իտալացի քաղաքական գործիչը չորս տարով կազատազրկվի

Միլանի դատարանը իտալացի քաղաքական գործիչ Լուկա Վոլոնտեին մեղավոր է ճանաչել Ադրբեջանի ներկայացուցիչներից խոշոր կաշառքներ վերցնելու համար և դատապարտել է նրան չորս տարվա ազատազրկման՝ կոռուպցիայի համար․ այս մասին գրում է իտալական La Repubblica թերթը։

Վոլոնտեն, լինելով Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Եվրոպական ժողովրդական կուսակցության խմբակցության ղեկավարը, կես միլիոն եվրո է ստացել Ադրբեջանի երկու ներկայացուցիչներից․ այդքան են գնահատվել Ադրբեջանի քաղաքական բանտարկյալների մասին զեկույցը չհաստատելուն ուղղված նրա ջանքերը։

Թերթի տվյալներով՝ դատարանը նմանատիպ որոշումներ է կայացրել Էլհան Սուլեյմանովի և Մուսլիմ Մամեդովի վերաբերյալ, որոնք Բաքվի շահերն էին առաջ մղում ԵԽԽՎ-ում և դրա համար խոշոր կաշառքներ էին տալիս իտալացի քաղաքական գործչին։

Միլանի դատախազությունը Վոլոնտեին մեղադրանքներ Էր առաջադրել դեռ 2016-ի հունիսին՝ 2012-2014 թվականներին գրեթե 2,4 մլն եվրո ստանալու համար։

ԵԽԽՎ պատմության մեջ նման կոռուպցիոն սկանդալ առաջին անգամ էր ծագում։

Միլանի դատախազության տվյալներով՝ Վոլոնտեն ստացել էր 2,39 մլն եվրո՝ Ադրբեջանի պաշտոնատար անձանց աջակցություն հայտնելու համար։ 2016թ. դեկտեմբերին Վոլոնտեն համաձայնել էր համագործակցել հետաքննության հետ և թվարկել եվրոպական բազմաթիվ քաղաքական գործիչների անուններ, որոնք ոչ անշահախնդրորեն առաջ էին տարել Ադրբեջանի շահերը։ Հարցումների ժամանակ Վոլոնտեն հաստատել էր 2,39 մլն եվրո գումարի ստացումը՝ Ադրբեջանի օգտին լոբբինգի համար: Գումարը օգտագործվել էր իտալացիներին և այլ խորհրդարանականներին կաշառք տալու համար, որոնք դեմ էին քվեարկել Ադրբեջանում մարդու իրավունքներերի խախտումները դատապարտող ԵԽԽՎ բանաձևերին։

ԵԽԽՎ-ն կքննարկի Ադրբեջանի «խավիարային դիվանագիտությունը»

ԵԽԽՎ-ն կհետաքննի իր անդամների՝ Բաքվից կաշառքներ ստանալու հարցը

Մեկնաբանել