Հնարավոր են բնակիչների գազի և էլէներգիայի ժամանակավոր անջատումներ

ՀՀ բնական գազի առաքումն ապահովող «Կարմիր Կամուրջ-Սևքար-Բերդ» գազատարի վրա վթարավերականգնողական աշխատանքներ կատարելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել հունվարի 14-ի ժամը 07:00-ից մինչև հունվարի 15-ը ժամը 07:00-ն դադարեցնել Վրաստանի տարածքով ՀՀ բնական գազի առաքումը: Այս մասին տեղեկացնում է «Գազպրոմ Արմենիան»։

«Հաշվի առնելով գազի ստորգետնյա պահեստ կայանից բնական գազի առնման ծավալների տեխնիկական հնարավորությունը (առավելագույնը 6,0 մլն.խմ/օր), վթարային կամ այլ անկանխատեսելի իրավիճակներից խուսափելու համար «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն որոշում է կայացրել հունվարի 13-ի ժամը 23:00-ից 24-ից մինչև 36 ժամով ընդհատել ԱԳԼՃԿ-ների և Երևանի ՋԷԿ-ի գազամատակարարումը»,- հայտնում է ընկերությունը։

«Գազպրոմ Արմենիա» խնդրում է մնացած բոլոր բաժանորդներին նշված ժամանակահատվածում հնարավորինս խնայողաբար օգտագործել բնական գազը։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն էլ տեղեկացնում է, որ հունվարի 14–ին ժամը 07։00–ից մինչև հունվարի 15–ը՝ ժամը 07։00–ն հնարավոր են բաժանորդներին մատակարարվող ոչ միայն գազի, այլ նաև էլեկտրաէներգիայի ժամանակավոր անջատումներ։

«Հայցում ենք սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության համար և վստահեցնում, որ ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցառումներն աշխատանքները նախանշված ժամկետում ավարտելու ուղղությամբ»,- ասվում է նախարարության հաղորդագրությունում։

Մեկնաբանել