Փաշինյանի պնդումները չեն համապատասխանում իրականությանը․ Մինսկի խմբի ՌԴ համանախագահ

ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը արձագանքել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝  «44-օրյա պատերազմի ծագումը» հոդվածին։ Պոպովի արձագանքը հրապարակվել է ՌԴ ԱԳՆ կայքում։

ՀԱՐՑ – Հայաստանի վարչապետ Ն. Վ. Փաշինյանը հրապարակել է «44-օրյա պատերազմի ծագումը» հոդվածը: Դրանում ասվում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ ռուսական առաջարկները չեն շոշափել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը եւ հանգել են միայն Ադրբեջանին յոթ շրջանների վերադարձի թեմային: Կարո՞ղ եք ասել մի քանի խոսք ռուսական առաջարկների էության մասին։

ՊԱՏԱՍԽԱՆ –  Ռուսական առաջարկների ներքո, հավանաբար, նկատի է առնվել փուլային կարգավորման ծրագիրը, որի վերջին խմբագրությունը կողմերին է փոխանցվել 2019թ. հունիսին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից:

Այդ պլանի հիմքում, որը հիմնականում համընկնում է Կազանի փաստաթղթի հետ, ընկած են Ղարաբաղյան կարգավորման հիմնարար սկզբունքները, որոնց թվում են առաջին փուլում Ադրբեջանին հինգ շրջանների վերադարձը, իսկ երկրորդում ՝ երկուսի վերադարձը, ընդ որում, ընդգծեմ հատուկ, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը որոշելու հետ կապելով։ Երևանի շահերն արտացոլող առաջին փուլի մյուս տարրերի թվում էին Լեռնային Ղարաբաղի իրավունքի ճանաչումը, որը կապահովեր նրա բնակչության լիարժեք կենսագործունեության կազմակերպումը, ԵԱՀԿ նիստերին ԼՂ ներկայացուցիչների մասնակցությունը, շրջափակման վերացումը, սահմանների բացումը, ուժի չկիրառման մասին կողմերի պարտավորությունների ընդունումը և այլն: Ուստի պնդել, որ Ռուսաստանն առաջարկել է վերադարձնել յոթ շրջանները «հենց այնպես», մոռանալ կարգավիճակի մասին և հանգստանալ, չի համապատասխանում իրականությանը։

Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի խնդրի լուծման տարբերակներին, ապա վերջին տարիներին բանակցային սեղանին դրված առաջարկները նախատեսում էին որպես վերջնական նպատակ, մեջբերում եմ. «Ընդ որում, քվեարկության դրվող հարցի կամ հարցերի ձեւակերպումները ոչնչով չեն սահմանափակվելու, իսկ քվեարկության ցանկացած արդյունք հարգվելու է Կողմերի կողմից»։ Ի դեպ, Լաչինի միջանցքի լայնությունը և կարգավիճակը նույնպես առաջարկվում էր դիտարկել միայն երկրորդ փուլում՝ Հաշվի առնելով Քելբաջարի և Լաչինի շրջանների վերադարձն Ադրբեջանին։

Ոչ հայկական, ոչ ադրբեջանական կողմերը չեն մերժել այդ առաջարկները, թեեւ լիակատար համաձայնության հասնել չի հաջողվել, բայց գլխավորը բանակցություններն էին կանոնավոր կերպով ընդհուպ մինչև 2018 թվականը, երբ Երևանն առաջ քաշեց նոր մոտեցումներ։