«Իմ քայլը» Գագիկ Ջհանգիրյանին կառաջադրի ԲԴԽ անդամի թեկնածու

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ Գագիկ Ջհանգիրյանի հետ հանդիպումից հետո խմբակցությունը խորհրդակցել է և որոշել է նրան առաջադրել որպես ԲԴԽ անդամի թեկնածու։

Լիլիթ Մակունցի խոսքով՝ Գագիկ Ջհանգիրյանին ԲԴԽ անդամ ընտրելու հարցը կքննարկվի ԱԺ առաջիկա քառօրյա նիստի ընթացքում։

Ավելի վաղ Ջհանգիրյանը հայտարարել է, որ համաձայնել է «Իմ քայլը» խմբակցության կողմից առաջադրվել Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածու։ Նրա խոսքով՝ հանդիպման ժամանակ պատգամավորների հարցեր են ուղղել իրեն, որից հետո պետք է որոշում կայացնեն առաջադրելու վերաբերյալ․ «Չգիտեմ՝ կհաստատեն, թե կմերժի առաջարկը»,- ասաց Գագիկ Ջհանգիրյանը:

Նախկին զինդատախազը հայտարարում է՝ ոչ թե քաղաքական թիմի անդամ է դառնում, այլ գնում է մասնագիտական աշխատանքի։

«Իրավաբան-գիտնականը որևէ այլ ճանապարհ չունի ԲԴԽ կազմում հայտնվելու, բացի խմբակցությունների կողմից առաջադրվելուց։ Թվապես ավելի փոքր խմբակցությունների կողմից առաջադրումը երաշխիք չէ, ձայները չեն բավարարելու, որովհետև 3/5-րդ է պահանջվում ընտրության համար։ Բնականաբար, ես համաձայնել եմ մեծամասնության կողմից առաջադրվելուն։ Ես գործադիր իշխանություն չեմ գնում, քաղաքական պաշտոն չեմ ստանձնում, ես քաղաքական թիմի անդամ չեմ դառնում, ես գնում եմ մասնագիտական աշխատանքի»,- նշեց նա։

Գագիկ Ջհանգիրյանը նաև տեղեկացրեց, որ հունվարի 14-ին հանդիպում է ունենալու նաև «Լուսավոր Հայաստան» խմբակցության հետ։ Հուսով է, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության հետ էլ հանդիպումը կկայանա։

Հարցին, թե իշխանությունը ԲԴԽ նախագահի պաշտոնն է խոստացել, Գագիկ Ջհանգիրյանը պատասխանեց․ «ԲԴԽ նախագահը գործում է և ինչքան գիտեմ նա 1 տարուց ավելի ժամանակ ունի»։

«Ես իմ տեսլականը ունեմ թե դատական համակարգի, թե մնացած իրավապահ մարմինների կառուցվածքի, ֆունկցիաների, գործունեության վերաբերյալ»,- խոսելով ԲԴԽ գնալու նպատակների մասին ասաց Գագիկ Ջհանգիրյանը։

Մեկնաբանել