Ռուսաստանը բանակցային գործընթացը փակուղի տանելու մեջ մեղադրում է Փաշինյանին

ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը արձագանքել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝  «44-օրյա պատերազմի ծագումը» հոդվածին։ Ուշագրավ է և՛ արձագանքի փաստն ինքնին, և՛ բովանդակությունը:

Առաջին. թեև մինչև 2018-ը ո՛չ հայկական, ո՛չ ադրբեջանական կողմը չեն մերժել ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկայացված վերջին առաջարկները, բայց նաև ամբողջական համաձայնության հասնել հնարավոր չի եղել, սակայն, ըստ Պոպովի՝ «ամենից կարևորը այն է, որ բանակցությունները ընթացել են մշտապես մինչև 2018 թվականը, երբ Երևանը նոր մոտեցումներ առաջ քաշեց»։

Ռուսաստանը, փաստացի, բանակցությունները փակուղի տանելու մեջ մեղադրում է Նիկոլ Փաշինյանին:

Հայաստանի վարչապետը, մասնավորապես, ընդգծում էր, որ Արցախի ներգրավումը որպես հակամարտության երրորդ կողմ այլընտրանք չունի, կարգավորման որևէ տարբերակ պետք է ընդունելի լինի Հաայստանի, Արցախի և Ադրբեջանի հանրությունների համար, իսկ Արցախի կարգավիճակը տեսնում էր անկախությունը: Փաստացի, Փաշինյանը փորձում էր բանակցությունները սկսել նոր կետից՝ անդադար դժգոհելով վատ ժառանգությունից:

2019-ի օգոստոսին Փաշինյանը, ըստ էության, վերջին մեխը խփեց՝ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հայտարարելով՝ «Արցախը Հայաստան է և վերջ»:

Երկրորդ. պաշտոնական Մոսկվան հերքում է Նիկոլ Փաշինյանի ինչպես այս հոդվածում, այնպես էլ վերջին ամիսների նրա այն պնդումները, թե բանակցությունների սեղանին չի եղել փաստաթուղթ: Ե՛վ Փաշինյանը, և՛ նախկին արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը խուսափողական էին պատասխանում հրապարակային և մասնավոր զրույցներում այն հարցին, թե բանակցությունների սեղանին կա արդյոք փաստաթուղթ:

Պարզվում է՝ այն ոչ միայն եղել է, այլև ունեցել է ներկայացման հստակ ժամկետ․ 2019 թ. հունիսին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, ռուսական առաջարկների ներքո, հակամարտության կողմերին են փոխանցել փուլային կարգավորման ծրագիր:

Ընդ որում, ռուսաստանցի դիվանագետը շատ հստակ ներկայացրել է կարգավորման այդ առաջարկների էությունը՝ Մադրիդյան փաստաթղթից ածանցյալ Կազանի առաջարկների խմբագրված տարբերակ. առաջին փուլում հինգ շրջանի վերադարձ Ադրբեջանին, երկրորդ փուլում, երկու շրջանի՝ Քելբաջար և Լաչին: Լաչինի միջանցքի լայնությունը և կարգավիճակը առաջարկվում էր դիտարկել միայն երկրորդ փուլում՝ հաշվի առնելով Քելբաջարի և Լաչինի շրջանների վերադարձն Ադրբեջանին։

Պոպովը հատուկ ընդգծում է. «Երևանի շահերն արտացոլող առաջին փուլի մյուս տարրերի թվում էին Լեռնային Ղարաբաղի իրավունքի ճանաչումը, որը կապահովեր նրա բնակչության լիարժեք կենսագործունեության կազմակերպումը, ԵԱՀԿ նիստերին ԼՂ ներկայացուցիչների մասնակցությունը, շրջափակման վերացումը, սահմանների բացումը, ուժի չկիրառման մասին կողմերի պարտավորությունների ընդունումը և այլն: Ուստի պնդել, որ Ռուսաստանն առաջարկել է վերադարձնել յոթ շրջանները «հենց այնպես», մոռանալ կարգավիճակի մասին և հանգստանալ, չի համապատասխանում իրականությանը»։

Ռուսաստանցի համանախագահը Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի խնդրի լուծման տարբերակների մասին ասում է, որ վերջին տարիներին բանակցային սեղանին դրված առաջարկները նախատեսում էին որպես վերջնական նպատակ, քվեարկություն: Եվ ամենակարևորը՝ քվերակության հարցի կամ հարցերի ձևակերպումները ոչնչով չպետք է սահմանափակվեին, իսկ քվեարկության ամեն արդյունք կողմերը պետք է հարգեին:

Նիկոլ Փաշինյանը փորձում է ամեն գնով 44-օրյա պատերազմի մեղքը բարդել նախկինների վրա, ապացուցել, որ այդ պատերազմը անխուսափելի էր: Այդ նպատակին հասնելու համար նա դիմում է մանիպուլյացիաների, տարատեսակ ու կամային մեկնաբանությունների, որի ընթացքում, ի դեպ, ցույց է տալիս ղարաբաղյան կարգավորման գործընթացի մանրամասներից ու նրբություններից իր անտեղյակությունը

Նիկոլ Փաշինյանը փորձում է ամեն գնով 44-օրյա պատերազմի մեղքը բարդել նախկինների վրա, ապացուցել, որ այդ պատերազմը անխուսափելի էր: Այդ նպատակին հասնելու համար նա դիմում է մանիպուլյացիաների, տարատեսակ ու կամային մեկնաբանությունների, որի ընթացքում, ի դեպ, ցույց է տալիս ղարաբաղյան կարգավորման գործընթացի մանրամասներից ու նրբություններից իր անտեղյակությունը:

Սակայն ինչո՞ւ են ռուսներն արձագանքել Փաշինյանին: Ընդ որում, ուշադրություն դարձրե՛ք, Պապովը պատասխանել է ոչ թե լրագրողի հարցին, հարցազրույց է տվել, այլ արձագանքել է Ռուսաստանի ԱԳՆ կայքով:

Ամբողջ խնդիրն այն է, որ Փաշինյանը իր ոչ նրբանկատ մեկնաբանություններով ու հոդվածներով հարվածում է Ռուսաստանին որպես համանախագահող և միջնորդ պետություն՝ միաժամանակ վնաս հասցնելով հայ-ռուսական հարաբերություններին:

Թաթուլ Հակոբյան