Ապաշրջափակման մասին հայտարարությունը որևէ առնչություն չի կարող ունենալ գերիների վերադարձի հարցին․ Մակունց

Գերիների վերադարձի հարցը և դրա շուրջ աշխատանքները եղել են և կան մեր առաջնահերթությունը․ ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում նման հայտարարություն արեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

Նրա խոսքով՝ հունվարի 11-ին Մոսկվայում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների հանդիպմանը քննարկվել են ինչպես գերիների վերադարձի, այնպես էլ տարածաշրջանի հաղորդակցության ուղիների ապաշրջափակման վերաբերյալ հարցերը։ Ըստ Լիլիթ Մակունցի՝ չորս ժամ տևած բանակցություններից երեքը նվիրված է եղել գերիների վերադարձին։

«Դա առաջնային հարց է, և բոլոր ջանքերը բոլոր հնարավոր հարթակներով պետք է գործադրվեն հումանիտար հարցը լուծելու համար։ Եւ՛ ԱԳՆ-ն, և՛ ԱԺ-ն՝ ԱԳՆ-ի հետ համագործակցությամբ, այդ աշխատանքներն անում են։ Հայտարարության տեքստը, որը ստորագրվեց Մոսկվայում օրեր առաջ, որևէ կերպ առնչություն չունի և չի կարող ունենալ հումանիտար նպատակով առաջադրվող առաջնահերթ խնդիրներին։ Դրանք չպետք է կապել մեկը մյուսի հետ»,- նշեց նա։

Մինչ Մոսկվա մեկնելը՝ հունվարի 8-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն էր կատարել․ «Հայաստանից դեպի Ռուսաստան և Ադրբեջանից դեպի Նախիջևան հաղորդակցության երթուղիների ընտրությունը առանձին քննարկման թեմա է, որի արդյունավետության կարեւոր պայման է գերիների, պատանդների, այլ պահվող անձանց, զոհվածների մարմինների փոխանակման, ինչպես նաեւ անհետ կորածների որոնողական աշխատանքների ծավալների եւ արդյունավետության բարձրացումը»։

Մեկնաբանել